Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

ԱՄՆ նախագահի երդմնակալությունն ու Գուրգեն Յանիկյանը կամ՝ ինչու ծերունի առյուծը մեկ շաբաթով հետաձգեց իր գործողությունը

ԱՄՆ նախագահի երդմնակալությունն ու Գուրգեն Յանիկյանը  կամ՝ ինչու ծերունի առյուծը մեկ շաբաթով հետաձգեց իր գործողությունը
25.11.2024 | 11:52

Կարելի է ասել, որ ամբողջ աշխարհը անհամբեր սպասում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը՝ հույսով, որ այդ կիսախելագար խեղկատակը փրկելու է կործանվող աշխարհը։

Եթե հիշում եք, ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո մեր տեղական լրատվամիջոցները մեկը մյուսից թխելով տարածեցին, որ «հայտնի է դարձել Թրամփի երդմնակալության օրը՝ հունվարի 20»։

Ասեմ, որ այդ ամսաթիվը երբեք էլ անհայտ չի եղել։ Այն ամրագրված է ԱՄՆ Սահմանադրությամբ։ Ավելի հստակ, Սահմանադրության1933 թ․ փոփոխությամբ ԱՄՆ նախագահները միշտ երդվել են հունվարի 20-ին՝ երբ էլ որ ընտրված լինեն։

Ի՞նչ կապ ունի հունվարի 20-ը Գուրգեն Յանիկյանի հետ։

Նրա ինքնակենսագրական հուշերից արդեն գիտենք, որ 1972-ի վերջին Լոս Անջելեսի թուրքական հյուպատոսարան ներկայացել էր որպես պարսիկ մեծահարուստ և իր հավաքածուից թանկարժեք նվերներ խոստացել Թուրքիային՝ պայմանով, որ հյուպատոսն ու փոխհյուպատոսը պիտի նվերներն ընդունեն իր հարկի տակ, ոչ թե հյուպատոսարանում։

Հյուպատոսը խոստացված նվերների լուսանկարներն ուղարկել էր Անկարա՝ կարծիքի։

Թուրքիայի մշակույթի նախարարության եզրակացությունը ստացվել էր 1973-ի հունվարին, որ առաջարկվող նվերներն իսկապես մեծ արժեք ունեն Թուրքիայի համար և անհրաժեշտ է ամեն գնով ունենալ դրանք։ Ծերունու խայծը աշխատել էր։

Այդ մասին հյուպատոսի գրությունը Յանիկյանը ստացավ հունվարի առաջին կեսին և զանգահարեց հյուպատոսին՝ հանդիպման ամսաթվի շուրջ պայմանավորվելու համար։

Հյուպատոսն ասաց, որ ազատ է լինում միայն շաբաթ օրերը, իսկ առաջիկա շաբաթը հունվարի 20-ն է, որը շատ հարմար օր է հանդիպման համար։

Յանիկյանն այն է՝ պիտի համաձայնություն տար, երբ հանկարծ հիշեց, որ հունվարի 20-ը Ռիչարդ Նիքսոնի երկրորդ երդմնակալության օրն է, որին սպասում է ողջ աշխարհը։

Այսինքն, ըստ ծերունի առյուծի, իր գործողությունը սպասված հնչեղությունը չի ունենա, քանի որ բոլորի ուշադրությունը սևեռված է լինելու նախագահի երդմնակալության արարողության վրա։

ՈՒստի արագ մի պատրվակ է հնարում, ի դեպ անհաջող պատրվակ, որը կարող էր մատնել իրեն ու ձախողել գործողությունը։

Ասում է, որ այդ օրը իր մի շատ մտերիմ ընկերն ամուսնացնում է որդուն, և ինքը հարսանիքի կնքահայրն է։ Ասում է՝ ու լեզուն կծում՝ չէ՞ որ ինքը ներկայացել էր որպես պարսիկ․ մահմեդականից ի՞նչ կնքահայր։ Բարեբախտաբար, նվերներն օր առաջ ունենալու գայթակղության մեջ, հյուպատոսն ուշադրություն չի դարձնում այդ հանգամանքին, և նրանք պայմանավորվում են հանդիպել հաջորդ շաբաթ, այսինքն՝ հունվարի 27-ին։

Ի դեպ, Ռիչարդ Նիքսոնի մասին։ Մեծ պոռնկորդի էր, թունդ թրքասեր ու նույնքան թունդ հայատյաց։ Աշխարհը լավ գիտի նրա լարած ՈՒոթերգեյթյան դավադրության մասին, որի պատճառով էլ պաշտոնանկ արվեց։ Նրա հրահանգով գաղտնալսման համակարգ էր տեղադրվել՝ գաղտնալսելու իր մրցակից դեմոկրատներին։

Նախաքննության երկարուձիգ ամիսներին, երբ փորձագետները բծախնդրությամբ լսում էին ձայնագրությունները՝ հանկարծ լսեցին Նիքսոնի մի այլանդակ հայհոյանքը՝ ուղղված Յանիկյանին և հայ ժողովրդին։

Խորհրդակցության ընթացքում օգնականը մոտեցել էր ու ականջին զեկուցել քիչ առաջ տեղի ունեցած ակտի մասին, և այլայլված Նիքսոնի առաջին արձագանքը եղել էր այդ հայհոյանքը։

Ինչևէ, այսպիսի պատմություն ունի Գուրգեն Յանիկյանի գործողության ամսաթիվը՝ 1973 թ․ հունվարի 27-ը, որը վիթխարի նշանակություն ունեցավ հայության հետագա ընթացքի համար։ Այն ազդակ եղավ, որ մի խումբ հայ երիտասարդներ ձևավորեն Գաղտնի Բանակ և 1975-ի հունվարի 20-ին (դարձյալ հունվարի 20) առաջին գործողությամբ ազդարարեն իրենց մասին։

Իսկ գալիք հունվարի 20-ին լրանում է ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) 50 ամյակը։ Այդ օրը աշխարհը զբաղված կլինի Թրամփով, բայց հաստատ գոնե մի քանի տասնյակ հայեր ինչ-որ կերպ կնշանավորեն հային երբևէ վստահություն ու հպարտություն բերած կազմակերպության հոբելյանը։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2590

Մեկնաբանություններ