ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ

Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ
17.11.2015 | 01:37

Իսլամական պետությունը մի խոզ է, որ ուտում իր զավակներին: Այս մտքերն իրականում Ջոյսն ասել է Իռլանդիայի մասին, սակայն դրանք անչափ տեղին են նաև այս դեպքում, քանի դեռ Եվրոպան ուշքի չի եկել իր սրտում` Փարիզում, տեղի ունեցած հրեշավոր ահաբեկչություններից:
Անիմաստ է նաև արձանագրումը, թե ինչպես են մարդկանց աչքերն ու խորքը «հավասարվում» ցավի առաջ, և ինչպես ֆրանսիական աչքերի խորքում տեսանք մեր` 1915 թվի, հոկտեմբերի 27-ի «աչքերը», ևս մեկ անգամ հասկանալով` բոլորս մեկ մարմնում ենք, ու բոլորս նույն կերպ ենք հառաչում այս կյանքում:
Այո, «ինչ-որ մեկի» թեթև ձեռամբ սկսված արաբական գարունները, Իսլամական պետության ստեղծումն ու ուժեղացումը բումերանգի ուժով շուռ եկան դեպի Եվրոպա` ուտելու սեփական զավակներին: Երբ կհասնի ԻՊ-ը բուն «ծնողին», դժվար է ասել, քանզի ԱՄՆ-ը դեռ կարողանում է բոլորի հետ «կռվել» իր սահմաններից դուրս, բայց չկրկնենք, բոլորս նույն մարմնում ենք, և ԻՊ-ի նման հրեշի ձեռքերն անչափ երկար են, նրա սկսած մարտը մարդկության դեմ` անչափ թիրախային, որպեսզի մի օր էլ ուղտը չչոքի իրեն «ծնողի» դռանը:
Անչափ անտեսանելի` թիկունքից, անհայտ պահի, անհայտ տեղից ոչնչացնելու ԻՊ «հաղթողականությունը» կարծես և արդեն հասկանում են նաև ԻՊ-ի անդրօվկիանոսյան գործընկերները և «մեկ քայլ առաջ` երկու քայլ հետ» մարտավարությամբ փորձում ժամանակ շահել թե՛ փարիզյան ահաբեկչությունները աշխարհին «մարսել» տալու համար, թե՛ ռուսաստանյան վաբանկը սիրիական ճակատում «դանդաղեցնելու», թե «արբիտրի» իրենց դերն այդ ընթացքում «կանոնակարգելու» համար:
Նկատենք` ռուսական ինքնաթիռի պայթյունը տեղի ունեցավ Վիեննայում Սիրիայի հարցով համապատասխան կողմերի հանդիպումից «րոպեներ անց»: Փարիզյան ահաբեկչությունները` նույն խմբի երկրորդ հանդիպման օրը: Պատահականությո՞ւն էր այդ ամենը, թե՞ ոչ, թողնենք փորձագետներին, մենք արձանագրենք, որ Վիեննայում բոլորը բավականին լուրջ պոկում փորձեցին արձանագրել բանակցություններում` առաջիկա ամիսների ընթացքում պետք է Սիրիայում ընտրություններ տեղի ունենան, պետք է փոխվի սիրիական սահմանադրությունը: Կողմերն ու աշխարհը կարծես գոհ էին, սակայն հետբանակցային ասուլիսում, ռուսական կողմի համար անսպասելի, ԱՄՆ-ի պետքարտուղար Քերին գրեթե հայտարարեց, որ աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի պատճառն Ասադն է: Եվ իհարկե` ո՛չ իր մարդակեր «զավակ» ԻՊ-ը:
Սա գրեթե զրոյի հավասարեցրեց բանակցությունները, որովհետև որքան էլ կողմերը քաղաքական համաձայնության էին եկել, այնուհանդերձ, գլխավոր հարցում` Ասադի մնալ-չմնալու, նրանք տարաձայնություններ ունեն, և ձեռք բերված «փխրուն» առաջընթացը լոկ ծխածածկույթ է։ Հավատալ, որ անգամ Ֆրանսիայում տեղի ունեցած հրեշավոր զարգացումներից հետո, ի վերջո, արևմտյան և ռուսական (պայմանականորեն ձևակերպած) կոալիցիաները միասնական ճակատով հանդես կգան ոչ միայն Սիրիայում, այլև աշխարհն ահաբեկչությամբ ցանցապատած ԻՊ-ի դեմ, ռոմանտիկայի ոլորտից է, եթե անգամ G-20-ի շրջանակներում միմյանց են հանդիպում աշխարհի երկու գերտերությունների ղեկավարները` Պուտինն ու Օբաման, և որ այդ հանդիպումը G-20-ի շրջանակներում նախատեսված չէր, ու եթե հիշենք, թե ինչ երկար պատմություն եղավ ՄԱԿ-ի յոթանասունամյակի նախաշեմին նրանց հանդիպման առնչությամբ, երբ յուրաքանչյուր կողմ պնդում էր` թե «այդ Նինա՜ն իրենց շատ խնդրեց», այնուհանդերձ, լավատեսությունն այդ հանդիպումից նույնպես մեծ լինել չի կարող:
Չի կարող, որովհետև կողմերի շահերն ու հետաքրքրությունները Մերձավոր Արևելքում և մասնավորապես Սիրիայում, որևէ կերպ չեն համընկնում և չեն համընկնելու: Եվ որքան էլ այսօր «վիրավոր» Ֆրանսիան Մերձավոր Արևելքում ռմբակոծի ահաբեկիչների «բոևիկներ» պատրաստող ԻՊ-ի կենտրոնները, ոչնչացնի դրանք, որքան էլ եռամսյա արտակարգ իրավիճակը Ֆրանսիայում երկարաձգվի, որքան էլ աշխարհն ու Եվրոպան «ոտքի կանգնեն», Ռուսաստանն էլ իր հերթին մտածի, որ բարեկամ Ֆրանսիան, ի վերջո, կմիանա Սիրիայում իր պայքարին ԻՊ-ի դեմ` համատեղելով «երկուսը մեկում»` արևմտյան և ռուսական կոալիցիաները:
Անհնար է: Սա մաշող, երկարատև ռանդևու է, որի ելքը լոկ Աստված գիտե:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ