Հայաստանի և Ադրբեջանի նախագահների դեկտեմբերյան հանդիպումից առաջ
ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հույս էր հայտնել, որ կառուցողական քննարկումներ կլինեն: «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում կողմերից մեկին պաշտպանելու փորձերը, ինչպես անում է Թուրքիան, ապակառուցողական են և չեն կարող շարունակվել»՝ հայտարարել էր Ալեքսանդր Լուկաշևիչը «Россия-24»-ի հեռուստաեթերում: Նա ընդգծել էր, որ ԵԱՀԿ-ն չի աջակցում միակողմանի տեսակետը: «Հստակ ընկալում կա, որ երեք համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, հիմնական ծանրությունն են կրում, ինչպես Մինսկի խմբի անդամները, որտեղ նաև Թուրքիան է, բայց առաջատար դերը երեք համանախագահներինն է»՝ ասել էր նա: Ռուս-թուրքական հարաբերություններն արդեն ապրել էին նոյեմբերի 24-ի ֆիասկոն և Մոսկվան վերագնահատում էր տարածաշրջանում գերակայությունները: Հունվարին արվեց հաջորդ քայլը՝ ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը՝ Tert.am-ին տված հարցազրույցում ասում էր. «Ադրբեջանի նախագահը բանակցային գործընթացի ներկա փակուղին բացատրում է բացառապես Հայաստանի և միջնորդների կեցվածքով: Ալիևի կարծիքով՝ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի թելադրած պայմանները, այսինքն՝ առանց որևէ երաշխիքի, առանց քաղաքական կարգավիճակի հստակեցման Բաքվի իշխանությունների հսկողությանը վերադարձնել ԼՂՀ տարածքը և անվտանգության գոտին: Փաստացի սա նշանակում է լիարժեք կապիտուլյացիա, հաղթողին՝ մանրադրամ: Ալիևի հայտարարությունից հետևում է, որ նման զարգացում պետք է լինի միջնորդների ճնշման տակ, նրանք պետք է ճնշեն ԼՂ-ն «օկուպացրած» կողմին: Ադրբեջանական կողմի հոռետեսական գնահատականը բխում է բանակցային գործընթացի էությունը չհասկանալուց: Միջազգային միջնորդների գործառույթները, մանդատը պետք է ճնշեն հակամարտության կողմերից մեկին այնքան, քանի դեռ չի ընկրկի հակամարտության մյուս կողմի առաջ: Միջնորդները պետք է կարգավորեն բանակցային գործընթացը, որտեղ հակամարտող կողմերը պետք է գտնեն ընդունելի լուծում: Երբ լուծումը կգտնվի, կողմերը պետք է հանդես գան դրան հետևողական լինելու դիրքերից: Ադրբեջանական կողմը հիասթափվել է բանակցային գործընթացից, որովհետև չի հասկանում բանակցային գործընթացի էությունը, որի նպատակը խնդիրը խաղաղ և կոմպրոմիսային լուծելն է»: Զգացի՞ք շրջադարձը: Հրապարակային հայտարարությունների մակարդակով Մոսկվան լիովին ձերբազատվում է Ադրբեջանի հետ կուլիսային սեպարատ խաղերից և մեղադրում նրան բանակցային գործընթացի էությունն աղավաղելու մեջ: Սա առաջին քայլն է, երկրորդ քայլով Մոսկվան ասպարեզը թողնում է ԱՄՆ-ին ու հայտարարում, որ եթե
ամերիկյան դիվանագիտությունը գտնի Բաքվի վրա ներազդելու գործուն միջոցներ, զսպի նրա ռազմատենչ «եռանդը», հակամարտության գոտում, լարվածությունը կնվազի: Եթե ամեն ինչ սահմանափակվի լոկ բառերով, որևէ ազդեցություն ունենալ չի կարող: Գործուն միջոցները՝ բառացի չեն անվանվում, պարզ է, որ նկատի են առնվում պատժամիջոցները: Այսինքն՝ Մոսկվան առաջարկում է ԱՄՆ-ին, հեռանկարում նաև՝ ԵՄ-ին, իբրև Մինսկի խմբում Ֆրանսիայով ներկայացված կառույց, պատժամիջոցներով ներազդել Ադրբեջանի վրա: Միջազգային ասպարեզում սա լուրջ առաջարկ է, համարյա արկածախնդրական, բայց մանրամասների մեջ մտնելիս, այնքան էլ անհիմն չէ՝ եվրոպական բոլոր միջազգային կառույցները, բացի ԵԽԽՎ-ից, որն Ադրբեջանի միջնաբերդն է Եվրոպայում, մարդու իրավունքների ու քաղաքացիական հասարակության բռնաճնշումների հետևանքով խիստ քննադատել ու դատապարտող բանաձևեր են ընդունել Ադրբեջանի վերաբերյալ: Բաքվի միակ կռվանը մնում են նավթն ու գազը, ելնելով նավթի գնանկումից, միայն՝ գազը: Կբավարարի՞ ադրբեջանական գազը՝ հանուն Ղարաբաղի պայքարում հաջողության հասնելու: Հավելեմ, որ ադրբեջանցիների միայն 23 տոկոսն է ղարաբաղյան հակամարտությունը ամենաարդիական թեման համարում՝ minval.az կայքի հարցման համաձայն՝ հակառակ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, ամբողջ պետական համակարգի ռազմատենչ ու հակահայ քաղաքականության: Պատահական չէ, որ ռուսական պատժամիջոցների տակ գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նորից է հայտարարել. «Հայաստանն «օկուպացրել» է Ադրբեջանի տարածքի 20 %-ը։ Առանց այդ խնդրի լուծման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ադրբեջանի խնդիրն անմիջականորեն Թուրքիայի խնդիրն է»՝ ըստ haberler.com-ի։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՈՒ ի՞նչ: Առայժմ ոչինչ: Միջազգային ասպարեզում ոչինչ կայուն ու հաստատուն չէ, արագ են փոխվում իրավիճակները, շահերը ու ձեռնտու լուծումները: Այս իրավիճակը կարող է լինել շահերի կարճաժամկետ համընկնում, որ արագ կվերադառնա ելակետ, կարող է շարունակվել՝ ավելի խորանալով: Ռուս-թուրքական հակամարտությունը Սիրիայում է, որտեղ նրանց շահերը առճակատվում են Մերձավոր Արևելքի ապագայում ունեցած ազդեցության համար: Փաստացի՝ ԻՊ-ի դեմ կռվելու համար Մերձավոր Արևելքում ստեղծվել են երկու հիմնական դաշինքներ, որ իրականում միմյանց դեմ են պայքարում և այդ պայքարն օրավուր ակնառու է դառնում: Եթե ԻՊ-ը դուրս գա արանքից, նրանք կարող են իրար դեմ դուրս գալ:
Վերջին իրադարձությունները Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջև՝ դիվանագիտական ու առևտրական կապերի խզումը, ամբոխի հարձակումը Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա շիա հայտնի հոգևորական Նիմր ան Նիմրի մահապատժից հետո, կարող են վերածվել լրջագույն առճակատման՝ գրում է Վլադիմիր Ֆրոլովը The Moscow Times-ում: Թվում է՝ Ռուսաստանը չկա այդ առճակատման մեջ, իրականում լավ խճճվել է: Իրավիճակը սրելու Էր Ռիադի վերջին քայլերը ազդանշան են թե Թեհրանին, թե Մոսկվային, որ կամ պետք է չեզոքություն պահպանի, կամ հեռու մնա մերձավորարևելյան տարածաշրջանից: Իսկ Ռուսաստանը չեզոքություն չի պահում շիաների ու սուննիների մեծ դիմակայության մեջ: Գլխովին նետվելով Սիրիայի քաղաքացիական պատերազմի մեջ՝ Մոսկվան հայտնվել է շիական ալյանսում, Իրանի, Սիրիայում Ասադի վարչակարգի, լիբանանյան «Հըզբոլլահի», Իրաքի միակրոն շիական խորհրդարանի, շիական զինված խմբավորումների հետ, որ պահում է Իրանը: Դա լավագույն դիրքը չէ՝ Մերձավոր Արևելքի մուսուլմանների մեծամասնությունը սուննի է: Կրեմլի հավաստիացումները, որ ահաբեկչության դեմ պայքարում սուննի-շիա բաժանում չի տեսնում, շատ խոսուն են որոշումների որակի առումով: Հետխորհրդային ժամանակամիջոցում Մերձավոր Արևելքում Ռուսաստանի մեծագույն խաղաթուղթը անկողմնակալությունն էր և բոլոր խաղացողների հետ լավ հարաբերություններ ունենալը՝ խուսափելով նրանց նեղ ազգային օրակարգերում պարփակվելուց: Դա Ռուսաստանին բարեխիղճ միջնորդի նախանձելի կարգավիճակ էր ապահովում, որ մանևրի լիակատար ազատություն ուներ, մինչդեռ ԱՄՆ-ը կաշկանդված էր Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի հետ հակաիրանյան ալյանսով: 2015-ին իրավիճակը փոխվեց, հիմա Ռուսաստանը պատասխանատու է Ասադի արյունոտ ոճիրների համար և ավելի գայթակղիչ թիրախ սուննի ջիհադիստների համար: Սաուդյան Արաբիային այնպիսի կարգավորում է պետք Սիրիայում, որ կսահմանափակի Իրանի ազդեցությունը և սիրիացի սուննիներին կտա իշխանության իրենց մասնաբաժինը: Այլապես ժնևյան բանակցությունները կարգելափակվեն և Սաուդյան Արաբիան ու Թուրքիան կսկսեն արնաքամել Ռուսաստանին ու Իրանին Սիրիայի միջնորդավորված անվերջանալի պատերազմում՝ կարծում է Վլադիմիր Ֆրոլովը: Իսկ հիմա այս համապատկերում վերագնահատեք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում ուղղակի և անուղղակի ներգրավված կողմերի շահերն ու քայլերը: Եզրակացությունները թողնում եմ ձեզ: