Ո՞վ, ի՞նչ պայմաններով և ինչո՞ւ սահմանեց պատժամիջոցները Իրանի նկատմամբ
ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանի նկատմամբ կիրառվում են 1979-ի հեղափոխության ժամանակներից, տարբեր տևողությամբ և ուժգնությամբ: Իրանի դեմ գործում են նաև ՄԱԿ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցները, որ տարածվում են տնտեսական, առևտրային, գիտական ու ռազմական ոլորտների վրա: Պատժամիջոցների պատճառը՝ վերահսկել Իրանի գործողությունները և խոչընդոտել միջուկային զենքի մշակումը:
2012-ին ՄԱԿ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներով, նախ և առաջ Իրանի անջատումով SWIFT համակարգից 2012-ի մարտին, երկիրը մեկուսացվեց համաշխարհային տնտեսական համակարգից: Իրանն այլևս չէր կարող առաջվա պես արտաքին առևտուր ունենալ: Ապահովագրական ընկերությունները դադարեցին ապահովագրել ծովային փոխադրումները և իրանական շատ նավահանգիստներ հայտնվեցին սև ցուցակում:
Պատժամիջոցների պատճառով, որ ամենաբացասական հետևանքներն ունեցան բանկային, էներգետիկ ու տրանսպորտային սեկտորների վրա, իրանական տնտեսությունը կրճատվեց, ազգային տարադրամը փլուզվեց, ինֆլյացիայի ու գործազրկության մակարդակը աճեց, արտասահմանյան ներդրումները դադարեցին, երկիրն աղքատացավ և շատ ոլորտներում տեխնոլոգիաները հնացան:
Ինչպե՞ս էր Իրանը պատժամիջոցների դեմ պայքարում՝ ոչինչ չարտադրելով ու չվաճառելով
Իրանը մեծությամբ երկրորդ տնտեսությունն ունի MENA-ի (Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա) երկրներում Սաուդյան Արաբիայից հետո: Իրանի ՀՆԱ-ն 406 միլիարդ դոլար է: 81 միլիոն բնակչությամբ Իրանն ամենախիտ բնակեցված երկիրն է տարածաշրջանում Եգիպտոսից հետո: Երկիրն ունի բարձրորակ աշխատուժ, տեխնիկական մասնագետներ (հատկապես էլեկտրական ու էլեկտրոնային ոլորտներում): Իրանն աշխարհում չորրորդն է նավթի ու երկրորդը գազի պաշարով, այդ պատճառով աճն ու բյուջեն էականորեն կախված են նավթից ու բնական գազից:
Պատժամիջոցներն իրանյան տնտեսության համար ունեցան նաև բարենպաստ հետևանքներ՝ նվազեցնելով տնտեսության կախումը նավթից: Իրանն սկսեց արտադրել ապրանքներ, որ ներմուծում էր նախքան պատժամիջոցները: Պատժամիջոցների պատճառով ակտիվացավ առևտուրը հարևան պետությունների հետ: Ներմուծվող ապրանքների երկու երրորդի դիմաց Իրանը վճարում է նավթի հետ առնչություն չունեցող ապրանքների արտահանումից ստացվող տարադրամով: Նավթից ու բնական գազից բացի, Իրանն արտահանում է տարբեր հանքանյութեր, ցեմենտ, կարբամիդ և գյուղատնտեսական արդյունաբերությանն առնչվող արտադրանք: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի ահաբեկչության ու ֆինանսական հետախուզության հարցերով տեղակալ Դևիդ Կոենը նկատում է, որ պատժամիջոցների պատճառով Իրանի ՀՆԱ-ն 14-20 % ավելի քիչ է, քան կարող էր լինել:
Ինչո՞վ է պատժամիջոցների վերացումը կարևոր Իրանի համար
ԱՄՀ-ի հաշվարկներով՝ 2012-ին մեկ շնչի ընդհանուր գնողունակությունը 12 հազար դոլար էր, 2013-ին՝ 6,5 հազար դոլար: Այդ պատճառով համաձայնագրի ստորագրումը և պատժամիջոցների վերացման ճանապարհին առաջին քայլը չափազանց կարևոր է Իրանի և համաշխարհաին տնտեսության համար:
Իրանի ղեկավարության համար պատժամիջոցների բեկանումն ուժի և հեղինակության ընդունում է, ժողովրդի համար՝ աշխատանք, հաց, փող, բարեկեցություն ու ազատություն՝ ավելի շատ:
Ո՞Ւմ և ի՞նչ կտա Իրանի ինտեգրումը գլոբալ տնտեսական համակարգում
Մեկուսացումից դուրս գալով Իրանը հնարավորություն կստանա ավելի մոտիկից ծանոթացնել աշխարհին իր ժողովրդին, գրականությունը, գեղարվեստը, մշակույթը, պատմությունն ու գեղեցիկ քաղաքները: Իրանի ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը նոր խթան կդառնա աշխարհի տնտեսական զարգացման համար, որ ապրում է «մշտական լճացման» շրջան:
1990-ական թթ. ԽՍՀՄ-ի փլուզումից ու Արևելյան Եվրոպայի եվրաինտեգրումից հետո, դեռ երբեք նման մեծ տնտեսություն չի ինտեգրվել գլոբալ տնտեսական համակարգում: Իհարկե, այդ գործընթացը բարեկեցության աճ է բերելու: Եվ իրանյան տնտեսության, և աշխարհի համար պատժամիջոցների վերացումը նոր բիզնես նախագծեր կբերի միլիարդավոր դոլարներով: Եթե բանակցություններն ավարտվեն համաձայնությամբ և որոշ կարևոր պատժամիջոցներ հանվեն, 2016-ից Իրանի տնտեսության աճը 7-8 % կկազմի: Մի քանի տարի առաջ տնտեսագետները առանձնացնում էին մի խումբ երկրներ «ասիական վագրեր» անունով, նրանց առանձնահատկությունը աճի բարձր տեմպն էր, որ 7-8 %-ից չէր իջնում: Զարմանալի չէ, եթե շուտով Իրանն անվանեն MENA-ի երկրների «վագր»:
Ո՞ր պատժամիջոցներից է Իրանն ուզում առաջինն ազատվել
Իրանի տնտեսության մեծ աղետների աղբյուր դարձավ «USA PATRIOT Act»-ը, որ ընդունվեց 2001-ին Ջորջ Բուշի նախագահության օրոք: Այդ ակտի պատճառով 2011-ից Իրանին վերաբերվում են իբրև «տարածաշրջանի, որտեղ սև փողեր են լվանում»: Քանի որ անհատները, ընկերությունները, գործընկերները զգուշանում են, որ ԱՄՆ մեկնելիս ենթարկվելու են հարցաքննությունների, դատական հետապնդումների, ձերբակալության, տուգանքների, ոչ ոք չի ցանկանում Իրանի հետ գործ ունենալ: Նույն հիմքով բանկերը չեն շտապում ֆինանսավորել առևտրական գործարքները, որոնք նույնիսկ պատժամիջոցներով սահմանափակված չեն:
Եթե միջուկային բանակցությունները հաջողության հասնեն, Իրանը վերջապես կդադարի լինել փողերի լվացման տարածաշրջան: Այդ դեպքում կհանվի SWIFT-ի օգտագործման արգելքը, իսկ դա կնշանակի Իրանի հետ լեգալ արտաքին առևտրի ծավալների և ուղղակի կապիտալ ներդրումների աճ: Պատժամիջոցների պատճառով Իրանի տնտեսության ներուժը 35-40 %-ով չի օգտագործվում: Այդ ակտի պատճառով Իրանը չի ստանում ֆինանսական միջոցները, որ Կենտրոնական բանկը պահում էր արտասահմանյան բանկերում, ներառյալ 2012-ին նավթի արտահանումից ստացված միջոցները, արտասահմանյան բանկերում գտնվող ֆիզիկական ու իրավաբանական անձանց կապիտալները: 130 միլիարդ դոլար սառեցված է: Պատժամիջոցների վերացումով արտասահմանյան բանկերը կարող են Իրանին 100 միլիարդ դոլար վերադարձնել: Այդ գումարը լիովին բավարարում է Իրանի տնտեսության արագ աճի համար: Երբ Իրանը սկսի արտադրանք տալ, մեծացնել արտաքին առևտուրը, դա կնպաստի համաշխարհային տնտեսության աճի տեմպերի բարձրացմանը:
Ինչո՞ւ պատժամիջոցների վերացումը դրական կազդի համաշխարհային տնտեսության վրա
2011-ին Իրանի նավթի արտահանման եկամուտը 100 միլիարդ դոլար էր, պատժամիջոցների պատճառով տարվա ընթացքում 65 % անկումով, այդ գումարը կրճատվեց մինչև 35 միլիարդ: Պատժամիջոցների սահմանումից հետո նավթի արդյունահանման ծավալները կրճատելու փոխարեն Իրանը գերադասեց արդյունահանումը շարունակել և պահեստավորել: Իրանն իր պահեստարաններում նշանակալից չափերով նավթ է ամբարել և երբ սկսի վաճառել, դա կիջեցնի նավթի գինը, կամ ծայրահեղ դեպքում կպահպանի նախկին մակարդակին:
«Տնտեսական աճը» ոչ այլ ինչ է, եթե ոչ «leverage» կամ մարդու կենսաբանական էներգիայի «լծակի» օգտագործում ոչկենսաբանական և լրացուցիչ էներգիայի պարագայում: Այլ խոսքով՝ եթե աշխատողն ունի համակարգիչ, հաշվիչ, հեռախոս, շարժիչ, գեներատոր, էլեկտրասղոց և այլն, դա նրան թույլ կտա մեծացնել արտադրանքի ծավալներն ավելի կարճ ժամանակամիջոցում: Նավթն ու գազը լրացուցիչ էներգիայի դերում են: Այդ պատճառով էներգառեսուրսների գնի անկումը (թեպետ կարճաժամկետ հեռանկարում պարադոքսալ է թվում) միշտ նպաստում է աճի մեծացմանը, որովհետև այդ դեպքւոմ մեծանում է «լծակների գործողությունը»:
Ո՞ր ոլորտներում հնարավորություններ կան բիզնեսի համար
Նավթի ցածր գներից առաջինը կօգտվեն ավիացիոն և տրանսպորտային ընկերությունները: Կարելի է սպասել, որ այդ իրավիճակը բարենպաստ կազդի այնպիսի երկրների վրա, ինչպես մերը, որտեղ լավ զարգացած է զբոսաշրջությունը: Պատժամիջոցների վերացումով արտասահմանյան ներդրողների համար Իրանում բազում հնարավորություններ կհայտնվեն հատկապես «soft infrastructure» կամ բանկային սեկտորում, ակտիվների կառավարման, ֆինանսական միջնորդության ծառայության, նախագծային ֆինանսավորման, կոնսալտինգի, աուդիտի ոլորտներում:
Պատժամիջոցների վերացումով կմեծանա հետաքրքրությունը Թեհրանի ֆոնդային բորսայի նկատմամբ՝ երկրի ներսում ու երկրից դուրս: Անհրաժեշտ քայլերն անհապաղ կատարելու դեպքում ֆինանսական համագործակցության հնարավորություններ կստեղծվեն, որոնք թույլ կտան Ստամբուլի տեղը բարձրացնել միջազգային ֆինանսական կենտրոնների վարկանիշում: Պատժամիջոցների վերացումով նկատելիորեն կմեծանան Իրանի խոշոր քաղաքներում հողի և անշարժ գույքի մեջ ներդրումներ անելու հնարավորությունները: Իբրև մեկը, որ լավ գիտի իրանցիների մեծ ցանկությունը անշարժ գույք ձեռք բերել Անթալիայում ու Ստամբուլում, ասեմ, որ պատժամիջոցների վերացումը մեծ հեռանկարներ կբացի մեր շինարարական սեկտորի առաջ, որ արդեն որոշ ժամանակ տեղապտույտի մեջ է: Ավտոմեքենաներն ու անշարժ գույքը Իրանում ներդրումային կարևոր գործիք են: 2011-2013-ին Իրանի ավտոմոբիլային արդյունաբերությունը կրճատվել է 40 %-ով և մինչև այսօր ոտքի չի կանգնում:
Երկրում ապրում է երիտասարդ, կրթված, ազատության և աշխարհի հետ ինտեգրվելու ցանկություն ունեցող բնակչություն: Հենց փող հայտնվի, մարդիկ կսկսեն բջջային հեռախոսներ, տներ, կահույք, կենցաղային տեխնիկա, մեքենաներ գնել:
Պատժամիջոցների վերացումը ենթադրում է նավթի ու բնական գազի արդյունահանման ծավալների մեծացում: Պաշտոնական տվյալներով՝ պահպանելու համար նավթի արդյունահանման ծավալները մինչև 2020-ը, 130-145 միլիարդ դոլար ներդրումներ են պետք: Այդ ներդրումներն ու ներդրումային նախագծերի ֆինանսավորումը նոր բիզնես հնարավորություններ կստեղծեն: Անցած տարի Իրանի ու ԵՄ-ի ապրանքաշրջանառությունը 8,3 միլիարդ դոլար էր: Հայտնի է, որ հունական պրոբլեմի պատճառը էներգառեսուրսների բարձր գներն են: Բիզնեսի նոր հնարավորություններն ու արտաքին առևտրի աճը օգտակար կլինեն նաև ԵՄ-ի ու Հունաստանի համար: Մինչև պատժամիջոցները Դուբայը Իրանի համար շատ կարևոր գործարար ու ֆինանսական կենտրոն էր, հետագայում էլ պահպանեց իր դերը: Դուբայում մեծ թվով իրանցիներ են ապրում: Պարսից ծոցի բոլոր խաղացողներից ամենից շատ Իրանի տնտեսության աճից կշահի Դուբայը: Միևնույն ժամանակ, եթե Իրանը սկսի նավթ վաճառել, դա չի բխի ՕՊԵԿ-ի երկրների շահերից, գլխավորապես՝ Սաուդյան Արաբիայի ու Ռուսաստանի: Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանումը հասցրել է օրական 10 միլիոն բարելի ու բնավ չի կրճատել հետագայում:
ԱՄՆ-ի թերթաքարային հեղափոխության պատճառով Սաուդյան Արաբիան ինչ-որ իմաստով «գնային պատերազմ» է սկսել նավթային շուկայում: Նավթի եկամուտների կրճատման պատճառով Սաուդյան Արաբիայում մինչև հիմա բյուջետային մեծ դեֆիցիտ կա: Պատժամիջոցների վերացումը Իրանի դեմ կբարդացնի Սաուդյան Արաբիայի կյանքը: Ավելին՝ Մերձավոր Արևելքում ոչինչ այլևս այնպես չի լինելու, ինչպես առաջ էր: Հույս ունեմ, որ կոալիցիայի մասին վեճերի ու կրկնակի ընտրությունների հավանականության պատճառով մենք չենք կորցնի Իրանի հետ կապված եզակի հնարավորությունները:
Հ.Գ. Հրապարակման հեղինակը Իրանի հարևան Թուրքիայի լրագրող է, գործնականում Իրանի պատժամիջոցների վերացման ամբողջ ուրախությունն էլ սեփական է՝ ինչ հնարավորություններ կստեղծվեն Թուրքիայի համար, երբ Իրանն ազատվի պատժամիջոցներից:
Իսկ Իրանի հարևան Հայաստա՞նը: Քննարկվո՞ւմ է այս թեման:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ