Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը պատճառ է դառնում Կովկասում ռուսական գործողությունների ակտիվացման

Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը պատճառ է դառնում Կովկասում ռուսական գործողությունների ակտիվացման
14.07.2015 | 10:40

Հակիրճ ներկայացում

Վերջին վեց շաբաթներին ակտիվացել է Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի ռազմական համագործակցությունը: Մայիսի 31-ից հուլիսի 10-ը թուրքական, վրացական ու ադրբեջանական զինված ուժերը Թուրքիայի արևելյան հատվածում «Կովկասյան արծիվ» զորավարժություններ են անցկացրել: Մինչ այդ՝ մայիսի 25-ին Բաքվում Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմավարական զորավարժություններ եղան: Սա աննշան մասն է 2015-ի զորավարժությունների, որ շարունակությունն են անցած տարի սկսված ռազմական համագործակցության: Հարավային Կովկասում այս երեք պետությունների ռազմական ակտիվության մեծացումը մի կողմից համընկնում է Ուկրաինայի կոնֆլիկտին Ռուսաստանի մասշտաբային մասնակցությանը, մյուս կողմից՝ Անկարայի աճող ցանկությանը՝ ընդլայնել իր աշխարհաքաղաքական դերը արևելյան և հյուսիս-արևելյան սահմաններում: Մոսկվան կօգտագործի Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի ռազմական ակտիվության մեծացումը իբրև արդարացում Հայաստանում իր ռազմական դիրքերի ամրապնդման: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը, չնայած ընդլայնվող համագործակցությանը հարևան երկրների հետ, շարունակում է կախման մեջ լինել Մոսկվայից զինտեխնիկայի ու տեխնոլոգիաների մատակարարման հարցում:


Վերլուծություն
Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական համագործակցությունը 1992-ից է սկսվել, երբ երկու երկրները ռազմական կրթության ոլորտում կապեր հաստատեցին: Հետագա տարիներին նրանց համագործակցությունն ընդգրկեց նոր ոլորտներ՝ ներառյալ ադրբեջանցի զինվորների վերապատրաստումը սահմանապահային ծառայությանը և համապատասխան աջակցությունը: 2010-ին Ադրբեջանը և Թուրքիան պաշտոնապես հաստատեցին ռազմավարական գործընկերությունը, որը ներառում է ռազմական օգնությունը խոշոր կոնֆլիկտի դեպքում: Դրանից հետո Թուրքիան մեծացրեց ռազմական տեխնիկայի մատակարարումը Ադրբեջանին, երկու երկրներն էլ սկսեցին հրանոթների արտադրությունը: Էական փոփոխություններ եղան 2012-ին, երբ առաջին անգամ թուրք-ադրբեջանական զորավարժություններին մասնակցեցին վրացական զինված ուժերը: Այդ գործընթացների հետագա ամրապնդման նպատակով 2014-ի ամռանը երեք երկրների նախարարությունները որոշում ընդունեցին տարեկան երկու անգամ եռակողմ հանդիպումներ անցկացնելու և զորավարժությունների թիվը մեծացնելու մասին:


Հայացք Երևանից
Հայաստանի համար, որ այժմ լուրջ տնտեսական խնդիրներ ունի՝ համակցված քաղաքական անկայունության հետ, իր երեք հարևանների ռազմական մանևրները աշխարհաքաղաքական պրոբլեմ են: Հայաստանի սահմանների մեծ մասը Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի հետ են: Հայաստանը սեղմված է իր մրցակից Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, իսկ օպերատիվ սահմանները Վրաստանի հետ են հյուսիսում ու Իրանի հետ՝ հարավում: Զորավարժությունների ինտենսիվության մեծացումը համապատասխանում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության տեղաշարժին, երկու երկրների բախումները վերջին մի քանի ամիսներին Լեռնային Ղարաբաղի շփման գծում հանգեցրել են Հայաստանի կորուստների ու ռազմական տեխնիկայի շարքից հանելուն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարեց, որ իր երկրի զինված ուժերը հասել են «լիակատար գերազանցության» Հայաստանի զորքերի նկատմամբ: Մայիսին Նախիջևանը՝ Ադրբեջանի արևմտյան անկլավը, որ տարածվում է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանի երկայնքով, դարձավ թուրքական զինված ուժերի հետ համատեղ մարտավարական զորավարժությունների անցկացման վայր, որին մասնակցեցին երկու երկրների զինուժի տարբեր տեսակներ: Երևանի համար դա նշանակում է Ադրբեջանի հարձակման հավանականություն երկու ճակատով, որին կմիանա Թուրքիան խոշոր ռազմական բախման դեպքում: Ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում Վրաստանի մասնակցությունը այդ զորավարժություններին: Հայաստանի համար Վրաստանի տարածքը միակ բաց դարպասն է դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո այդ միջանցքի ապահովման պահանջը Երևանի համար էականորեն մեծացել է: Հայաստանի տեսակետով՝ եռակողմ համաձայնությունների ու զորավարժությունների հաշվին Վրաստանի ռազմական ակտիվության մեծացումը, իրոք, հանգեցնում է իր տարածքի մեծ մասի շուրջ ռազմական գոտու ստեղծման: Զորավարժություններին հայկական լրատվամիջոցներն ու հայ պաշտոնյաները շատ քիչ ուշադրություն դարձրին: Հայաստանի պաշտպանության նախարարությունը կարճ հայտարարությամբ հույս հայտնեց, որ Վրաստանի ռազմական համագործակցությունը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բացասաբար չի ազդի Հայաստանի հետ հարաբերությունների վրա:


Ռուսաստան և Թուրքիա
Ապրիլին Ռուսաստանը հայտարարեց իր ռազմական բազաները Հայաստանում, Աբխազիայում, Հարավային Օսեթիայում ու Ղրղզստանում ամրացնելու ծրագրերի մասին: Գուցե պարզապես համընկնում է, բայց վերջերս Մոսկվան Երևանին 200 միլիոն դոլարի վարկ տվեց նոր զինատեսակներ ձեռք բերելու համար, դա Երևանի պաշտպանական ամենամյա ծախսերի համարյա կեսն է: Բացի այդ՝ Մոսկվան քննարկում է Հայաստանում «Իսկանդեր» համակարգերի տեղակայման հարցը, որոնք ունեն երկիր-երկիր բալիստիկ հրթիռներ: Մոսկվան, հավանաբար, օգտագործում է Երևանի անհանգստությունը՝ Հայաստանի անվտանգությանը Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ռազմական համագործակցությունից իբր սպառնալիքից՝ հիմնավորելու իր ռազմական ներկայության մեծացումը Հայաստանում: Մոսկվան հենց այդպես գործեց Կենտրոնական Ասիայում՝ չափազանցելով ՛՛Իսլամական պետությունից՛՛ բխող սպառնալիքը: Ընդհանուր առմամբ՝ զորավարժությունների լուսաբանումը լրատվամիջոցներով և պաշտպանության նախարարների մեկնաբանությունները սահմանափակվում էին Հարավային Կովկասում անվտանգության ապահովման համար ռազմական կոնֆերանսներ անցկացնելու և ռազմական փորձի փոխանակման կարևորությանը հղումներով: Սակայն, քննարկումներից բացի, այլ՝ ավելի կարևոր գործոնների համադրումը հիմք է զորավարժությունների անցկացման համար: Վերջերս Թուրքիան վերանայեց իր աշխարհաքաղաքական դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ, ռուս-վրացական պատերազմից ու Վրաստանից պոկված երկու տարածքներում ռուսական ռազմական ներկայության մեծացումից հետո: 2010-ին Ռուսաստանը երկարացրեց Գյումրիի ռազմաբազայի վարձակալության պայմանագիրը, իսկ Հարավային Կովկասում Ռուսաստանի աջակցությունն ունեցող անջատողական շրջաններում մշտապես զորավարժություններ են անցկացվում: Ստեղծված իրավիճակում հակակշիռ ստեղծելու համար թուրքերը պետք է ամրապնդեն իրենց ռազմական գործընկերությունը Վրաստանի ու Ադրբեջանի հետ: Սակայն Ադրբեջանը, հաշվի առնելով լոգիստիկան, նոր զինատեսակների և ունեցած ռեսուրսների յուրացումը, դեռ մեծ կախում ունի Մոսկվայից: Ադրբեջանի ռազմական մատակարարումների 85%-ը Մոսկվան է ապահովում և հազիվ թե վիճակը փոխվի:


Էներգետիկայի դերը
Բացի այդ՝ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են պաշտպանել տարածաշրջանային էնեգետիկ խողովակաշարերը (Տրանսանատոլիականը, Տրանսադրիատիկը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը և Հարավային գազային միջանցքը), որ Ադրբեջանից Վրաստան են հասնում (Ռուսատանի օկուպացրած Հարավային Օսեթիայի կողքին), հետո նաև Թուրքիայի արևելյան մասը: Խողովակաշարերը պաշտպանության կարիք ունեն, ռազմական կոնֆլիկտը կարող է վտանգավոր լինել էներգառեսուրսների մատակարարման համար: 2008-ի օգոստոսին ռուս-վրացական պատերազմի ժամանակ, երբ ռուսները օկուպացրին Գորին և փաստացի երկիրը երկու մասի բաժանեցին, նրանք այնքան մոտեցան խողովակաշարերին, որ արևմտյան օպերատորները վտանգավոր համարեցին ու իբրև կանխարգելիչ միջոց՝ փակեցին խողովակաշարը:
Պաշտպանության կարիք ունեցող ևս մեկ նախագիծ է Բաքու-Թբիլիսի-Ախլքալաք-Կարս երկաթուղագիծը, որ տնտեսապես կկապի Կասպից ծովից մինչև արևելյան Թուրքիայի տարածքները: Եղած գնահատականներով՝ երկաթուղին սկզբում կապահովի 6,5 տոննա բեռնափոխադրում Ասիայից Եվրոպա: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Նախիջևանում 2014-ի օգոստոսին Վրաստանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարների ներկայությամբ ասաց, որ զորավարժությունների անցկացման գլխավոր պատճառը երեք երկրների տարածքով անցնող խողովակաշարերն ու երկաթուղին պաշտպանելու անհրաժեշտությունն է: Առավել երկարատև հեռանկարում Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի էներգետիկ սերտ համագորխակցությունը կպահանջի զինվորականներից ապահովել երթուղիների անվտանգությունը: Թվարկված փաստարկները, հավանաբար, հիմնական ազդակներն են երեք երկրների ռազմական կապերի ամրապնդման համար:
"Stratfor", ԱՄՆ


Հ.Գ. Հետաքրքիր վերլուծություն է գուցե, համենայն դեպս՝ մտածելու տեղիք տվող, բայց բավականաչափ մակերեսային: Նաև՝ կասկածելի հավաստիության տվյալներով՝ մասնավորապես շփման գծում միայն հայկական կորուստների արձանագրումով: Բոլոր դեպքերում՝ ակնհայտ է, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմական համագործակցության մեջ բոլորովին անտեսվում է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և եթե Ադրբեջանի առաջ ստանձնել է խոշոր կոնֆլիկտի դեպքում պաշտպանել նրան, ինչպե՞ս է համադրելու այդ հանձնառությունը ՆԱՏՕ-ի անդամի իր պարտավորությունների հետ: Երեք երկրների պաշտպանության նախարարները իրենց բոլոր հանդիպումներից հետո համատեղ հայտարարություններում մշտապես ընդգծել են, որ համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրի դեմ: Հասկանալի է, որ երրորդ երկիրը առաջին հերթին Հայաստանն է, հետո գուցե նաև Իրանը կամ Ռուսաստանը: Զարմանալի է նաև, որ վերլուծության մեջ անդրադարձ չկա Իրանին, որ տարածաշրջանի կարևոր երկրներից է ու թե ռազմական ուժով, թե էներգակիրների պաշարներով բավականաչափ հզոր, որ քաղաքական, ռազմական, տնտեսական խաղերից դուրս դիտվի: "Stratfor"-ը պարզապես արձանագրում է մակերեսային իրավիճակը՝ առանց խորանալու պատճառների, առավելևս հեռանկարների մեջ, որոնք զուգահեռվում են գերտերությունների շահերին տարածաշրջանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ