Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հերթը հասավ Իրանին

Հերթը հասավ Իրանին
09.01.2018 | 08:26

ԱՄՆ-ը սիրում է «դա անել» Ամանորի շեմին: Նոր տարվա մի այդպիսի հիշարժան օր էլ նա կախեց Սադամին: Կկարողանա՞ ԱՄՆ-ը Իրանի «փորոտիքը» խառնել այնպես, որ այնտեղ ևս տեղի ունենա «գունավոր հեղափոխություն», մանավանդ որ Սաուդյան Արաբիայից, Իսրայելից և բուն ԱՄՆ-ից «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգներն ու քրմերն արդեն իսկ Իրանում են` իրականացնելու ԱՄՆ-ի օրերս հրապարակված անվտանգության դոկտրինի սակրալ նպատակը` Իրանն Իրաք-Եգիպտոս-Լիբիա սցենարով «զարգացնելը», այն է` ֆունդամենտալ այդ երկիրը ներսից պայթեցնելը: Մանավանդ որ Իրանը «Մեծ Մերձավոր Արևելք» նախագծի բուն առանցքն է. «կունենաս» Իրանը` կունենաս ողջ Մերձավոր Արևելքը:
Մենք այսօր կանգ չենք առնի Իրանում տեղի ունեցող այդչափ բարդ գործընթացների վրա, ասելու, որ նույն Ռոհանիին ինչ-որ առումով նաև ձեռնտու են այս «ցնցումները». նա կարող է դրանք օգտագործել իր բարեփոխական ծրագրերն առաջ մղելու` երկիրը սոցիալական կոլապս-կոռուպցիայից փրկելու համար, չենք անդրադառնալու էքսցենտրիկ, իր ժամանակին ԱՄՆ-ին մարտահրավեր նետած, Հոմեյնիին երկրորդած («ԱՄՆ-ը սատանայական երկիր է») Ահմադինեժադի «ձերբակալության» չհաստատված լուրին, չենք խոսելու Իսրայելի` մնացյալ երկրների «արաբական գարունների» ժամանակ «տապ արած» կեցվածքի, իսկ Իրանի դեպքում` «ռմբակոծիչ» ակտիվության մասին, ինչպես նաև չենք անդրադառնալու Իրանի` վաբանկ գնալու և Երուսաղեմը Պաղեստինի հավերժական մայրաքաղաք հռչակելու դեմարշին:

Անդրադառնում ենք Հայաստանի վրա այդ զարգացումների անդրադարձումներին:


ա) Արտքաղաքական մասով. ասել, ինչ է եղել Իրանը ղարաբաղյան պատերազմի, հետպատերազմական շրջանի, ԵԱՀԿ ՄԽ-ի «պտիչկաների», սպասվող խաղաղապահության մասով, նշանակում է` ոչինչ չասել: Ֆիքսենք լոկ. Իրանի մոտեցումները հիմնականում հայանպաստ են եղել. Իրանը կառուցողական, բալանսավորված «ուս» է եղել Հայաստանի, տարածաշրջանի համար այդ առումով:


բ) Եթե, Աստված մի արասցե, Իրանում իրականացվեն իրաքյան, ուկրաինական սցենարներ, ապա Ադրբեջանը նույնպես խիստ կակտիվանա: Ընդ որում, ասում են, արդեն իսկ գունավոր հեղափոխությունների «մետրերը» տեղակայվել և աշխատում են հենց Ադրբեջանից: Խնդիրն այս դեպքում ընդհանրապես նուրբ է, որովհետև այդ տեխնոլոգները կարող են Իրանը պայթեցնել հենց «ադրբեջանական գործոնով»` Իրանի հյուսիսի ադրբեջանական հատվածը «միացնելով» Ադրբեջանին: Իսկ այդ ժամանակ արդեն զարգացումներն Արցախում անխուսափելի, նաև խիստ անկանխատեսելի կլինեն:


գ) Ի դեպ, կարելի է փոքր-ինչ ոտքը կախ գցել նաև Լարսի «շուրջ» սպասվելիք ֆորս մաժորի առումով: Կարո՞ղ ենք այդտեղ ևս իրանական «հետք» տեսնել. ԵՄ հանրությունը, փաստորեն, գիտեր Իրանում հնարավոր զարգացումների մասին և ֆորս մաժորի սցենար էր մշակել` Հայաստանի շրջափակումն ինչ-որ կերպ ճեղքելու համար` վրացական յուր «սանիկներին» հրահանգելով` կվիրիկաշվիլիատիպ հայտարարություն անել:


դ) Եվ վերջապես` ներքաղաքական առումով. բացի նրանից, որ ոչ ցանկալի զարգացումների դեպքում Հայաստանը կլցվի իրանցի փախստականներով (ոչ միայն հայ), ինչպես Սիրիայի դեպքում, այնպես էլ իրանյան «պայթյունը» կունենա ներքաղաքական անմիջական պրոյեկտում հայոց մեջ:
Չմոռանանք` «Սասնա ծռերը» «խիստ ին սիրում» իրանական ուղղությունը: Ապա և` երկիրը գտնվում է ոչ միայն ապրիլի, նախագահ-վարչապետ ընտրելու շեմին, այլև սահմանադրական կարգը վերջնականապես կյանքի կոչելու տրանսֆորմացիայի լրջագույն փուլում, երբ որոշվելու են ոչ միայն ուժային կարևորագույն կառույցների` ոստիկանության ու ԱԱԾ-ի հետագա ճակատագրերը, այլև ովքեր են լինելու այդ կարևորագույն կառույցների գլխին և` ում ղեկավարությամբ:
Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն էլ իր հերթին «մի բան գիտեր», որ անվերջ կրկնում էր. «Դեռ չգիտեմ։ Դեռ տեսնենք»:
Ոնց կասես` տեսնենք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ