ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ինչպես և հատուկ է բոլոր նորանշանակ նախարարներին, առաջարկում է լուրջ փոփոխություններ իրականացնել համակարգում։ Սա գրեթե անլուծելի խնդիր կարող է լինել, քանի որ այս ոլորտում մինչ օրս իրականացված բարեփոխումները, այդ թվում՝ 12 տարվա ուսուցումը, միջազգային կառույցների թելադրած ծրագիրն է, ինչի դիմաց ՀԲ-ն տարիներ շարունակ մեծածավալ վարկային միջոցներ է հատկացնում ՀՀ-ին։ Արդյոք ԿԳ-ն կարո՞ղ է հրաժարվել այդ ծրագրերից, և այդպիսով ֆինանսական խնդիրներ չի՞ ունենա։ Ի վերջո, թելադրված քաղաքականությունն ընդունել է ՀՀ-ն։ Այս հարցի շուրջ զրուցեցինք ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի անդամ ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ։
-Կրթական ոլորտում բարեփոխումների իրականացումը ՀՀ-ի քաղաքականությունն է եղել և սեփական որոշումը,- ասաց պատգամավորը։- Այլ բան է, որ փորձ է արվել գտնելու միջոցներ այդ բարեփոխումներն իրականացնելու համար։ Չէի ցանկանա, որ ձևավորվեր այնպիսի տպավորություն, թե իբր միջազգային կառույցներն են Հայաստանում իրականացրել և իրականացնում այն, ինչ իրենք են ցանկանում, նման բան չկա։ Մենք ՀԲ-ի կրթական տարբեր վարկային ծրագրերի շրջանակներում մեր ընտրությամբ իրականացրել ենք բարեփոխումներ, որոնք նպաստել են ոլորտի զարգացմանը։ Այդ ծրագրերից կառանձնացնեի հայերեն դասագրքերի ստեղծումը, դպրոցներում խորհուրդների կառավարման նոր ձևի ներդրումը, ուսուցիչների վերապատրաստումը, ավագ դպրոցների ստեղծումը, նոր գնահատման համակարգի ներդրումը և այլն։ Այնպես որ, բոլոր ծրագրերը նպաստել են ոլորտի զարգացմանը։ Եվ ընդհանրապես, ցանկացած նոր ծրագիր, լինի դա վարկային, թե ոչ, առաջնահերթ քննարկվում է ՀՀ ԿԳ նախարարության հետ։ Ընդհանուր շահերի, նպատակների, քննարկումների արդյունքում է որոշվում կյանքի կոչել այս կամ այն ծրագիրը։ Այնպես չէ, որ մենք պարտադրված ենք անելու այն, ինչ չենք ցանկանում։
-Այդ դեպքում...
-Կռահելով Ձեր հարցը՝ ընդհատեմ Ձեզ և պատասխանեմ հարցին։ Այլ բան է, որ կրթական բարեփոխումների բոլոր փուլերում էլ առաջացել են որոշ խնդիրներ, ինչը բնական է։ Դրանք արմատական կտրուկ փոփոխություններ են եղել նախկին ծրագրերի համեմատ։ Այնպես որ, հնարավոր է, որ առաջ գան բացասական երևույթներ։ Համաձայնեք, որ աշխատանքի ընթացքում են ի հայտ գալիս թերությունները։ Եվ դրանց լուծման նպատակով նոր վարկային ծրագրով պետք է վերանայվեն տասը տարի առաջ ստեղծված չափորոշիչները։ Կրթական ոլորտն այն ոլորտն է, որ ոչ ոք չի կարող մի կախարդական փայտիկի շարժումով բոլոր խնդիրները լուծել։ Անկախ այն բանից, թե ով է նախարարը և ծրագրերը որտեղից են ֆինանսավորվում։
-Յուրաքանչյուր նորանշանակ նախարար խոսում է նոր մոտեցումների անհրաժեշտության մասին։ Տասներկու տարվա ուսուցումը ներդրվեց Հայաստանում, նպատակ ունենալով վերացնելու կրկնուսույցների ինստիտուտը և աշակերտին նպատակային դասավանդում տալու։ Սակայն նպատակը մնաց որպես նպատակ։ Այժմ ԿԳ նախարարն այս խնդիրը բարձրացնում է։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ այս անգամ պետք է այն լուծվի։
-Եկեք մեր հույսը չկտրենք։ Պետք է մտածել, թե որտեղից է խնդիրը գալիս և փորձել վերացնել այն։ Գուցե անհրաժեշտություն կա վերանայելու ուսումնական պլանները, ծրագրերը՝ խմբերը ձևավորել ըստ աշակերտների պահանջարկի և...
-Տիկին Մուրադյան, հիմա էլ ինձ ներեք ընդհատելու համար, սակայն ուզում եմ հասկանալ Ձեր լավատեսության քաղաքական շարժառիթը։ Ինչո՞ւ եք համոզված, որ այս անգամ խնդիրը կլուծվի։
-Դուք իմ հույսը մի տարանջատեք ըստ քաղաքականության և ժամանակների։ Կրթական համակարգի զարգացման և գործընթացներն ավելի լավացնելու հարցում երբեք չեմ կորցրել հույսս, անկախ նրանից, ով է եղել և ով կլինի ԿԳ նախարարը։ Հույսս այն է, որ մենք ունենք լուծումների տարբերակ, և նախարար Լևոն Մկրտչյանը դրսևորում է կամք դրանց լուծման համար, ինչպես և պարոն Աշոտյանը։ Կրթական համակարգում մենք չենք կարող անհույս կրթություն իրականացնել։
Զրույցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ