Այս տարի COP29-ի գագաթնաժողովն անցկացվում է ավտորիտար նավթ արդյունահանող մի երկրում, որը մի կողմից ցնցող պատմություն ունի մարդու իրավունքների ոտնահարումների, լրագրողների ձերբակալությամբ, քաղբանտարկյալների և պատանդների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, իսկ մյուս կողմից առանձնանում է իր կատարած միջազգային հանցագործությամբ՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ցեղասպանության և էթնիկ զտումների իրականացման տեսքով: Ցավոք, երբ ՄԱԿ-ը որոշում է` ով պետք է ընդունի իր կլիմայական ամենամյա համաժողովը, չափանիշները երկրի ենթակառուցվածքներն են, կլիմայի հարցով պարտավորությունները, ֆինանսական ռեսուրսները, և ցանկալի ուշադրություն չի տրվում ո՛չ ժողովրդավարությանը, ո՛չ մարդու իրավունքներին, և ո՛չ էլ հենց իր երկրում ապրող էթնիկ ժողովուրդների վիճակին:
Արդեն մեկ տարի է, ինչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է ադրբեջանական պատանդառության մեջ, նրանց հետ՝ նաև բազմաթիվ հայ գերիներ, ռազմագերիներ, որոնց մի մասի տվյալները մինչ օրս Ադրբեջանը չի հաստատում։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվի դատախազությունը մի քանի անհիմն մեղադրանքներ է առաջադրել՝ նրանց կալանքի ժամկետն անընդհատ երկարացնելով: Նրանց ձերբակալելն ուղերձ է մեզ և Ադրբեջանի կազմում ապրող բոլոր փոքրամասնություն կազմող ժողովուրդներին՝ որևէ ինքնավարության կամ ազգայինի մասին խոսք՝ կտուժեք, կբանտարկվեք, կամ ձեզ կսպանենք: COP-29-ի համաժողովը միանշանակ հայկական կողմից պետք է օգտագործվի, որովհետև համաժողովին սևեռված է ամբողջ աշխարհի ուշադրությունը։ Սակայն աշխատանքները պետք է իրականացվեն պետական մակարդակով, ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները չունեն ո՛չ ցանկություն, և ո՛չ էլ բավարար կամք ու վճռականություն՝ այս հարցը բարձրացնելու: ՈՒստի այս առաքելությունը պետք է իրենց վրա վերցնեն տարբեր ընդիմադիր ուժեր, հասարակական կազմակերպություններ, որոնք պետք է իրենց ձայնը լսելի դարձնեն միջազգային հանրությանը։ Այսպես ասած՝ կոնսոլիդացված աշխատանքներ ողջ հայության անունից:
Պետք է մեր ձայնը լսելի դարձնենք միջազգային հանրությանը:
Բոլոր այն երկրները, որոնք որոշում ունեն մասնակցելու այդ գագաթնաժողովին, հանուն արդարության, նախ պետք է դատապարտեն Ադրբեջանի իշխանությունների վարած ճնշումների, բռնությունների քաղաքականությունը, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումն ու օրենքի գերակայության բացակայությունը։ Պարտավոր են բարձրաձայնել բռնի տեղահանման միջոցով օկուպացված տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության հարցը և պահանջել Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի՝ Արցախի ժողովրդի իրենց տներ վերադառնալու իրավունքի հնարավորություն ու Արցախի Հանրապետության քաղաքական վերնախավի ներկայացուցիչների անհապաղ ազատ արձակում։
Մի ողջ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում և ցեղասպանություն իրականացրած հանցագործ Ադրբեջանում բնապահպանական խնդիրների պաշտպանություն չի կարող տեղի ունենալ։
Հակոբ Հակոբյան