Հասկանում եմ, որ մասնագիտական արժանապատվության առումով դժվար է մտնել պետական դավաճանի անհեթեթ ու հանցավոր կոնցեպտի մեջ, ու հերքել անհերքելին, բայց մենք պատմաբաններով պարտավոր ենք շարունակաբար խոսել:
Եվ այսպես, ինչ է ասում պետական դավաճանը:
Նա հայտարարում է, որ հարց է առաջանում, թե ինչու օրինակ 1939 թ. չկար հայոց ցեղասպանության ճանաչման հարց, իսկ 1959 թ. դա արդեն իսկ առկա էր:
Մի կողմ թողնելով այն, որ պետական դավաճանը հստակորեն ակնկարկում է, որ ցեղասպանության հարցը արհեստական և կեղծ օրակարգ էր, որը իբրև թե մեզ հրամցվել է Սովետական Միության կողմից` Թուրքիայի հետ հարաբերությունների սրված փուլում, այնուամենայնիվ, հարկ է շեշտել հետևյալը:
Եթե պետական դավաճանը փոքր ինչ կրթված լիներ, ապա տեղյակ կլիներ, որ 1948թ. դեկտեմբերի 9-ին առաջին անգամ ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին» կոնվենցիան:
Եվ դա ընդունվեց լուսանկարում պատկերված իրավագետ Ռաֆայել Լեմկինի գործուն ջանքերի շնորհիվ:
Ի դեպ, դեռևս պատանի Լեմկինի վրա հայոց ցեղասպանությունը իր ուրույն ազդեցությունն էր թողել և նա այդ ողբերգությունից հետո հստակորեն աշխատում էր թուրք հանցագործներին պատասխանատվության կանչելու համար:
Եվ հենց թուրք հանցագործներին պատասխանատվության կանչելու անհնարինությունն էր, որ ստիպեց Լեմկինին աշխատելու վերոգրյալ կոնվենցիայի ստեղծման և միջազգային ասպարեզում այդ փաստաթղթի ընդունման հիման վրա: Փաստաթուղթ, որի ընդունման հիմք էին հանդիսացել հայոց ցեղասպանությունը և հրեական հոլոքոստը:
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ