ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ «Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից։ Բայց գիտեք, նրանք պարտվում են, նրանք շաբաթական սպանում են 5000 մարդ, իսկ ևս 5000-7000 մարդ մահանում է»,- ասել է Թրամփը։ Նրա հավաստմամբ՝ ԱՄՆ-ը իջեցնում է նավթի գները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմը «ավտոմատ» կերպով դադարեցնելու նպատակով։               
 

Դուրսպրծուկների ոսկեդար է

Դուրսպրծուկների ոսկեդար է
22.09.2025 | 11:04

Հայրս, ապա նաև ես, հարուստ անձնական գրադարան էինք ստեղծել։ Այդ գրադարանում մինչխորհրդային տարիներին տպագրված եզակի գրքեր կային, ապա` անխտիր տպագրված խորհրդային տարիներին։ Ցավն այն չէ, որ այդ ամենը մնսցել է իմ հայրենիքում, որը ստորաբար, դավաճանաբար ծախել են թուրքին։ Ցավն այն է, որ երեք հազար այդ գրքերի մեջ հազիվ մի քանի գրքեր կային` տպագրված հետխորհրդային, այսպես կոչված, անկախական տարիներին։

Ես նաև հարուստ երաժշտական արխիվ էի ստեղծել, որտեղ մոտ երկու հազար երաժշտական ու գրական հրաշալի ստեղծագործություններ էին` հայ և համաշխարհային դասականների, հայ կոմպոզիտորների և գուսանների պրոֆեսիոնալ կատարումներ, ինչպես նշանավոր սիմֆոնիկ ու կամերային նվագախմբերի, այնպես էլ Թաթուլ Ալթունյանի, Արամ Մերանգուլյանի անվան պետական անսամբլների կատարմամբ, նաև էստրադային գոհարներ կային` մինչ 80-ական և 80-ական թվականների աստղերի կստարմամբ։

Ցավն այն չէ, որ դրանց հազիվ 35-40 տոկոսն էի կարողացել ինքս իմ հնարավորություններով թվայնացնել ու փրկել, իսկ մնացյալը մնացել է ծախված իմ հայրենիքում։

Այլ ցավն այն է, որ դրանց մեջ շատ քիչ ստեղծագործություններ կային, որոնք ձայնագրվել են անկախական շրջսնում։ Դրանք լրիվությամբ դասական ստեղծագործություններ էին, որոնց թվում` իմ լավ բարեկամներ Սեդրակ Երկանյանի «Տաղարանը» և Տիգրան Մկրտչյանի ստղծաեծ «Վերնատունը»։ Ժողովրդական համույթներից, երգիչներից ձեռքի մատների վրա հաշված ձայնագրություններ են, որովհետև նախկին խորհրդային պրոֆեսիոնալ համույթներից գրեթե բան չի մնացել։ Գերազանցապես ռաբիսացել են, ինչպես ողջ Հայաստանն է իր քաղաքական դաշտով ու ողջ պարունակությամբ դարձել ռաբիս, գռեհիկ ու զզվելի։

Երբ ամեն տարի անկախության ու նմանատիպ տոներ եք նշում, այդպես էլ չեմ կարողանում պարզել, թե, ի վերջո, ինչ եք ստեղծել անկախական կոչվող երեքուկես տասնամյակում։

Մշակույթը, արվեստը ողբալի է, գրական որևէ արժեքավոր երկ չգիտեմ, արդյունաբերություն չկա, գյուղատնտեսությունը գետնաքարշ է, կրթական համակարգի վրա վաղուց է գերեզման փորվել։ Այն օրերից, երբ դպրոցը դարձրին 12-ամյա ու սնկի պես սկսեցին մասնավոր համալսարաններ ստեղծվել։ Այժմ արդեն այդ համակարգը թաղել ու վրան տապանաքար դնելով են զբաղված։

Երեքուկես տասնամյակում ավերումից, թալանից, պրոֆեսիոնալիզմը` մասնագետներով հանդերձ, դեն նետելուց բացի ուրիշ ոչինչ չեմ տեսնում երբեմնի ծաղկունից բալագան դարձրած այս փոքրիկ երկրում, որտեղ ավերելը, թալանելը, դավաճանությունը, երկիր ծախելը մասնագիտություն է և «տուն պահել»։

Շարունակեք տոնել ձեր «տոները», բայց դրանք իմ և ինձ նման հազարավորների տոնը չեն։

Մեծ Սարոյանը մի պատմված ունի, որի վերնագիրն է` «Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ քաղաքակիրթ են»։ Վաղուց արդեն չկա այդ քաղաքակիրթ երկիրը։ Հիմա ոչքաղաքակիրթների, սրիկաների, ստահակների, դուրսպրծուկների, տականքների, թիկունքից խփողների, մոր ծիծ կտրողների ոսկեդար է։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ