Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

«Հոգի շահելու լավագույն ձևը հոգու հետ լինելն է, ոչ թե դրամի հետ»

«Հոգի շահելու լավագույն ձևը հոգու հետ լինելն է, ոչ թե  դրամի հետ»
25.12.2015 | 00:58

«Իրատեսի» հյուրն է ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ:

«ԵՐԳ ԳՐՈՂՆ ԱՅՆ ՄԱՐԴՆ Է, ՈՐԸ ՈՉ ԹԵ ԿԱՐՈՂ Է ԵՐԳ ԳՐԵԼ, ԱՅԼ ՉԻ ԿԱՐՈՂ ՉԳՐԵԼ»


-Մաեստրո, կոնսերվատորիայում կայացած Ձեր երեկոյի ընթացքում ասացիք, թե մարդը կարիք ունի երաժշտության, երաժշտությունն էլ՝ մարդու: Ձեր երաժշտությունը գտե՞լ է իր մարդուն:
-Մարդուն, անհատին, որը հաստատում է իմ երաժշտությունը, այո՛, գտել է: Եվ վաղուց: Սա ինձ համար շատ կարևոր է, որովհետև եթե ես հարյուրավոր երգեր գրած լինեմ կամ մեկ այլ գործ արած լինեմ և դա չկպչի մեկ ուրիշի հոգուն, ապա ես չեմ կարողանա գնահատել իմ արածի արժեքը: Այն, ինչ անում եմ ես, այնպես եմ անում, որ ոչ դրանից ավելի լավ կարող եմ անել, ոչ էլ ավելի վատ: Կյանքի երջանկության մոդելը պարզագույն բաների մեջ է. երբ մարդը խոսում է, և դիմացինը գլխի շարժումով իր համաձայնությունն է արտահայտում, դա ամենաերջանիկ պահն է: Ես դա գտել եմ մարդկանց մեջ: Բայց ինձ պակասում է այն, որ այսօրվա հայ երգիչների շրջանում չեմ գտնում այդ երգերը կատարելու ձգտումը: Դա արդեն մի ուրիշ չարիք է: Մեզ մոտ սողոսկում է մի տեսակ տնայնագործական մշակույթ, որի հիմքում դրված են ոչ թե գեղագիտական արժանիքների սկզբունքները, այլ հետաքրքրությունների: Մեր «շուկայում» գործող երգիչների մեծ մասը գնում է միայն առարկա, նյութ վաճառելու և դրամ շահելու ճանապարհով: Լավ իմանալով, թե քամին որ ուղղությամբ է փչում, նրանք ինչ-որ ժամանակավոր բաներ են սարքում (չեմ ասի՝ գրում), որպեսզի դրանցով գումար շահեն, թռչեն առաջ: Որպես կանոն՝ դրանք մեկօրյա կյանք ունեցող սուրոգատներ են, որոնց մեջ չկա հուզումը՝ երջանկության հուզումը, որը գալիս է ներդաշնակ հոգու ապրումներից, ինչ-որ բան սիրելու վիճակից: Նկատե՞լ եք՝ սիրող մարդու հայացքն ինչպիսի խորություն ունի, ինչ վերացած է ռեալությունից: Այդ զգացումը շատ կարևոր բան է: Այն գալիս է միանալու, ավելանալու մեր ռեալությանը, ոչ՝ փոխարինելու դրան: Երբ մարդն ամուր ոտքերով կանգնած է հողի վրա և երազների մեջ է ապրում, ձգտում է դեպի երկինք, դեպի ոչ նյութական զգացումները, դա ամենակատարյալ վիճակն է: Բոլոր իմ ստեղծագործ ընկերները, որոնք թողեցին հողի զգացումը, հեռացան, նրանք այլևս չեն կարողանում գտնել իրենց ստեղծագործական գաղտնիքը:
-Մենք տարբեր հեռուստանախագծերում, զանազան մրցույթներում հանդիպում ենք շնորհալի երիտասարդների, որոնք հիացնում են համաշխարհային հիթերի իրենց կատարումներով: Բայց սկսվում է նրանց անհատական բեմական կարիերան, և նրանք դառնում են դժգույն, անարտահայտիչ, որովհետև կատարում են իրենց, այսպես ասած, երգերը՝ բնավ չարթնացնելով մշակութային հրճվանք ունկնդրի շրջանում: Փաստորեն նրանք երգ չունեն: Ո՞վ է այսօր երգ գրողը, ո՞վ է այդ բացը լրացնողը:
-Երգ գրողն այն մարդն է, որը ոչ թե կարող է երգ գրել, այլ չի կարող չգրել: Նմանապես երգիչը նա չէ, որ կարող է երգել, նա է, ով չի կարող չերգել: Այսօր շուկան է երգ գրում: Երգը դարձել է ծախու ապրանք: Սա մասսայական կուլտուրայի ֆենոմենն է: Սա գեղարվեստի սկզբունքների մեջ չի մտնում, մտնում է շուկայական պահանջարկի մեջ. սարքել մի բան, որը հեշտությամբ կվաճառվի: Եվ դրա վարպետները կան. լավ գիտեն՝ ինչպես սարքեն, ինչպես շարժեն-բեմ դուրս բերեն կլիշեներ, դեկորացիաներ, կիսամերկ մարմիններ, մարմնային կրքերի ճանապարհով գնացող բաներ, որոնցով մարդկանց բնազդների վրա ներգործելով՝ հասնեն ինչ-որ արդյունքի: Ես չեմ ուզում շատ խիստ լինել, որովհետև կարծում եմ, որ ոչ ոք իրավունք չունի ինչ-որ բան բացառելու այս կյանքում: Բնության ֆենոմենը, ազատության ֆենոմենն այն է, որ ամեն ինչ, բոլոր տեսակները պետք է գոյություն ունենան և իրենց տեղում լինեն: Եվ քո խնդիրը ոչ թե պետք է լինի դրանց դեմ ընդվզելը, այլ դրանք ընդունելը: Եթե դու մերժես ինչ-որ վատ բան, դրա փոխարեն գալու է մեկ ուրիշ վատը: Դրանցից յուրաքանչյուրը Մենդելեևի աղյուսակի միավորների նման ունի իր պահարանը, իր տեղը: Եվ կուլտուրան ձևավորվում է այդ ձևերի միջև գոյացած հարաբերությունների շնորհիվ: Եթե բոլոր մարդիկ նույն ձևով մտածեին, նույնչափ ուշադիր լինեին մեկմեկու հանդեպ, նույնքան բարի ու հանդուրժող լինեին, կուլտուրայի գործառույթը կվերանար առհասարակ: Իսկ կուլտուրան երբեք չի վերանում: Այն ունենում է տարբեր տեսակներ, տարբեր մակարդակներ: Քանի որ աշխարհը կառուցված է տարբերությունների վրա, տարբերությունների համակարգը գալիս է համաձայնության միայն կուլտուրայի միջոցով: Եվ դրանց մեջ ձևավորվում է միասնական մի կերպարի հանդեպ ունեցած ակնածանքի զգացումը: Ես ընդունում եմ, որ էդ բոլոր բաները պիտի լինեն, ես չեմ կարող դրանց գոյությունը մերժել: Յուրաքանչյուր մարդ իր ձևով է ընկալում աշխարհը: Այսօր մարդիկ ուզում են շուկայական ապրանքի՝ երգի միջոցով դրամ վաստակել: Բայց կգա մի պահ, երբ նրանք կհասկանան, որ հոգի շահելու լավագույն ձևը հոգու հետ լինելն է, ոչ թե դրամի հետ:

«ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ՃԱՆԱՊԱՐՀ, ՈՐ ՁԳՎՈՒՄ Է ՄԻ ՄԱՐԴՈՒՑ ԴԵՊԻ ՄԵԿ ՈՒՐԻՇ ՄԱՐԴԸ»


-Ասում եք, Ձեզ միշտ 38 տարեկան եք զգում: Ի՞նչ տարիք է դա, ինչ-որ բանով նշանավորվե՞լ է այն Ձեր կենսագրության մեջ:
-Կարելի է այդ խոսքս դիտել որպես կոկետություն: Տարօրինակ է. 35-ի մեջ սկսեցի հասկանալ, թե ոնց եմ ապրում: Հետո հասա 40-ին, 50-ին, 60-ին… անընդհատ բացվող էջեր էին, կարծես գիրք կարդալու պրոցես լիներ. ինչքան մոտենում ես վերջին, այնքան ավելի լավ ես զգում-հասկանում, թե ինչ նյութի մեջ ես: 38-ը մեխել եմ իմ մեջ ոչ թե հետագա տարիներին, այլ հենց այդ տարիքն ապրելուց անմիջապես հետո: Ինձ թվաց, որ ես անընդհատ պիտի լինեմ այդ տարիքի մեջ: Ինչ է դա նշանակում, չգիտեմ: ՈՒղղակի ես իմ ամբողջ կյանքը կառուցում եմ հիացումի վրա՝ ուղղված դիմացի մարդուն: Դրանով ես ավելի հեշտ եմ դիմադրում ցավին, դժվարություններին, կարողանում եմ վերանալ այն տեղում, որտեղ գոյանում է պրոբլեմը: 38-ն ինձ համար աշխատանքային տարիք է:
-Կոմպոզիտորները, որոնք ավելի շատ ճանաչված են ֆունկցիոնալ երաժշտությամբ, չբավարվածության զգացում են կրում իրենց ներսում այն իմաստով, որ իրենց դասական ժանրում գրված գործերը չունեն բավարար մեծ լսարան: Դուք չունե՞ք այդ զգացողությունը:
-Լավ եք ասում՝ ֆունկցիոնալ երաժշտություն: Եթե իմ երգերի աշխարհն ինձ չպարգևեր այն մեծ բերկրանքը, որ պարգևել է, հնարավոր է, որ ես ունենայի նման զգացողություն, բարդույթավորվեի: Բայց ես առհասարակ հանգիստ եմ վերաբերվում նրան, թե ինչ ֆետիշ ունի իր մեջ մարդու արարած գործը: Իհարկե, շատ կուզենայի, որ իմ «Պոետի կյանքը», Դաշնամուրային կոնցերտը, «Կանտատ սիրո» ստեղծագործությունը, Կվարտետը, մյուզիքլները, խմբերգերը, շատ ուրիշ այդ տեսակի գործեր ավելի մեծ ուշադրության արժանանային: Բայց և Ձեր նշած չբավարարվածությունը չունեմ: Ես վերջերս ունեցա համերգ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողների հետ, որոնք ներկայացրին ծրագիր՝ բաղկացած իմ երգերից: Իհարկե, այդ տարիքի երեխան, երբ չի ապրել սեր զգացմունքը, չի տեսել նրա տվայտանքը, տառապանքը, չի իմաստնացել դրանով, դժվար թե կարողանա լինել այդ երգերի կրողը: Բայց համարձակվեցինք, երգեցինք և ստացվեց: Այդ ստեղծագործությունները 1970-ականների ծնունդ են: Այսքան տարի հետո դրանց հանդեպ ծնվեց հետաքրքրություն: Ես զգացողություն ունեմ, որ դրանք այն երգերն են, որոնք այդ երեխաներինն են, որոնք արթնացել են նրանց մեջ: Ես չտեսա դրանցում խոցելի, ժամանակավրեպ մի բան: Ես կյանքը համարում եմ ճանապարհ, որ ձգվում է մի մարդուց դեպի մեկ ուրիշ մարդը: Դեպի մեկ ուրիշ մարդը գնալով՝ դու էլ, դիմացինդ էլ ինչ-որ բան եք դնում այդ ճանապարհի վրա: Եվ երբ երկուստեք ներդրում եք անում, ճանապարհի այդ հատվածի վրա կյանքն սկսում է եռալ, գոյանում է կյանքի գործոնը: Իսկ երբ ո՛չ դու, ո՛չ դիմացինդ ոչինչ չեք դնում տվյալ տարածքում, այդտեղ կյանք չի լինում: Ամենահեշտ բանն է կյանքում ուրիշին մեղադրել որևէ թերության համար, բայց դա ամենաանշնորհակալ բանն է, որովհետև չպետք է մոռանանք, որ այդ կյանքի ֆենոմենը բաղկացած է երկու մարդու գործոնից: Աշխարհն այդպես է կառուցված:
-Դուք այնքա՜ն գեղեցիկ համագործակցություն եք ունեցել Էլվինա Մակարյանի, Զառա Տոնիկյանի, Գեորգի Մինասյանի, Տաթևիկ Հովհաննիսյանի, այլոց հետ: Այսինքն՝ կայացել է երկու մարդու՝ Ձեր ակնարկած երկխոսությունը: Այսօր այդ մարդկանցից մեկը պակասե՞լ է, որ երկխոսությունը խզվել-ընդհատվել է, թե՞ կա այլ պատճառ:
-Ես կարծում եմ, որ այսօր մարդը մենակացել է: Մարդը մի արտաքին գրավչանյութի պատճառով, որը ճակատագրական գրավչանյութ է ¥ես նկատի ունեմ հեռախոսը¤, դարձել է բացարձակ մենակ: Իր ֆիլհարմոնիկ պահանջները, ուշադրության մեջ լինելու խնդիրը նա կարողանում է լուծել հեռախոսի միջոցով: Ինքը մնում է օրենքից դուրս, ապրում է միայն զգացումներով, իներցիայով: Նախկինում համերգից հետո մարդիկ մոտենում էին և շնորհավորում այս կամ այն ստեղծագործության հաջողության առիթով, փոքր անալիզ էր տեղի ունենում հանպատրաստից: Այսօր համերգից հետո մոտենում ու ասում են. «Ինձ հետ կնկարվե՞ք»: Այսինքն՝ ակցենտը տեղափոխվել է դեպի ինքը: Ոչ թե դեպի այն գործը, որը մեզ միավորել է, այլ դեպի իր անձը: Եվ ես մարդուն գտնում եմ մենակացած: Մեծ ջանքեր է հարկավոր գործի դնել, որպեսզի մարդը կարողանա դուրս գալ այդ մենակացած վիճակից: Չգիտեմ՝ ինչպես, բայց դա նոր ժամանակների մեծագույն խնդիրն է:

«ԲՈԼՈՐ ԱՆՑԱԾ ՏԱՐԻՆԵՐԸ ՄԻ ՀՐԱՇԱԼԻ ՎԶՆՈՑԻ ՔԱՐԵՐ ԵՆ»


-Եթե փորձենք 2015 թվականն ընդհանուր գնահատականով արժևորել, ի՞նչ պատկեր կստացվի:
-Բոլոր անցած տարիները մի հրաշալի վզնոցի քարեր են: Շատ բանով իրարից չեն տարբերվում, որ կարողանաս առանձնացնել այս կամ այն տարին: Միշտ էլ փորձությունը կա, ինչպես այս տարի. ես վիրահատվեցի, թևս վնասված էր, չէի կարող երկար ժամանակ նվագել: Բայց պիտի միշտ մտածես, որ այն, ինչ տեղի է ունենում, քեզ ամրացնելու համար է տեղի ունենում, ոչ թե պատժելու: Փոսի մեջ ընկնելն այնքան վտանգավոր չէ, որքան դրանից եզրակացություն չանելն ու դուրս գալու հնարը չգտնելը: Ինձ համար տարին ուրախալի էր նրանով, որ ես համերգային և ստեղծագործական զգալի նորացումներ ունեցա: Այս տարի հնչեց իմ Կանտատը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, գրեցի մի քանի քաղաքների, դպրոցների հիմներգեր, իմ մեջ ակտիվացավ բանաստեղծական հակումներիս մոլորությունը (այդպես որակենք): Տարին դեկորացված էր տարբեր իրադարձություններով. համերգ ԱՄՆ-ի «Կարնեգի հոլլ» սրահում, համերգ կոնսերվատորիայի ուսանողության հետ, որը հոգեզրույց էր մարդու հետ, հիշատակածս համերգը քոլեջի սաների հետ, որն աննախադեպ աշխատանք էր: Մենք ամենամեծ թռիչքին ընդունակ ենք, երբ մեզ վստահում են: Ես քոլեջի երեխաներին օգնում եմ փարվելու հայոց իրական մշակույթին, ճանաչելու այն, որովհետև ոչ մի հարթակ չկա (մանկապարտեզ, դպրոց, հեռուստացույց, ռադիո, համերգասրահ և այլն), որտեղ մեր կրտսեր սերունդը կարողանա ծանոթանալ իր ազգային երաժշտությանը: Ստացվում է, որ այս նոր սերունդը փարվում է օտար փայլփլուն դեկորացիաներին՝ չճանաչելով իրենը: Եթե փարվում են ամերիկյան երաժշտությանը, պիտի երազեն հետո էլ Գլենդելում ապրելու մասին: Իսկ երբ իրենց երաժշտությունն են ճանաչում, հասկանում են, որ իրենք աշխարհում ունեն մի խոսք, որը ոչ մեկի կրկնությունը չէ: Դրանից ոգևորություն են ապրում, որն ունենում է մեծ արդյունք: Ես քոլեջի երեխաների հետ ստեղծում եմ մի խումբ՝ «Նոր ալիք», որի միջոցով պիտի կարողանանք ի հայտ բերել և՛ մեր երեխաների շռայլ տաղանդը, որը, ի հեճուկս կյանքի դժվարությունների, վերածնվում է ամեն օր, և՛ այդ տաղանդի միջոցով լուծել հայրենապահպանության խնդիր:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1953

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ