Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մեր ձախողումներն ու դրանց արտաքին և ներքին դրդապատճառները

Մեր ձախողումներն ու դրանց արտաքին և ներքին դրդապատճառները
22.12.2024 | 09:14

Հայի տեսակը գնահատելու փորձեր անելիս սեփական ժողովրդի նկատմամբ հոգում անձնական բնույթի մաղձ ունենալը շատ վատ խորհրդատու կարող է լինել։

Մյուս կողմից էլ, այդ բանն անելիս պետք է ելնել և՛ մեր էության լավ կողմերը ցույց տվող փաստերից, և՛ վատերից ու, առանձնապես, հասկանալ մեր եզակի հաջողությունների պատճառներն ու նախապայմանները, որոնք կարող են մեզ որևէ ճանապարհ ցույց տալ այս գոյաբանական ռիսկերով լի իրավիճակից դուրս գալու համար։

Նման հաջողությունների պատմությունները (success stories) վերջին հազարամյակում շատ չեն եղել մեր կյանքում, և նրանցից ամենանշանակալիցների շարքից կարելի է առանձնացնել երեքը՝ 1․ Արևելք-արևմուտք տարանցիկ առևտրում մեր նշանակալից մասնակցությունը:

2․ Ռուսական կայսրությունում մեր արագ առաջընթացը տարբեր ոլորտներում և, հատկապես, ուսման, առևտրի, բիզնեսի ու բանկային գործերում:

3․ Գլոբալ հաջողությանը ինչ-որ չափով մոտ մեր քաղաքակրթական վերելքը խորհրդային պայմաններում։

Սրանցից առաջինը եղել է Պարսկաստանի պետականության սահմաններում, իսկ երկրորդն ու երրորդը՝ ռուսական տիրեպետության պայմաններում։

Եվ այդ հաջողությունների պատճառները պետք է փնտրել համապատասխան պետականությունների ստեղծած շատ թե քիչ նպաստավոր միջավայրի ու պայմանների մեջ, որոնք մեզ հնարավորություն տվեցին բացահայտել մեր էության դրական կողմերի մի մասը։

Դրանից բացի, հատկապես պետք է շեշտել այն հանգամանքը, որ մեր հարևաններն ու մեզ նման շատերը նույնպես գտնվում էին նույն կամ դրան մոտ պայմաններում, բայց նրանք նման հաջողությունների չհասան։

Ինչ վերաբերում է մեր ձախողումների պատմություններին (failure stories), ապա պետք է ասել, որ դրանց հիմնական պատճառները օտար նվաճողների ստեղծած անտանելի միջավայրն ու պայմաններն էին, ինչպես նաև մեր ներքին անհամաձայնությունների պատճառով զարգացմանը նպաստող որևէ տեսակի միջավայր ստեղծելու մեր անկարողությունը, որն առանձնապես զգալի է մեր ներկայի անկախության շրջանում։

Հնարավոր է, որ նման հարցերի շատ ավելի խորացված ուսումնասիրումը կարող է մեզ այս փակուղային վիճակից դուրս գալու որևէ ճանապարհ ցույց տալ։

Եվ ակնհայտորեն տեսնելով, որ վերը նշված երեք հաջողությունները մենք ունեցել ենք բոլորովին տարբեր պայմաններում, հուսանք, որ կարող են լինել նաև այլ պայմաններ, որոնցում ևս մեզ կուղեկցի հաջողությունը։

Փնտրել է պետք, հին ասացվածքն էլ ասում է՝ ով փնտրում է, նա գտնում է, բայց պատահական մարդիկ նման բաները գտնել չեն կարող, դրա համար պետք են գիտուն ու պրոֆեսիոնալ մարդիկ։

Եվ այն չի որ ասես, թե նման մարդիկ չկան, կան, բայց կառավարման վերտիկալի ամեն ծակուծուկը իրենցով լցրած տգետներն ու միջակությունները բնականորեն նրանց համարում են վտանգ իրենց իշխանության համար։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2507

Մեկնաբանություններ