Տեր-Պետրոսյանը գործարք է առաջարկում, որ Սարգսյանը չներկայանա ապրիլյանի հանձնաժողով
10.04.2020 | 12:48
Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակ-հորդորը, որ թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանն էր ուղղված, իշխանությունների սրտով չէ: «Իրատեսի» տեղեկություններով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, օրինակ, դուր չի եկել նախագահ Տեր-Պետրոսյանի հատկապես այն պնդումը, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պետք է դադարեցնի աշխատանքները: «Ինչու՞ դադարեցնենք, ո՞րն է իմաստը, միայն նրա համար, որ առաջին նախագահը կարծում է, թե ադ թեման գրգռու՞մ է հասարակությանը: Բայց չէ՞ որ մարդկանց մի զգալի մասն էլ սպասում է, թե երբ է հանձնաժողովն ամփոփելու աշխատանքն ու եզրակացություն տալու: Տարօրինակ է Տեր-Պետրոսյանի նման մոտեցումը, տպավորությունն այնպիսին է, թե նա գործարք է առաջարկում՝ սառեցնել ապրիլյան հանձնաժողովի գործունեությունը, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին չգա ու չպատասխանի մեր հարցերին»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը՝ վստահեցնելով, որ հանձնաժողովի աշխատանքները չեն դադարեցնելու:
Ըստ մեր զրուցակցի՝ եթե մտածենք, որ երկրում գերլարված մթնոլորտ է, ու վիրուսի դեմ պատերազմ ենք մղում, հետևաբար պետք է աշխատանքներն ինչ-որ ժամանակով սառեցնելու ճանապարհով գնանք, ապա այսօր գործող մի շարք ծրագրերի իրագործումը պետք է կասեցնենք. «Այնպես որ, աշխատանքների ընթացքը սառեցնելը հարցի լուծման ճանապարհ չէ, ու մենք սպասում ենք Սերժ Սարգսյանին, ում բազում հարցեր ունենք ուղղելու: Ավելին, հուսով ենք, որ Յուրի Խաչատուրովը կվերանայի իր դիրքորոշումն ու կներկայանա հանձնաժողով»:
Տեր-Պետրոսյանի նամակի բովանդակությունն անհասկանալի է նաև խորհրդարանական ընդդիմության, մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստանի» համար: Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, որ ամենայն հարգանքով է խոսում առաջին նախագահի մասին, կարծում է, որ նա քաղաքական դաշտին խորհուրդներ ու դասեր տալու իրավունք չունի, թե երբ ու ինչպես քննադատեն իշխանություններին: ԼՀԿ-ական պատգամավորը նույնպես չի հասկանում՝ ինչո՞ւ պետք է հրաժարվել Սերժ Սարգսյանին ապրիլյանի հանձնաժողովում լսելուց: «Գուցե Տեր-Պետրոսյանը մտավախությու՞ն ունի, որ Սարգսյանը կարող է այնպիսի բան ասել, որ իրեն էլ կվնասի»,- ընդգծում է նա:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ