«Ցանկացած ռազմական լուծում փնտրելու ճանապարհ լինելու է ողբերգական բոլորի համար՝ և՛ Արցախի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, որովհետև պատերազմը չի լինելու փոքր, չի լինելու քառօրյա պատերազմ, հսկայական թվով զենքեր կան տարածքում և լինելու է լրիվ դեստրուկտիվ»,- «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորումի» ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Վերջինս նկատեց, որ եթե որևէ մեկը կասկածում է՝ պատերազմից հետո շարունակելու է, օրինակ, շահագործել բնական ռեսուրսները, նավթ վաճառել, ապա սխալվում է:
Ապա ընդգծեց, որ տարածաշրջանի համար անկայունությունը, ռազմական գործողությունները լինելու են ողբերգական, ու այդ հարցում թող ոչ ոք կասկած չունենա:
«Հետևաբար լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են:
Արցախի ներկայացուցիչները բանակցային սեղանի շուրջ նախկինում եղել են, և հետո ՀՀ երկու նախագահները ներկայացրել են ոչ միայն Հայաստանի տեսակետը: Այսօր վարչապետն է բանակցողը, բանակցային քաղաքականության ձևավորողը վարչապետն ու ՀՀ արտաքին գործերի նախարարն են»,- հավելեց Սարգսյանը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ