Աշխարհում բոլորը, մեծ ու փոքր, ուժեղ ու թույլ, գտնվում են սեփական ու ուրիշների ստեղծած ուժային դաշտում և ուժային դաշտին ավելի քան համարժեք կապիտալ-փողի դաշտում։
Նաև աշխարհում բոլոր մեծ ու փոքր հարցերը լուծվում են երկու հզորության աղբյուրների, այն է՝ բիրտ ուժի և կապիտալ-փողի, միջոցներով, ներառյալ նրանց ճնշումը մեկը մյուսի վրա, նրանց համագործակցությունը և այլն։
Ըստ որում, համապատասխան մենթալիտետային պայմաններում, կապիտալ-փողը իր հզորությամբ կարող է նաև դոմինանտ դիրք գրավել բիրտ ուժի նկատմամբ։
Այլ մենթալիտետային պայմաններում էլ բիրտ ուժը կարող է ունենալ անսասան դիրք կապիտալ-փողի ու դրա տերերի նկատմամբ։
Հանթինգտոնի իմաստով քաղաքակրթական բախումը առաջին հերթին վերաբերում է հենց նշված երկու մենթալիտետներով որոշվող ենթաքաղաքակրթական ուժերի բախմանը, որը ծավալվում է մեր աչքերի առաջ։
Աշխարհի բազմաբևեռության իմաստով սա նշանակում է, որ միաբևեռությունից դեպի բազմաբևեռություն տանող անցողիկ պրոցեսը կծնի այնքան ուժափողային բևեռներ, ինչքան որ ինքնուրույն հզոր ու ինքնիշխան մենթալիտետներ կան աշխարհում ներկա օրով։
Իսկ ներկայում նման հզոր մենթալիտետները երկուսն են, և հենց այս իմաստով էլ աշխարհը, իրար մոտիկ մենթալիտետների բյորեղանալուց հետո, ասիմպտոտորեն կմոտենա երկբևեռ վիճակին։
Այս պրոցեսը կուղեկցվի նաև ներբևեռային ռեսուրսատնտեսական բլոկների առաջացումով, որն էլ կորոշի նաև կիսահզորների, կիսաթույլերի ու լրիվ թույլերի ճակատագիրը։
Այսինքն, աշխարհի ռազմաքաղաքական ու տնտեսական ձևավորումը գնում է միակ վերից վար ճանապարհով, որտեղ ուժեղներն են որոշում մյուսների ճակատագիրը։
Դա նշանակում է նաև, որ այս հարցում վարից վեր մոտեցումը սկզբունքորեն չի կարող աշխատել։
Բանն այն է, որ մի տեղ, որտեղ ուժն ու փողն են ամեն ինչ որոշում, հարցերի լուծման ճանապարհը ուժեղ կամ հարուստ դառնալն է։
Այս հարցում, ինչ վերաբերում է թույլերին, ապա նրանց միակ լուծումը հզորանալն է, որի համար կան բազմաթիվ ճանապարհներ, որոնք ուժեղների հսկողությունից կարող են առժամանակ դուրս լինել, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ թույլերը, այդ թվում նաև մենք, ինչ-ինչ պատճառներով չեն էլ ուզում այս ուղղությամբ մատը մատին խփել։
Այս մատը մատին չխփելու հիմնական պատճառը թույլերի ղեկավարության նշանակովի լինելն է ուժեղների կողմից, որը բխում է հենց ուժեղների շահից՝ պայմանով, որ այդ ղեկավարությունը ևս արանքից մի բան փախցնելու իրավունք ունենա։
Այս հանգամանքը թույլ երկրներում ծնում է համատարած անարդարության մթնոլորտ, որտեղ բնական օրենքով բոլորը նմանակում են ամենավերևից եկող անարդար վարքն ու պահվածքը, որն էլ, մյուս կողմից, անարդար իշխանության միակ հենարանն է։
Այս պայմաններում, ասենք, ոռոգման ջրի արդար բաժանումը, որը կուժեղացներ երկիրը, ուղիղ գծով հակասության մեջ է վերևից եկող անարդար քաղաքականության հետ։ Եվ այսպես՝ նաև մյուս բոլոր դեպքերում։
Պավել Բարսեղյան