Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մի քիչ Վարդան, մի քիչ Օսկանյան

Մի քիչ Վարդան, մի քիչ Օսկանյան
28.05.2015 | 12:36

Կեցցե Ֆեյսբուքը, որտեղ ի հայտ են գալիս՝ ովքեր ուզում են, որ իրենց գտնեն: Կեցցե Ֆեյսբուքը, որտեղ ասում են՝ ինչ ուզում են ու չեն ուզում: Կեցցե Ֆեյսբուքը, որտեղ… Ընդհանրապես Ֆեյսբուքը հանճարեղ հայտնագործություն է՝ բոլոր պարապների համար, ինքնարտահայտման կարիք ունեցողների, կարևոր ու այլ միջոցներով գրեթե անհնար հաղորդակցության, և այս ունիվերսալությունը Ֆեյսբուքը դարձնում է մի վայր, որտեղ եթե չկաս, ուրեմն չկաս նաև հասարակական կյանքում: Ահա և Ֆեյսբուքում հայտնվեց Վարդան Օսկանյանը: Երկար անհայտությունից հետո: Առաջ թվում էր, որ ԱԺ-ում հավերժական բացակայությամբ ներկա լինելու մենաշնորհ ունի միայն Գագիկ Ծառուկյանը: Հետո նրա մոնոպոլ դիրքը խարխլել սկսեց Վարդան Օսկանյանը: ԲՀԿ-1-ից ԲՀԿ-2-ին անցումը գուցե նա ավելի ծանր տարավ, քան ինքը՝ Գագիկ Ծառուկյանը: Գործնականում Գագիկ Ծառուկյանը վերադարձավ ելման դրություն՝ չկորցնելով ամենակարևորը՝ ֆինանսական կայսրությունը: Սկսվեցին ու այդպես էլ չեն ավարտվում նրան պատկանող ձեռնարկությունների ստուգումները, բայց դա ընդամենը երաշխիք է, որ նա չփորձի քաղաքականություն վերադառնալ: Քաղաքական դաշտը «մաքուր» պահելու երաշխիք՝ ՀՀԿ-ի համար: Իսկ ո՞ւր վերադառնա Վարդան Օսկանյանը: Նա, որ պատրաստ էր գլխավորել ԲՀԿ-ն, և կարող էր այդ գործն անել միանգամայն փառահեղ: Բայց ամբողջ խնդիրը հենց այդ փառահեղության մեջ էր՝ Վարդան Օսկանյանի գլխավորած ԲՀԿ-ն դառնալու էր քաղաքական և կառավարվելու էր բոլորովին այլ հասցեից ու մնալու էր ԲՀԿ-1, պարզապես առանց Գագիկ Ծառուկյանի, բայց՝ Ռոբերտ Քոչարյանով: Կուսակցությունը ինչ-որ պահի իրոք ուներ ընտրություն և կընտրեր, եթե ի սկզբանե չլիներ իշխանական նախագիծ, որի համար կարևորը ոչ թե գաղափարն է ընդհանրապես, որևէ գաղափար, որի առաջմղման համար կուսակցություն են ստեղծում, ծրագիր գրում ու սկսում մրցակցել, որ հաղթեն ու իրականացնեն, կարևորը իշխանությունն էր, նախ՝ մերձիշխանությունը, հետո, եթե ստացվի՝ հենց իշխանությունը: ԲՀԿ-ի նախորդ փորձերը նրան թողեցին մերձիշխանության դաշտում: Նախարարական տասնամյակից հետո Վարդան Օսկանյանի համար իսկապես դժվար էր առավոտը չսկսել Հանրապետության հրապարակից ու կյանքը սկսել գործնականում զրո կետից: Քաղաքական զրո կետից, ֆինանսական խնդիր չունենալով, բայց չունենալով նաև մեծ քաղաքականության մեջ ինքնուրույն մեծ դեմք դառնալու չափ կապիտալ: «Սիվիլիթասն» ու Հանթսմանը մխիթարություն էին, ոչ ավելին: Վարդան Օսկանյանին մեծ ասպարեզ էր պետք: Այսօր արդեն ակնհայտ է, որ ԲՀԿ-ն փոքր էր նրա համար: Ոչիշխանական քաղաքական ուժի ընդդիմադիր գործիչ՝ սա էր նրա ամպլուան: Նրան կուսակցություն չտվեցին, նրա համար կուսակցություն չստեղծեցին, նրան գործնականում մենակ թողեցին իր փորձի ու հիշողությունների հետ: Եվ Վարդան Օսկանյանը սկսեց նմանվել գնդապետին, որին ոչ ոք չէր գրում: Մեր օրերում՝ պահեստային գնդապետի, որ պատրաստ է ցանկացած պահի զորակոչի, առանց պայմաններ դնելու, առանց վարանելու, առանց հապաղելու: Իսկ օրերն անցնում են: Քաղաքականության մեջ որտեղից որտեղ հայտնվում են նոր դեմքեր ու նոր ալյանսներ, որ չունեն նրա փորձն ու հմտությունը, բայց ունեն՝ ինչ նա չունի, երիտասարդ են ու իռացիոնալ: Ֆեյսբուքում Վարդան Օսկանյանը գրել է. «Վերջին ժամանակներս որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում՝ անանուն աղբյուրներին հղում անելով, անգամ զանգեր եմ ստացել, թե փետրվարյան իրադարձություններից հետո իբր լքել եմ Հայաստանը: Մի փոքր վերափոխելով հայտնի գրողի խոսքերը՝ նշեմ, որ իմ՝ Հայաստանը լքելու մասին լուրերը խիստ չափազանցված են։ Նման բան չկա և նման մտադրություն չունեմ:

Մտադրությունս մնում է նույնը՝ Հայաստանում պետք է ձևավորվի հանրային մանդատ ունեցող և արդյունավետ գործող իշխանություն, վերանա քաղաքական մենաշնորհը, ստեղծվի քաղաքական հակակշիռների իրական մեխանիզմ և իրականացվեն բարեփոխումներ։
Ես շարունակում եմ համոզված լինել, որ միայն քաղաքական առողջ ինստիտուտների միջոցով հնարավոր կլինի լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները՝ անվտանգության, սոցիալական, տնտեսական և այլն:
Ինչ վերաբերում է իմ հետագա գործունեությանը, ապա պետք է ասեմ, որ հիմա վերագնահատումների ու մտորումների շրջան է ինձ համար։ Պետք է հետևություններ անել տեղի ունեցածից ու որոշել, թե ինչ պետք է արվի»:
Փաստորեն՝ Վարդան Օսկանյանը դիվանագիտական լեզվով ասում է՝ ես այստեղ եմ, ես կամ ու ես ուզում եմ փոփոխություններ: Նրա գրառումը համարյա թե քաղաքական հայտարարություն է, կրեդո, որ կարող է դառնալ ևս մեկ կուսակցության հիմք, կարող է մնալ գեղեցիկ խոսք ու ոչ օրիգինալ ցանկություն: Հետևությունները, որ Վարդան Օսկանյանը ինքն իրեն հանձնարարում է անել, նույնքան կոչ են՝ գտեք ինձ, ես դեռ կամ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ի տարբերություն շատ շատերի՝ մեկ տասնամյակ Վարդան Օսկանյանը ժամանակ է ունեցել «մեր երկրի առաջ ծառացած խնդիրները՝ անվտանգության, սոցիալական, տնտեսական և այլն» լուծելու, ու եթե գոնե ինչ-որ մաս լուծած լիներ, այսօր իր փոխարեն «հետևություններ» կանեն ուրիշները: Իսկ այսօր ինչ քաղաքական կերպար էլ նա իր համար ձևի ու ձևակերպի, միշտ ունենալու է արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի ստվերը, նույնիսկ եթե փորձի մի քիչ միայն Վարդան լինել, մի քիչ՝ միայն Օսկանյան:

Դիտվել է՝ 1291

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ