Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ժառանգությունը» կլուծարվի, իսկ ՀԱԿ-ը կհայտնվի լուսանցքում»

«Ժառանգությունը» կլուծարվի,  իսկ ՀԱԿ-ը կհայտնվի լուսանցքում»
21.01.2014 | 01:08

ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ նպատակ չունի քաղաքական որևէ ուժի մոտ «տաքուկ տեղ» զբաղեցնելու, սակայն չի բացառում որոշ ուժերի հետ համագործակցությունը: Պարոն Մելիքյանի հետ մեր զրույցը ներքաղաքական խնդիրների շուրջ է:

-2014-ը սկսվեց բավականին ակտիվ: Տեղի ունեցավ խորհրդարանական չորս ուժերի հանրահավաքը: Որքա՞ն է իրատեսական նաև այլ հարցերի շուրջ այս ուժերի համագործակցությունը:
-Չորս ուժերի համատեղ հանրահավաքը խորհրդարանական պայմանականորեն ընդդիմադիր ճամբարի հետագա կերպափոխմանն ուղղված գործողություն կարելի է համարել: Այդ գործողությունն ունի երկու հիմնական թիրախ, որոնցից մեկը նշված ուժերի կողմից բացահայտ հռչակվածն է, իսկ մյուսը` ստվերային: Բացահայտ հռչակվածը վերաբերում է համատեղ ջանքերով կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման գործընթացը կասեցնելու խնդրին, և այստեղ, կարծես, բոլորս պետք է ցնծանք` սա քաղաքական միակարծության յուրօրինակ դրսևորում է: Բայց կա խնդրի ստվերային կողմը: Բանականությամբ և հիշողությամբ քիչ թե շատ օժտված մարդիկ լավ գիտեն, թե ով ով է մեր քաղաքական դաշտում և ինչպես է իրեն դրսևորել կոնկրետ իրավիճակում: Վերջին մեկուկես-երկու տարիներին իշխանության հետ քաղաքական ու տնտեսական առումով սերտաճած ԲՀԿ-ն և դաշնակցությունը պաշտոնապես անջատվեցին իշխանությունից և իրենց հռչակեցին այլընտրանք և ընդդիմություն: Այսինքն, ՀՀ ԱԺ-ում ստեղծվեց մի նոր բևեռ, որն իշխանական մեծամասնության կողմից ճանաչվեց որպես ընդդիմություն: Մյուս կողմից, խորհրդարան մտան նաև ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», որոնցից առաջինը Ազատության հրապարակի ընդդիմադիր բևեռն էր ներկայացնում, իսկ երկրորդը հավակնում էր լինելու դրա այլընտրանքը: Սա կարելի է համարել խորհրդարանական ընդդիմադիր բևեռի ինստիտուցիոնալ ձևավորման գործընթաց, որը դեռ ավարտված չէ: Այս գործընթացն ավարտին կհասնի այն ժամանակ, երբ խորհրդարանում փողոցի ընդդիմադիր զանգվածը ներկայացնող քաղաքական ուժը` ՀԱԿ-ը, կտարրալուծվի իշխանական ճամբարից առանձնացած և ընդդիմություն-այլընտրանք ներկայացող հատվածի միջև: Այս արարի առաջին մասն ավարտվել է. հրապարակի բևեռը, փաստացիորեն ճանաչելով համապետական ընտրությունների արդյունքները, մտել է խորհրդարան, կտրվել փողոցի զանգվածից ու, իշխանության ձեռնարկած քայլերի շնորհիվ, դարձել է փոքրամասնություն` խորհրդարանական նորաթուխ ընդդիմության մեջ: Այժմ անհրաժեշտ է երկրորդ արարը. իշխանության կողմից գոյավորված այդ նորաթուխ ընդդիմությունը փողոցի զանգվածի համար յուրային դառնալու խնդիր ունի: Խորհրդարանական չորս ընդդիմադիր ուժերի բողոքի համատեղ գործողությունն այդ հնարավորությունն ընձեռում է նրանց:
-Ընդդիմադիր բևեռի ստեղծման հնարավորությունը որքա՞ն է:
-Իշխանություններին հաջողվեց չեզոքացնել մի քանի տարի գոյատևած ընդդիմադիր ապստամբական բևեռը և սեփական ռեսուրսների հաշվին ձևավորել որակներով ու ֆինանսատնտեսական պոտենցիալով իրեն համարժեք «նոր» ընդդիմություն: Այս կերպ քաղաքական մրցակցությունն իշխանություն-ապստամբական ընդդիմություն հարթությունից իրականում տեղափոխվեց «նոր» ընդդիմություն-խորհրդարանական ընտելացված փողոցային ընդդիմություն հարթության վրա: Այս պայմաններում, ինձ թվում է, պայքարի ելքը կանխորոշված է: Ես չեմ տեսնում «Ժառանգության» հետագա գոյության հեռանկարը և չեմ տեսնում, թե ինչպես պետք է ՀԱԿ-ը վերականգնի իր երբեմնի դիրքերը: Կարծում եմ, շատ չանցած առաջինը կլուծարվի կամ կմիանա «նոր» ընդդիմությունը կազմող կուսակցություններից մեկին, իսկ երկրորդը կմնա լուսանցքում այնքան ժամանակ, քանի դեռ չի տվել քաղաքական գործիչների նոր` գործունակ սերունդ:
-2013-ի վերջին և 2014-ի սկզբին Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցներ տվեց: Ինչո՞ւ Քոչարյանը խոսեց այն ժամանակ, երբ իր պաշտոնավարման տարիները հերթական անգամ դարձան քննադատության թիրախ, իսկ Մաքսային միության մասին, օրինակ, ոչ մի բառ չասաց:
-Կարծում եմ, նա ՄՄ-ին անդամակցելուն դեմ կարտահայտվեր այն դեպքում, եթե իսկապես սկզբունքորեն դեմ լիներ այդ անդամակցությանը: Թերևս այլ խնդիր է լուծվում, որը կապված է «նոր» ընդդիմության կայացման գործընթացի հետ:
-ՀՀԿ փոխխոսնակ Շարմազանովը, արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, նշել է, որ նա «անցյալում մնացած քաղաքական գործիչ է»: Սրան հաջորդեցին ՀՀԿ-ականների սուր որակումները: ՀՀԿ-ի նման պահվածքը, ըստ Ձեզ, Քոչարյանի հետ վերջնականապես «կամուրջներն» այրելու նշան չէ՞:
-Քանի որ պարոն Քոչարյանը շարունակում է զգալի քաղաքական ազդեցություն պահպանել Հայաստանի ներքին անցուդարձի վրա, կարելի է ասել, որ նա ամենևին էլ անցյալում մնացած քաղաքական գործիչ չէ, և ՀՀԿ-ի վերնախավը բոլորից լավ է տեղյակ այդ մասին: Պարոն Քոչարյանի նորօրյա քաղաքական հայտնությունը, իրականում, ուժեղացնում է «նոր» ընդդիմության դիրքերը, նպաստում նրան, որ ապստամբական ընդդիմադիր հատվածը մտածի երկու ճակատով: Միաժամանակ մտածի Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարելու երկընտրանքի մասին, ինչը կարող է էապես կաշկանդել նրա գործողությունները:
-2014-ի սկիզբը սրեց սոցիալական ծանր վիճակը: Մի կողմից, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացավ, մյուս կողմից, կտրեցին նպաստը, կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրեցին, իսկ սպառած գազի գումարը շարքային աշխատողը մեկ ամսվա աշխատավարձով չի կարող մարել: Այս իրավիճակում սոցիալական բունտի հնարավորությունը որքա՞ն է:
-Ապստամբական ընդդիմության քաղաքական առաջնորդներն իրենց գործողություններով նպաստեցին նրան, որ շարքային քաղաքացիներն անհույս համարեն իշխանության դեմ պայքարի բոլոր, այդ թվում, ուժային մեթոդները: Մարդիկ գերադասում են փախչել Հայաստանից, ամեն գնով հեռանալ երկրից, որտեղ մի քանիսի շքեղ կյանքը բոլոր մնացյալների սովի, թշվառության, իրավազրկության, սեփական հայրենիքից օտարված լինելու դառը իրականության գարշելի, նողկանք առաջացնող հակապատկերն է: Այդուհանդերձ, սոցիալական բունտը նաև ելք չպարունակող երևույթ է` այն կարող է հեշտությամբ կործանել ամեն բան, սակայն ունակ չէ իրավիճակը փոխելու դեպի լավը:
-Մտադիր չե՞ք որևէ քաղաքական ուժի անդամակցել: Որևէ ուժի կողմից համագործակցության առաջարկ ստացե՞լ եք: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցում:
-Այս հարցը լուրջ չեմ քննարկել ոչ մի քաղաքական ուժի հետ: Որևէ տեղ տաքուկ տեղավորվելու նպատակ չեմ ունեցել և չունեմ: Քաղաքական հայացքներս ու մասնագիտական ունակություններս ներդաշնակ են խղճիս թելադրանքին: Գոնե սեփական փորձի վրա հիմնվելով, հաստատ գիտեմ, որ քաղաքականությունն ու խիղճը միմյանց հետ կարող են ներդաշնակորեն գոյակցել: Հայաստանի քաղաքական համակարգն իր զարգացման նոր փուլն է թևակոխում և, հակառակ այսօրվա տխուր իրողություններին, այդ փուլը նոր պահանջներ է ներկայացնելու քաղաքական ուժերին: Նրանք ևս ստիպված են լինելու վերագտնել իրենց գործունեության արդյունավետությունն ապահովող բարոյական ու մասնագիտական առանցքը, ներդաշնակեցնել քաղաքականությունը խղճի թելադրանքի հետ: Այս հիմքի վրա չեմ բացառում իմ համագործակցության հեռանկարը քաղաքական ուժերից որևէ մեկի հետ, բայց նաև համոզված չեմ, որ այդ պահն արդեն հասունացել է: Պետության մեջ մարդն անգամ սակավաթիվ ակտիվ կողմնակիցների հետ ուս ուսի տված կարող է դիմադրություն ցույց տալ ցանկացած անարդարության ու իրավունքի խախտումների, սակայն իսկապես ազատ, ծաղկող ու հպարտ երկիր կառուցելու համար անհրաժեշտ է ընդհանուր արժեքների ու փոխվստահության վրա հիմնված համագործակցության լայն, համընդգրկուն շրջանակ: Մենք դեռ պահպանում ենք ավելի լավ պետություն ունենալու հնարավորությունը:

Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ