Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Տխուր պատմություն

Տխուր պատմություն
19.11.2024 | 06:55

ԱՄՆ-ից վերադառնալուս նախօրեին հեռախոսազանգ եկավ։ Աղջիկս` Սաթենիկը, մի երկու բառ, խոսք փոխանակելուց հետո լսափողը մեկնեց ինձ, ասելով.

- Թոքատն է, քեզ է հարցնում։

- Հովսե՞փը, Պոլիս չէ՞ր,-զարմացա։

- Գիշերն է վերադարձել։

- Լուր առի, որ հոս ես, կրնա՞նք տեսնվիլ,- լսափողում Թոքատի մեղմ ձայնն էր:

Քիչ անց արդեն Լոս Անջելեսի բացօթյա սրճարաններից մեկում էինք։ Սրճարանի տերը Լիբանանցի հայ էր, հաճախորդների մեծ մասը հայաստանցիներ։

- Հոս կերակուրները համեղ են։Միշտ այսպես է, լեփլեցուն։

- Հայաստանցիներ են մեծ մասը,-նկատեցի ես։- Ի՞նչ կար Պոլսում։

- Այս անգամ գյուղերը գացի, փշուր-փշուր հուշեր հավքելու:

Փշուր-փշուր, ասես եկեղեցու ներսում մարմրող մոմերի վերջին շողերը փրկելու էր գնացել:

Մի պահ լռեց, մտքով տեղափոխվեց ՔՂԻ, ավերակ ու մարող ՔՂԻ…

Հետո, ասես թաքուն, խորհրդավոր ասաց,

- Ամենուր հիշողությունը չկորցրած թուրքեր, քրդեր…

- Թուրքե՞ր, Քրդե՞ր….- զարմացա։

- Այո՛, այո՛, թուրքեր, քրդեր… Արդեն քանի սերունդ է անցել, բայց չեն մոռացել, որ մեջները հայի արյուն կխաղա:

- Արյունը hիշողություն է…

- Հիշողությունը` արյուն:

- Արյունը ջուր չի դառնում։

Մատուցողը կերակրացանկի մաշված կազմով գիրքը դրեց սեղանին ու անժպիտ հեռացավ։

- Մատուցողը հայաստանցի է։

- Ինչի՞ց իմացար,- մեղմ ժպիտով հարցրեց Թոքատը։

- Ո՛չ բարևեց, ո՛չ էլ ժպտաց:

Մեր զրույցը մի քանի րոպե ընդհատվեց, կերակուրների ընտրություն անելու պատճառով։

Քիչ անց մատուցողը մոտեցավ թուղթն ու գրիչը ձեռքին ու գրի առավ պատվերը։

- Ինչից հասկացար, իմացար, որ մեջները հայի արյուն կխաղա։

- Որին քիչ մը քչփորեցի, խորքում թաքուն պահած աղոթքի պես, խոստովանում էր. «Մեծ մայրս հայ է եղել»։

Գնալով «մեծ մայր» ունեցողների թիվը շատացավ:

Մեր պատվիրած կերակուրները մինչ կբերեին, հիշեցի մի քանի տարի առաջ նյույորքյան մի հանդիպման մասին։ Մանկությանս ընկերը Նյու-Յորքում է ապրում, հայ արծաթագործ վարպետների դրոշմներով աշխատանքներն է հավաքում, որոնք ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ ցրիվ են եկել։

Պոլսից Նյու Յորք էր ժամանել մի թուրք պատմաբան, որը հայ արծաթագործ վարպետների մեծ հավաքածու ուներ։ Դե թուրք պատմաբանի պապերի թալանն է, թոռներին է հասել, լավ ապրուստի միջոց է։ Գնացինք թուրք պատմաբանի տուն։ Ջերմ ընդունելություն, ճոխ արևելյան հյուրասիրություն։ Ընկերս վարժ թրքերենի է տիրապետում։ Ես հատու կենտ բառեր էի հասկանում ու որոշեցի չխառնվել խոսակցությանը։ Հանկարծ աչքովս ընկավ սենյակի մի անկյունում իրար գլխի դարսած «Հայ արծաթագործ վարպետներ» շքեղ պատկերագիրքը։ Անգլերեն տարբերակն էր։

- Պատկերագիրքը վաճառվու՞մ է:

- Այո՛,-պատադխանեց թուրք պատմաբանն ու հիշեց հեղինակին` Հովսեփ Թոքատին։

Գովասանքի խոսքեր շռայլելուց հետո ասաց, որ Հովսեփն իր հայրենակիցն է, Պոլսեցի, բայց հիմա Լոս Անջելես է տեղափոխվել։

- Անունն ի՞նչ էր, կհիշե՞ս:

- Ցավոք… Բայց կարող եմ Նյու-Յորքում ապրող ընկերոջս` Վարուժանի միջոցով ճշտել։

- Ասում էր պատմաբա՞ն է:

- Հա՛, ինքն այդպես ներկայացավ։

- Նշածդ պատկերագիրքը նաև թուրքերեն հրատարակվեց Պոլսում,պատկառելի տպաքանակով։ Շնորհանդեսը Պոլսում եղավ։ Բազմամարդ էր,- հիշեց Թոքատը։- Այդ օրը գիտե՞ս ինչքա՜ն մարդ մոտեցավ ինձ ու խոստովանեց, որ իր մեծ մայրը հայ է եղել: Վերջում էլ, երբ տարեց մի թրքուհի արցունքն աչքերին ականջիս շշնջաց,

«Մեծ մայրս հայ է»,- ըսավ, ինքս ինձ ըսի` այս ի՞նչ է, մենք աշխարհին «մեծ մայր»-եր ենք տվել միայն, ու՞ր էին հապա մեր մեծ հայրերը։

… Երկուսս էլ մի պահ լռեցինք։ Չգիտեմ ինչու, ուզում էի ասել, որ Նյու Յորքում ինձ հանդիպած պրոֆեսոր պատմաբանն էլ խոստովանեց, որ իր մեծ մայրն էլ հայ է, բայց լռեցի…

Հաշվեփակին Թոքատը ճոխ թեյավճար թողեց մատուցողին։

17 նոյեմբերի, 2024 թ.

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 4257

Մեկնաբանություններ