«Ժառանգությունը» կմասնակցի խորհրդարանական առաջիկա ընտրություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը պետական հանձնառություն է մեր ժողովրդի առաջ, և հնարավորինս շուտ պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն, իսկ խորհրդակցության մենք միշտ պատրաստ ենք»,- ասաց Հովհաննիսյանն ու հավելեց, որ առաջիկա համապետական ընտրությունները հավանաբար կլինեն վերջինը, որին ինքն անձնապես կմասնակցի, քանի որ նոր սերունդը, քաղաքական դաշտը նոր ձևաչափերի և լուծումների կարիք ունի:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ եթե վստահության քվեն վայելող ուժը` վարչապետի գլխավորությամբ, որոշի շարունակել պայքարել համաժողովրդական եղանակով, ուրեմն իրենք կդիտարկեն կոնսոլիդացիոն մոտեցումների շարունակությունը:
«Եթե այնպես լինի, որ համաժողովրդական շարժումը ժամանակից շուտ կուսակցականանա, ուրեմն մենք՝ որպես բարեկամ, ավագ, երկարամյա գործընկեր, Նոր Հայաստանի պայքարի մեջ կդառնանք ընդդիմադիր այն մտայնության, որը կուզենա նեղացնել և սեփականաշնորհել Նոր Հայաստանի արժեքները և համաժողովրդական արժեքները»,- ամփոփեց նա:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ