ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Ինչու՞ է փառքը միայն Աստծունը

Ինչու՞ է փառքը միայն Աստծունը
16.04.2026 | 10:41

Երեկ, երբ Դավիթն ազատ արձակվեց բանտից, քրիստոնյաները փառք տվեցին Աստծուն։ Սակայն, որոշ մարդիկ սկսեցին այդ փառքը վերագրել կոնկրետ անձի։ Եկեք Աստվածաշնչով քննենք, թե ինչու՞ պետք է փառք տալ միայն Աստծուն․

1․ Աստծուց են մարդուն տրվում շնորհները․ «Բայց մենք ունենք տեսակ-տեսակ պարգեւներ, ըստ այն շնորհների, որ տրուած են մեզ» (Հռոմ․ 12։6)։ Հետևաբար փառք ենք տալիս բարիքների Շնորհատուին։

2․ Աստծուց են մարդուն տրվում․ «Ուժ, կարողութիւն, խելք, իմաստութիւն Նրանից են լոկ» (Յոբ 31:28)։ Հետևաբար փառք ենք տալիս դրանց Բաշխողին։

3․ Մեր խելքը, իմաստությունը և նույնիսկ բարի գործ անելու կամքը Աստծո պարգևն են․ «Աստուած նրանց խելք եւ իմաստութիւն տուեց ամէն տեսակի դպրութեան եւ իմացութեան մէջ» (Դան․ 2։17)։ Ուստի, արդյունքի համար պատիվը վերադառնում է Աղբյուրին՝ բարիքների Պարգևողին։

4․ Մեր շունչն ու հոգին Աստծուց են տրված և Նա․ «Հաստատեց երկիրն ու ամէն բան, ինչ կայ նրա վրայ, շունչ տուեց այնտեղ գտնուող մարդկանց, հոգի՝ բոլոր նրանց, ովքեր ոտք են դնում երկրի վրա» (Ես․ 42։5)։ Ուրեմն, փառքը Ստեղծողինն ու կյանք Տվողինն է, ոչ թե ստեղծվածինը։

5․ Աստվածաշնչում Աստված, ով ստեղծեց երկինքն ու երկիրը չի կիսում Իր բացառիկությունը և տիեզերքի Արարիչ լինելու փառքը որևէ արարածի հետ․ «Ես եմ Տէր Աստուածը, սա է իմ անունը, իմ փառքը ուրիշին չեմ տայ, ոչ էլ իմ քաջութիւնը՝ կուռքերին» (Ես․ 42:8)։

6․ Քրիստոնեությունը չի ասում, որ մարդն արժեք չունի։ Ընդհակառակը, մարդու ամենամեծ փառքը Աստծո փառքն արտացոլելն է։ «Ոչ թէ մեզ, Տէ՛ր, ոչ թէ մեզ, այլ քո անուա՛նը փառք տուր քո ողորմութան եւ ճշմարտութեան համար» (Սաղմ․ 113:9)։

7․ Փառքը միայն Աստծուն է տրվում, որովհետև միայն Նա է Անփոփոխ, Հավերժ և բացարձակ Բարի․ «Եւ Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած» (Մարկ․ 10։18)։

8․ Մարդկային փառքը նման է խոտածաղկի. այսօր կա, վաղը՝ չկա։ Իսկ Աստծո փառքը Ճշմարտությունն է, որը մնում է հավիտյան և Ճանապարհն է, որ տանում է դեպի հավիտենական կյանք․ «Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը» (Յովհ․ 14։6)։

9․ Երբ մենք փառքը տալիս ենք Աստծուն, մենք ազատվում ենք «ես»-ի ծանր բեռից ու դրա կործանարար հետևանքներից՝ հպարտությունից, մեծամտությունից, ինքնահմայքից և այլն։ Հենց դա է պատճառը, որ փառքին հետամուտ լինող առաջնորդները հաճախ կտրվում են իրականությունից, դառնում դաժան ու քինախնդիր։ Նրանք սկսում են սնվել պատրանքներով, իսկ իրականում մարդկանցից ստացած փառքն իրենցը չէ։

10․ Նաբուքոդոնոսոր թագավորն ասաց. «Սա այն մեծ Բաբելոնը չէ՞, որ ես կառուցեցի որպէս թագաւորութիւն իմ կամքով ու զօրութեամբ՝ ի պատիւ իմ փառքի»։ Մինչ խօսքը թագաւորի բերանում էր, երկնքից ձայն լսուեց եւ ասաց. «Քեզ եմ ասում, ո՛վ Նաբուքոդոնոսոր արքայ, քո թագաւորութիւնը խլուած է քեզանից» (Դան․ 4։27-28)։ Արքան զրկվեց բանականությունից, վտարվեց մարդկանց միջից և դաշտերում խոտ էր ուտում կենդանիների պես, մինչև չխոնարհվեց և չընդունեց, որ Բարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա։ Սա դաս է, որ փառքը միայն Աստծունն է, իսկ սեփական փառքը փնտրողներին սպասվում է կործանում։

11․ Երբ Հերովդեսը հրապարակավ խոսում էր, ամբոխը աղաղակում էր. «Աստուած է, որ խօսում է եւ ոչ թէ մարդ»։ Եւ անմիջապէս հրեշտակը հարուածեց նրան, որովհետեւ Աստծուն փառք չտուեց. եւ որդերի կեր դառնալով՝ մեռաւ» (Գործք․ 12։21-23)։ Սա դաս է, որ ով Աստծո փառքը հոժար է մարդկանցից ինքը ստանալ, նա դատապարտվում է։

12․ Վերջապես՝ մարդուն աստվածային փառք տալը կամ նրան բացարձակացնելը հոգևոր տեսանկյունից կոչվում է կռապաշտություն (անձնապաշտություն): Սա ոչ միայն սխալ է, այլև ունի ծանր հոգևոր հետևանքներ թե՛ փառք տվողի, թե՛ այդ փառքն ընդունողի համար: «Այսպէս է ասում Տէրը. «Թող անիծեալ լինի այն մարդը, որ իր յոյսը կը դնի մարդու վրայ՝ ապաւինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կ՚ապստամբի Տիրոջ դէմ» (Եր․ 17:5)։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ