Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Եվրասիականության թուրքական բաղադրիչը

Եվրասիականության թուրքական բաղադրիչը
23.01.2015 | 23:18

Անկարայում համատեղ ասուլիս են տվել ԵԱՏՄ հիմնադիր անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի դեպանները: Այս ասուլիսն առանձնապես մեզ չէր հետաքրքրի, եթե դրանում անդրադարձ չլիներ ԵԱՏՄ-ի ու Թուրքիայի հարաբերություններին: Ղազախստանի դեսպանն ասել է, թե կողջունվի Թուրքիայի միացումը ԵԱՏՄ-ին՝ տեղեկացնելով, որ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահներն ավելի վաղ քննարկել են այդ հարցը: «Մենք կարևորում ենք տնտեսության և առևտրի ոլորտում Թուրքիայի հետ համագործակցության ուժեղացումը»,- հավելել է Թուրքիայում Բելառուսի դեսպան Անդրեյ Սավինիխը՝ նշելով, որ իրենք կողջունեն ԵԱՏՄ անդամ դառնալու Թուրքիայի հայտը: ԵԱՏՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության թեման վաղուց է քննարկվում, այդ մասին խոսել են նույնիսկ Ռուսաստանի նախագահներ Պուտինն ու Նազարբաևը: Հայաստանն անդամակցում է այդ միությանը ու, բնականաբար, մեզ ձեռնտու չէ, որ դրան մաս կազմեն Թուրքիան կամ Ադրբեջանը: Եթե դա տեղի ունենա, մեծ է հավանականությունը, որ ստվերային պայմանավորվածություններում դարձյալ սակարկության առարկա կդառնա հայկական հացը, այս դեպքում՝ Ղարաբաղը: Օրինակ, ադրբեջանական մամուլը դա չի էլ թաքցնում, որ իրենց երկիրը ԵԱՏՄ-ին մաս կկազմի, եթե Ղարաբաղի հարցում հստակ երաշխիքներ ստանա Մոսկվայից: Այնուամենայնիվ, ինչքանո՞վ է իրատեսական Թուրքիայի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Այն, որ Թուրքիայում ուժեղանում են անձնակենտրոն, ավտորիտար կառավարման միտումները ու մշուշոտ է դառնում այդ երկրի Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը, փաստ է: Փաստ է նաև այն հանգամանքը, որ միջազգային մեկուսացվածության հանգամանքն ավելի է մերձեցրել Ռուսաստանին ու Թուրքիային՝ սերտացնելով նրանց հարաբերությունները քաղաքական, տնտեսական, հատկապես՝ էներգետիկ ոլորտներում: Այս ամենով հանդերձ՝ վստահաբար կարելի է պնդել, որ Անկարան չի գնա ԵԱՏՄ-ին անդամակցելու քայլին: Նախ, թուրքական հասարակության շրջանում գերիշխող են եվրաինտեգրացիայի միտումները, հետո՝ Թուրքիան, հազիվ թե, մասնակցի մի նախագծի, որը, ըստ էության, սպասարկում է Կրեմլի կայսերական քաղաքականությունը: Ըստ այդմ, ենթադրում եմ, որ Թուրքիայի եվրասիականացման մասին խոսակցությունները միշտ կմնան օրակարգում՝ առանց ռեալ քաղաքականության վերածվելու:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 38497

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ