ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում ներկայացրել է իր «խաղաղարար ջանքերը»՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին։
Սակայն ուշագրավ է, որ նա անգամ չի կարողացել ճիշտ արտասանել «Ադրբեջան» բառը՝ ասելով «Աբրբաժան», իսկ Հայաստանն անվանել է «Ալբանիա»։
Այս դրվագը ինքնին խոսում է ոչ թե տարածաշրջանի հանդեպ խորքային հետաքրքրության, այլ մաքուր PR մոտեցման մասին։ Թրամփի համար առաջնայինը սեփական հեղինակության ամրապնդումն է և Նոբելյան մրցանակի շուրջ խոսակցությունների վերսկսումը, այլ ոչ թե Հարավային Կովկասում ամերիկյան երկարաժամկետ ռազմավարությունը։
Բայց հարցն ավելի լայն է․ եթե վաղը Վաշինգտոնը գլոբալ պայմանավորվածության գա Մոսկվայի հետ, ո՞վ կարող է երաշխավորել, որ TRIP նախագծի նման նախաձեռնությունները չեն դառնա այդ գործարքի զոհ։
Միջազգային հարաբերություններում նման նախադեպեր բազմաթիվ են․
Վիետնամի պատերազմում ԱՄՆ-ը փաստացի զոհաբերեց իր տեղական դաշնակիցներին՝ մեծ հաշվարկների դիմաց։
Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը հանգեցրեց Կենտրոնական Ասիայում Վաշինգտոնի ազդեցության կտրուկ անկմանը։
Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգները բազմիցս փոխել է դիրքորոշումները՝ դաշնակիցների շահերը ենթարկելով գլոբալ կոմբինացիաների տրամաբանությանը։
Այս համատեքստում Վաշինգտոնի հանդիպումից հետո առավել քան տեղին է շեշտել․ ամերիկյան երաշխիքների մասին պնդումները լուրջ հիմք չունեն։
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ