ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Չեմ կարծում, թե Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնը անօրենության կարող է դիմել»

«Չեմ կարծում, թե Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության  կենտրոնը անօրենության կարող է դիմել»
16.06.2017 | 08:56

Քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման ցնցող չիպի մասին երկու ամիս առաջ Հայաստանում հայտարարեցին Նովոսիբիրսկի գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչները, սակայն Հայաստանի օնկոլոգներին ու հանրությանը դրա կիրառման ձևն անհասկանալի մնաց։ Ինչպե՞ս է այն կիրառվելու, և ինչո՞ւ է որոշվել, որ չիպն առաջին անգամ հենց պիտի Հայաստանում փորձարկվի։ Քանի որ Նովոսիբիրսկի գիտնականներն այդ հարցերը քննարկել են ՀՀ առողջապահության նախարարի հետ, կառավարության երեկվա նիստից հետո դիմեցինք նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ։

-Պարոն նախարար, ինչո՞ւ է առաջին անգամ այդ չիպը կիրառվելու Հայաստանում, գուցե ճի՞շտ կլիներ այն փորձարկել այլ երկրներում, նոր մեզ մոտ։
-Մեր գործընկերներին առաջարկվել է դիմել ՀՀ առողջապահության նախարարության դեղերի փորձագիտական կենտրոն, կանոնակարգված ձևով իրականացնել այդ չիպի փորձարկումները, դիտարկել արդյունքներն ու միայն դրանից հետո որոշել կիրառման նպատակահարմարությունը։
-Ձեզ ներկայացրե՞լ են՝ ինչ տարբերակով է չիպը կիրառվելու օնկոլոգիայի ոլորտում։
-Նման տիպի հանդիպումներում ներկայացվում է 5-10 սլայդ, ինչը հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերն ունենալու։
-Պարոն նախարար, ուզում եմ հասկանալ՝ չիպը տեղադրվելու է մարդու օրգանիզմո՞ւմ, թե՞ լաբորատոր սարքավորումների վրա։
-Չգիտեմ։ Ներկայացված առաջարկն ուղարկվել է փորձաքննության։ Նովոսիբիրսկի կողմը դեռևս չի դիմել փորձաքննությանը, ուստի կարծում եմ, որ դրա մասին խոսելը վաղաժամ է։
-Այդ դեպքում խոսենք Երևանում բացվող ֆրանսիական քիմիաթերապիայի բժշկական կենտրոնի մասին։ Մեր տեղեկության համաձայն՝ այժմ կենտրոնն աշխատում է դեղերի ներկրման արտոնագիր ստանալու ուղղությամբ, ինչը միշտ էլ խնդիր է եղել Հայաստանում։ Սրան զուգահեռ, ֆրանսիական կողմը վստահեցնում է, որ դեղերը ճապոնական արտադրության են լինելու, մինչդեռ տեղեկություններ կան, որ դրանք կորեական ծագման են։ Ո՞րն է երաշխիքը, որ ֆրանսիական կողմը կորեական դեղեր չի ներմուծի ճապոնականի անվան տակ։
-Ինձ վերապահված գործառույթների շրջանակում ես այդ երաշխիքը տալիս եմ։
-ՈՒռուցքաբանության ոլորտից ևս մեկ հարց. ի՞նչ եք կարծում, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի մասնավորեցումից հետո պետպատվերի ծավալը կկրճատվի՞։
-Պետպատվերը տրվում է ոչ թե Ֆանարջյանի անվան կենտրոնին, այլ սահմանափակ թվով հիվանդների՝ բուժման նպատակով։ Այն տարեկան 980 մլն դրամ է: Հաշվի առնելով Հայաստանում ուռուցքային հիվանդությունների աճը՝ նշված գումարը կարող է ավելանալ, բայց ոչ նվազել։ Նախատեսում ենք 2018-ի պետբյուջեով 70-80 %-ով ավելացնել պետպատվերի գումարը։ Ինչ վերաբերում է մասնավորեցմանը, կարծում եմ, այն աշխատանքները, որ պետպատվերի շրջանակներում այժմ իրականացվում են, կիրականացվեն նաև հետո՝ անկախ սեփականության ձևից։
-Այդ դեպքում ինչո՞ւ այսօր այդ կենտրոնում պետպատվերով նախատեսված ծառայությունները վճարովի են։ Ի դեպ, մենք բազմաթիվ զանգեր ենք ստացել հիվանդներից, որոնք բողոքում են, որ բարձրացել են ախտորոշիչ ուսումնասիրությունների գները, իսկ ճառագայթային թերապիան դարձել է վճարովի։
-Որևէ բուժհաստատություն իրավունք չունի գումարներ գանձելու այն ծառայությունների դիմաց, որոնք իրականացվում են պետպատվերով։ Եթե որևէ հաստատություն նման բան է անում, անօրինական է։ Չեմ կարծում, թե Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնը անօրենության կարող է դիմել։ Ամենայն հավանականությամբ, խոսքն ինչ-որ հավելյալ ծառայությունների մասին է։


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4070

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ