ԱՄՆ-ի համար այս դարի գլխավոր սպառնալիքներից մեկը միջազգային առևտրում, ներդրումներում և վճարումներում, կենտրոնական բանկերի պահուստներում դոլարի առանցքային դերի աստիճանական նվազումն է: Շատ երկրներ, նախ և առաջ Ռուսաստանն ու Չինաստանը, ակտիվորեն խարխլում են այդ առանցքային դերը՝ երկկողմ առևտրում օգտագործելով ազգային տարադրամները: Չին-ռուսական առևտրում յուանը և ռուբլին փոխարինել են դոլարին դեռ 2011-ից: 2014-ին Ռուսաստանի և Չինաստանի կենտրոնական բանկերը ստորագրեցին եռամյա սվոպ-համաձայնագիր 150 միլիարդ յուանի չափով (23,5 միլիարդ դոլար), իսկ արևմտյան պատժամիջոցներից անհանգստացած Պուտինն ասաց. «Ռուբլու ու յուանի օգտագործումը կթուլացնի դոլարի ազդեցությունը»:
Անցյալ տարի ՌԴ Կենտրոնական բանկը ծախսեց իր դոլարային պահուստների նշանակալից մասը և վաճառեց ԱՄՆ-ի իր ունեցած արժեթղթերի 20 %-ը: Այս ամռանը նման քայլի գնաց և Չինաստանը, որ ծախսեց իր պահուստներից 500 միլիարդ դոլար:
Դևալվացիայի որոշումից հետո, որ Պեկինն ընդունեց, երբ Արժույթի միջազգային հիմնադրամը որոշեց հետաձգել (ավելի ճիշտ՝ քաղաքավարի մերժեց) յուանի հավանական ներառումը SDR-ում, Չինաստանի Կենտրոնական բանկը Շանհայի և Շենժենի ֆոնդային բիրժաների փլուզումը կանխելու համար վաճառեց իր դոլարային ակտիվների զգալի մասը: Հաստատվում է, որ հենց այդ քայլն էր գլխավոր պատճառը, որ «սև երկուշաբթի» ամեն ինչ «կարմիր ներկվեց», GDP/USD հավասարակշռությունը անսպասելի հաղթահարեց 1,58-ը, իսկ EUR/USD՝ հասավ 1,17-ի:
Ակնհայտ է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ամուր հիմքեր են ստեղծում աշխարհի ապադոլարայնացման համար, իսկ ԱՄՆ-ը չափազանց մտահոգված է այդ ալյանսով: Մի քանի օր առաջ մամուլը հրապարակեց ևս մի արմատական քայլի մասին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է ՌԴ ֆիզիկական ու իրավաբանական անձանց արտաքին առևտրում օգտագործել դոլարը: Առաջին մեկնաբանություններն արձանագրում են, որ օրինագծի նպատակը «միասնական ֆինանսական շուկայի» ստեղծումն է ԱՊՀ-ում և ԱՊՀ երկրների միջև առևտրում դոլարի ու եվրոյի օգտագործման կանխումը: Սա շատ կարևոր իրադարձություն է:
Վեդատ Օզդան «T24», Թուրքիա
Հ.Գ.
Դուք դեռ ուզո՞ւմ եք պարզել, թե ՀՀ վարչապետը Գրոդնոյում ի՞նչ ու ինչո՞ւ էր առաջարկում: Թե նրա ինչի՞ն էր պետք ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտրում անցնել ռուսական ռուբլով հաշվարկի: Պարզ թվաբանությունը հուշում է, որ եթե Հայաստանը ՌԴ-ից ներմուծման համար վճարում է դոլարով, ՌԴ-ն էլ Հայաստանից ներմուծված ապրանքների համար պիտի վճարի դոլարով, ոչ թե բազմակի արժեզրկված ռուբլով, որի պատճառով կտրուկ կրճատվել են Հայաստանից ՌԴ արտահանումները: Ռուսաստանի տնտեսության պաշտպանությանն ուղղված օրինագիծը ծանր վիճակում է դնելու ԱՊՀ երկրներին, եթե նրանք հարկադրված լինեն ռուբլով առևտուր անել Ռուսաստանի հետ: Խնդիրը դոլարի դեմ քաղաքական պայքարը չէ միայն, խնդիրը ռուբլու արժեզրկվածությունն է, որը կարող է սնանկացնել իրենց ապրանքները ՌԴ արտահանողներին, առավել ևս, որ Ռուսաստանում նաև պահանջարկն է նվազել: Հարց է՝ ինչո՞վ այս շիլան ուտել՝ չթունավորվելու համար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ