Իսրայելն ուզում է խուսափել Ռուսաստանի հետ բախումներից Մերձավոր Արևելքում
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր սրընթաց այցը Ռուսաստան երկուշաբթի օրը բացատրեց քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշված Մերձավոր Արևելքում ռուս և իսրայելցի զինվորականների բախումը կանխելու ձգտումով: Մոսկվան ասում է, որ մատակարարել է ու բարեկամ Դամասկոսին մատակարարելու է զենք և պատրաստ է քննարկել զինուժի տրամադրման խնդրանքը: Իսրայելը մտահոգ է, որ ժամանակակից ռուսական տեխնիկան կարող է հայտնվել Ասադի դաշնակիցների տրամադրության տակ՝ «Հըզբոլլահի» լիբանանյան պարտիզանների և ռուսական ռազմական ներկայությունը Սիրիայում կարող է պատահական բախումներ հարուցել իսրայելյան զինուժի հետ:
Նեթանյահուն ասաց, որ Մոսկվա է եկել՝ քննարկելու իրավիճակը և ապահովելու, որ «որևէ թյուրիմացություն չլինի մեր և ձեր ուժերի միջև տարածաշրջանում»:
«Ես այստեղ եմ անվտանգության բարդ իրավիճակի պատճառով, որ ավելի ու ավելի է բարդանում մեր հյուսիսային սահմանների վրա»,- ասաց նա Պուտինին բանակցությունների մամուլի համար բաց հատվածում: «Դուք գիտեք՝ Իրանն ու Սիրիան զինում են «Հըզբոլլահի» ահաբեկչական կազմակերպությանը ժամանակակից զենքով, որ ուղղված է մեր քաղաքացիների դեմ և վերջին տարիներին հազարավոր հրթիռներ են օգտագործվել մեր քաղաքացիների դեմ»: Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբից, որ չորս ու կես տարում 250 000 մարդու կյանք է խլել, Իսրայելը մի քանի անգամ պատասխան կրակ է բացել Սիրիայի տարածք կամ ոչնչացրել է զենքը, որ կարող էր «Հըզբոլլահին» հասնել:
Իր մերձմոսկովյան առանձնատանն ընդունելով Նեթանյահուին՝ Պուտինն ասաց, որ «տարածաշրջանում Ռուսաստանը միշտ վարել է շատ պատասխանատու քաղաքականություն»: Իսրայելի առանցքային դաշնակից ԱՄՆ-ը հույս ունի համագործակցել Ռուսաստանի հետ՝ սանձելու «Իսլամական պետությանը» և սիրիական պատերազմը դադարեցնելու համար՝ չնայած ՈՒկրաինայի հարցով կոնֆլիկտին, որի համար Արևմուտքը Մոսկվայի դեմ ցավոտ պատժամիջոցներ է կիրառում: Միևնույն ժամանակ Վաշինգտոնը մտահոգ է Սիրիայում ռուսական ներկայության մեծացումից:
Հաջորդ շաբաթ Վլադիմիր Պուտինը Սիրիայի թեմային կարող է անդրադառնալ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում: Նա նշեց, որ Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի հրետակոծումը: «Մենք երբեք չենք մոռանում, որ Իսրայելում ապրում են ԽՍՀՄ-ից շատ ու շատ մեկնածներ: Դա առանձնահատուկ դրոշմ է դնում մեր միջպետական հարաբերությունների վրա»,- ասաց նա Նեթանյահուին:
Դենիս ԴՅՈՄԿԻՆ, Մարիա ՑՎԵՏԿՈՎԱ/«Reuters»
ԱՄՆ-ը և Ռուսաստանը ԻՊ-ի դեմ
Հայտնի է, որ ԱՄՆ-ը և կոալիցիայի ուժերը միավորվել են ԻՊ-ի դեմ: Իրաքից ու Սիրիայից այդ սպառնալիքը ոչնչացնելու համար նրանք հազարավոր տոննա ռումբեր են նետել: Սկզբում ԱՄՆ-ը ԻՊ-ի դեմ պայքարում էր մենակ, հետո՝ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Իտալիայի հետ: Բայց, ավաղ, այդ պայքարը արդյունք չտվեց, կամ նրանք պարզապես արդյունք չէին ուզում: Անհաջողությունը այսպես բացատրեցին՝ միայն օդային հարձակումներով հաջողության չես հասնի: Այս փուլում ԱՄՆ-ի ստեղծած կոալիցիային միացել է Թուրքիան և բացել է իր ռազմաբազաներն ու որոշակի ներդրում է ունեցել: Թուրքիան ու ԱՄՆ-ը համատեղ օդային հարձակումներ են գործել: Համենայն դեպս՝ կողմերի հայտարարությունները դա են վկայում: Բայց որքա՞ն են այդ հայտարարությունները ճիշտ, հայտնի չէ:
Եթե ԱՄՆ-ը և կոալիցիայի ուժերը իրականում ոչինչ չեն կարողացել անել ԻՊ-ի դեմ օդային հարձակումներով, ուրեմն մեր առաջ անհաղթելի ուժ է: ԻՊ-ը մարտահրավեր է նետում աշխարհին, իսկ դա անկառավարելի հետևանքներ կունենա: Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մի տեղեկության վրա, որ վերջերս տարածեցին համաշխարհային ԶԼՄ-ները: Ռուսաստանը սկսել է Սիրիային մատակարարել զենք ու զորք: Մի կողմից՝ Ռուսաստանը բազա է ստեղծում Լաթաքիայում, մյուս կողմից՝ զինում է Ասադին: Պարզել՝ ինչն ու ինչքանն է այդ քաոսում ճիշտ, հնարավոր չէ: Բայց փաստ է, որ Սիրիա զենք ու զորք ուղարկելը ընդունել է և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ՈՒշադրություն է հրավիրում իր վրա նրա հայտարարությունը, որ բացատրում է Ռուսաստանի գործողությունները: Թուրքական որոշ լրատվամիջոցներ «Հանդուգն խոստովանություն» վերնագրով ներկայացրին թեման: «Երբ Ռուսաստանը ավիաբազա է ստեղծում սիրիական Լաթաքիայում և տարածաշրջան է փոխադրում զինուժ, տանկեր ու հրետանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատեց զենքի հատկացումը և բացատրեց ԻՊ-ի դեմ պայքարով»:
Եթե իրոք այդպես է, մենք մեր տարածաշրջանում բախվել ենք անհաղթ արմադային: Հիմա, երբ ԻՊ-ը ոչ մի կերպ չի հաջողվում ոչնչացնել, չնայած Թուրքիայի ու կոալիցիայի միջամտությանը, խաղի մեջ են մտնում, ակներևաբար, Ռուսաստանն ու Ասադը: Ճի՞շտ է կարծել, որ ահաբեկչական կազմակերպությունը, որ ամբողջ աշխարհին բանի տեղ չի դնում, կվախենա Ռուսաստանից ու Ասադից: Հարց է՝ կկարողանա՞ Ասադի կառավարությունը, որ կորցրել է վերահսկողությունը Սիրիայի մեծ մասի վրա, Ռուսաստանի տված զենքով հաղթել մի կազմակերպության, որից գլուխ չեն հանում ԱՄՆ-ը և կոալիցիոն ուժերը: ՈՒշադրություն դարձրեք ևս մի տեղեկատվության վրա. «Ռուսաստանն առաջարկում էր պաշտոնանկել Ասադին, բայց Արևմուտքը հրաժարվեց՝ համարելով, որ Ասադի վարչակարգը կտապալվի քաղաքացիական պատերազմի ընթացքում»: Եթե դա էլ ճիշտ է, ուրեմն Արևմուտքը սիրիական հարցում երկերեսանիություն է անում: Դա նշանակում է, որ ԻՊ-ի դեմ ստեղծված կոալիցիան Սիրիայում իրականում կարող է գործել ի պաշտպանություն Ասադի: Ոչ ոք չպիտի՞ բացատրի Թուրքիայի դերը այդ խաղում: Եթե այս փուլում ԱՄՆ-ը և կոալիցիոն ուժերը իրոք միավորեն Ռուսաստանի հետ իրենց ջանքերը, դա կնշանակի, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը համամիտ են, որ Ասադին պետք է պահել: Բայց եթե, այնուամենայնիվ, առաջվա պես ԻՊ-ը պահպանի իր դիրքերը, պետք է ընդունենք, որ գերտերությունների անհաղթ լինելն ավելին չէ, քան գեղեցիկ առասպելը:
Աբդուլկադիր ՕԶԿԱՆ/«Milli Gazete», Թուրքիա
Հ.Գ.
Ռուսական լրատվամիջոցները շարունակում են շեփորել, որ Սիրիայի հարցում փայլուն դիվանագիտական քայլով Մոսկվան վերադարձավ գերտերությունների հետ նույն հարթակ: Թեպետ ի՞նչ դիվանագիտություն, եթե խոսքը վերաբերում է զենքին ու զորքին: Վերադարձա՞վ, թե ո՞չ՝ Սիրիան երկրորդ պլան մղե՞ց ՈՒկրաինային, թե՞ ոչ, առայժմ հստակ չէ: Գործընթացը շարունակվում է: Սիրիայի հարցում բավականին չեզոք դիրք պահպանած Իսրայելի վարչապետն է արդեն հանդիպում Պուտինի հետ, բնականաբար, ոչ միայն ռուս-իսրայելական հնարավոր ու պատահական բախումը կանխելու, այլև ՌԴ նախագահի մտադրությունները հասկանալու համար՝ մինչև ո՞ւր կգնա Պուտինը: Այդ հարցը ոչ միայն Բենյամին Նեթանյահուին, Բարաք Օբամային ու կոալիցիոն դաշնակիցներին է հետաքրքրում, գուցե նաև՝ մտահոգում: Հանուն Արևմուտքի հետ հարաբերությունների փոփոխության՝ Պուտինը կհրաժարվի՞ Ասադից, թե՞ հարցի մեխը հենց Ասադն է, ոչ թե ԻՊ-ը, որի դեմ պայքարում, ինչպես թուրք լրագրողն է նկատում, այդպես էլ չպարզվեցին ԱՄՆ-ի ու կոալիցիայի իրական մտադրությունները: Հոկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ի՞նչ է ասելու Պուտինը, կայանալո՞ւ է այս պայմաններում արդեն պատմական դարձող Պուտին-Օբամա համաձայնությունը, թե՞ ՌԴ նախագահը գնալու է Նյու Յորք և ակամա վկա է դառնալու՝ ինչպես է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փորձում վետո դնել վետոյի այլ պետությունների՝ մասնավորապես ՌԴ-ի իրավունքի վրա: Իսկ այդ հարցում ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներից Մոսկվան առավելագույնը կարող է ունենալ Պեկինի աջակցությունը:
Իսկ Սիրիան այնքան մոտ է Հայաստանին: ՈՒ ավելի մոտ է Թուրքիան, որի հակաԻՊական ամբողջ պայքարը Սիրիայի տարածքում քրդական զինուժը ռմբակոծելն էր: Այն քրդերի, որ պայքարում են ԻՊ-ի դեմ: ՈՒրեմն ո՞վ է իրականում երկերեսանի՝ Անկարա՞ն, կոալիցիա՞ն, թե՞ Մոսկվան:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ