Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Համակարգը գործիք է հավերժ պրոբլեմներն արդյունավետ լուծելու համար»

«Համակարգը գործիք է հավերժ պրոբլեմներն արդյունավետ  լուծելու համար»
02.06.2015 | 00:30

«Իրատեսի» հյուրն է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ:


-Ո՞րն է բյուջետավորման գործող համակարգի և ծրագրային բյուջետավորման հիմնական տարբերությունը:
-Բյուջետավորումը գործառույթների և որոշումների կայացման, դրանց իրականացման ժամկետների հստակ կանոնակարգված գործընթաց է և յուրաքանչյուր բյուջետային տարվա համար տևում է շուրջ երկու տարի: Եթե գործող համակարգում բյուջետավորումը հանգում է հռչակված նպատակների իրականացման համապատասխանեցմանը բյուջետային հնարավորություններին, ծրագրային բյուջետավորման ողջ գործընթացում` նախագծումից մինչև իրականացում, բյուջետային քննարկումների և որոշումների հիմքը դառնում է արդյունքը: Պատահական չէ, որ գործող համակարգը հաճախ կոչում են մուտքային բյուջետավորման համակարգ, իսկ ծրագրային բյուջետավորման համակարգը` արդյունքամետ (արդյունքների վրա հիմնված) կամ ելքային բյուջետավորման համակարգ: Արդյունքամետությունը նոր համակարգում դառնում է բյուջետային ամբողջ գործընթացի որոշիչ գործոնը:
-Եթե Հայաստանում սկսում է գործել բյուջեի ծրագրային տարբերակը, ի՞նչ առավելություններ ենք ունենում:
-Հիմնական առավելությունները երեքն են` հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության, բյուջետային գործընթացի թափանցիկության և վերահսկելիության բարձրացում:
-Ովքե՞ր են կազմում ծրագրերը:
-Ցանկացած ոլորտում` առողջապահություն, պաշտպանություն, կրթություն… երկրում լինում են լուծման կարոտ հիմնախնդիրներ: Այս ոլորտային հիմնախնդիրներին համարժեքորեն արձագանքելու համար կառավարությունը ստեղծում է հիմնախնդիրը լուծող ոլորտային ռազմավարություն: Ոլորտային ռազմավարությունները հստակ նպատակներ ունեն, այդ նպատակներին հասնելու համար մշակվում են ծրագրեր: Այս ծրագրերը, անցնելով համապատասխան ընթացակարգով, դառնում են տվյալ տարվա բյուջետային համակարգի մաս, ֆինանսավորվում և իրականացվում են: Բյուջետային ծրագիրը իրականացվում է ծրագրի միջոցառումների միջոցով, որոնց իրականացումը պետք է բերի ոլորտի հիմնախնդրի լուծմանը: Համակարգը բազմաթիվ դրական արդյունքներ է տալիս՝ արդյունավետություն, թափանցիկություն, վերահսկելիություն, թույլ է տալիս նվազագույնի հասցնել դժվարությամբ հայթայթված պետական միջոցների փոշիացումը: Ամենահպանցիկ ձևով այսքանը:
-Դա չինական այբուբեն է հիշեցնում, պատասխանատվությունը չի՞ տարրալուծվում:
-Չինական այբուբենին ծանոթ չեմ, բայց, իսկապես, հեշտ համակարգ չէ: Պատասխանատվության առումով ճիշտ հակառակը: Քանի որ հստակ նկարագրվում են միջոցառումները, միջոցառումների իրականացնողները և իրականացման արդյունքում ակնկալվող արդյունքները, պատասխանատվությունը չափազանց հասցեական է դառնում: Միջոցառումները ունեն իրենց ֆինանսական և ոչ ֆինանսական` քանակական, որակական և ժամկետային ցուցանիշները: Գործադիրը տարվա վերջին պիտի հասնի այդ ցուցանիշների իրականացմանը:
-Բյուջետավորման այդ համակարգը Հայաստանում երբվանի՞ց կա:
-Ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրումը բավականին աշխատատար, գիտատար և ժամանակատար գործ է: Շուրջ տասը տարի առաջ երկրի կառավարությունը սկսեց այդ համակարգի ներդրումը, և արդեն իսկ շատ մեծ ծավալի աշխատանք է կատարվել, արդեն բյուջեի նախագծի և հաշվետվությունը իրենց կազմում որպես տեղեկանք ունեն բյուջեի ծրագրային ձևաչափը: 2018-ից պետական բյուջեն պետք է ձևավորվի և ներկայացվի բացառապես ծրագրային ձևաչափով:
-Ո՞ր երկրների փորձն է ուսումնասիրվել:
-Գործնականում ուսումնասիրվել է ծրագրային բյուջետավորման անցած բոլոր առաջավոր երկրների փորձը: Նախկին սոցիալիստական ճամբարի համարյա բոլոր երկրներում իրականացվում են ծրագրային բյուջետավորման ներդրման աշխատանքներ: Առավել հաջողված փորձ արձանագրվել է մերձբալթյան պետություններում: Այս երկրների հետ փորձի փոխանակման գործընթացը շարունակական է:
-Հասարակության գերակշիռ մասի համար բյուջեն չինական այբուբեն է, հասարակության համար ի՞նչ է փոխվելու այդ համակարգի ներդրումով:
-Առաջինը և ամենակարևորը՝ պետության միջոցները, այսինքն` մեր քաղաքացիների միջոցներն ավելի արդյունավետ են ծախսվելու, սա հասարակության յուրաքանչյուր անդամի համար չափազանց էական ցուցանիշ է:
-Վերահսկելիության ի՞նչ երաշխիքներ կան:
-Այս համակարգում արդյունքները չափազանց հասկանալի են ներկայացվում, ֆինանսիստի գիտելիքներ անհրաժեշտ չեն՝ հասկանալու՝ բյուջեն կատարվել է, չի կատարվել, կատարման արդյունքում նախատեսված ցուցանիշներին հասել է, թե ոչ: Բյուջեի ծրագրերի քանակական, որակական և ժամկետային ցուցանիշներն առավել հասկանալի ու վերահսկելի են դարձնում բյուջեն: Եթե դասական բյուջեն այնքան էլ հասկանալի չէ ոչ մասնագետներին, նորը շատ ավելի հասկանալի է: Սա ապահովում է ծրագրային բյուջետավորման ողջ գործընթացում հանրության ավելի մեծ ներգրավվածություն, ինչը երկրի ժողովրդավարացման մակարդակի կարևոր ցուցիչ է:
-Այս համակարգում ավելի մե՞ծ հնարավորություն է ստեղծում հասարակական սեկտորի համար ներգրավվելու բյուջետավորման գործընթացում:
-Այո, ակնհայտորեն:
-Ձևական չի՞ լինի այդ մասնակցությունը:
-Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում մասնակցությունը կլինի ավելի ու ավելի բովանդակային ու օգտակար: Սա ճանապարհ է, որով պետք է անցնել:
-Ո՞վ է բյուջեի չկատարման պատասխանատուն այս մոդելով:
-Բյուջեի չկատարման պատասխանատուն, անկախ բյուջետավորման համակարգից, կառավարությունն է: Մենք խոսում ենք բյուջետավորման համակարգի մասին, որն ունի առավելություններ գործող համակարգի նկատմամբ: Ռիսկեր կան երկու մոդելներում էլ, ուղղակի այս մոդելը այդ ռիսկերն ավելի արդյունավետ է կառավարում, թափանցիկ ու վերահսկելի լուծումներ է տալիս: Համակարգը գործիք է անխուսափելի պրոբլեմներն արդյունավետ լուծելու համար: Բայց բարդ գործիք է, պիտի կարողանաս անընդհատ աշխատունակ պահել:
-Պետական կառավարման համակարգում կա՞ բավարար մակարդակ այդ գործիքն աշխատունակ պահելու համար:
-Շատ կարևոր է, որ կառավարությունում, խորհրդարանում, Վերահսկիչ պալատում, հասարակության մեջ լինի այս համակարգին անցնելու գիտակցված պահանջարկ: Այդպիսի պահանջարկ կարող է ներկայացնել համակարգի հնարավորություններին ու առանձնահատկություններին քաջատեղյակ, դրանցից օգտվել կարողացող անհատը: Մեր միջազգային գործընկերների հետ արդեն մեկ տարի խորհրդարանում մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագիր ենք իրականացնում պատգամավորների և աշխատակազմի համար, որի նպատակը համակարգի նրբությունների մեջ խորամուխ լինելու ունակության մեծացումն է: Երկրորդը այդ գիտելիքների ձեռքբերմամբ բյուջեի ծրագրերի ոչ ֆինանսական ցուցանիշների ստեղծումն է, ինչն աշխատատար և բարդ գործ է:
-Նախարարությունների հետ համագործակցո՞ւմ եք:
-Իհարկե, նախարարությունների մեծ ջանքերի շնորհիվ է անցած տասը տարիներին ստեղծվել այս համակարգի ողնաշարը և նրանց առաջնորդությանբ է երկրում այս գործը առաջ գնում:
-Եթե այս համակարգն ավելի մեծ թափանցիկություն ունի, ստվերը և կոռուպցիան կարո՞ղ ենք վերացնել:
-Այո, ավելի բարձր արդյունավետություն, թափանցիկություն ու վերահսկելիություն նշանակում է ավելի ցածր ստվերայնություն և կոռուպցիա: Բյուջետավորման ողջ գործընթացին կառավարության հետ ավելի մեծ մասնակցություն են ունենալու խորհրդարանն ու քաղաքացիական հասարակությունը:
-Անձնական գործոնը դեր չի՞ խաղում:
-Շատ ավելի քիչ, քան հիմա, որովհետև որոշումների կայացման չափանիշները օբյեկտիվ, հասկանալի ու հստակ նկարագրելի են: Ողջ գործընթացը ավելի թափանցիկ ու վերահսկելի է:
-Հին հրեական անեկդոտի օրենքով պիտի հարցնեմ՝ որտե՞ղ է շնությունը:
-Եթե անեկդոտի իմաստը հասկանամ…
-Որտե՞ղ են ինձ գցում, եթե ոչ մի տեղ չեն գցում:
-Տրակտոր ստեղծողին ո՞վ է հարցնելու, թե իր շնությունը որն է, որ առաջ եզներով էին վար անում, հիմա՝ տրակտորով: Բյուջետավորման խնդիր կար, լուծման մեկ մեթոդ ուներ, հիմա առաջարկվում է նոր մեթոդ՝ ավելի թանկ, ավելի մեծ կարողություններ, անընդհատ փոփոխություններ պահանջող, բայց եթե աշխատում ես այդ մեթոդով, ունենում ես ավելի մեծ արդյունք: Շնությունը սա է, եթե սա շնություն է՝ աշխատում ես ավելի բարդ, նուրբ, հզոր գործիքով, ստանում ես ավելին:
-Գործիքը չի՞ կարող տեր փոխելու պարտադրել, եթե դու իրեն չես համապատասխանում:
-Իհարկե կարող է, եթե դու չես կարող իրեն լավ աշխատեցնել, կամ պետք է վերափոխվես, որ կարողանաս, կամ կգտնվի մեկը, որ դա կարողանում է: Երկուսուկես տարի է մնացել մինչև 2018-ը, երբ նոր ընդունվելիք բյուջեն 100 %-ով պետք է ծրագրային լինի և այս տեսակետից՝ ոչ միայն գործադիրն ու օրենսդիրը մեծ անելիքներ ունեն, այլև քաղաքացիական հասարակությունը պետք է այն գիտելիքներն ունենա, որ խնդրի իր բաժինը կարողանա կատարել:
-Նորը միշտ դիմադրությամբ է հաստատվում, ինչո՞վ պիտի շահագրգռել:
-Կարծում եմ` առաջին հերթին նպատակի գիտակցմամբ: Տրվում է հնարավորություն, որը լավ օգտագործելու դեպքում երկրի ֆինանսական կարողությունների օգտագործման արդյունավետությունը բարձրանում է: Այս նպատակը հին է, որքան մարդկությունը, իսկ առաջարկը միջոց է այդ նպատակին ավելի մոտենալու համար:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1377

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ