Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Չեմ կարծում, թե հեշտ է ինձ ճնշելը»

«Չեմ կարծում, թե հեշտ է ինձ ճնշելը»
21.03.2014 | 00:08

ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ
(ԱԺ անկախ պատգամավոր)

-Պարոն Մարուքյան, Դուք չեք մասնակցում ընդդիմության դաշտում տեղի ունեցող գործընթացներին, իշխանությունում էլ չեք: Հնարավո՞ր է այս վիճակում լինել անկախ: Որտե՞ղ է Ձեր տեղը:
-Ես իմ տեղում եմ, դա շատ լավ տեղ է: Բազմաթիվ մարդիկ նախանձում են, որ կարող էին լինել իմ տեղում, բայց այնտեղ չեն: Ինչ վերաբերում է «հնարավորին», քաղաքականությունը հնարավորինի արվեստ է: Իմ ունեցած հնարավորությունների շրջանակում ես անում եմ ամենահնարավորը, մասնավորապես իմ ընտրատարածքի մարդկանց և օրենսդրական դաշտի համար: Իմ առաքելությունը սրա մեջ եմ տեսնում: Քաղաքական գործընթացներին նայում եմ դիտորդի կարգավիճակով: Եթե ժամանակ գա, որ ես պիտի ընտրեմ, թե որտեղ պիտի լինեմ, հաստատ իմ տեղը գտնելու եմ:
-Ձեզ ավելի հոգեհարազատ է այսօրվա ընդդիմությա՞ն, այլընտրանքի՞, թե՞ իշխանության գործելաոճը:
-Ես ավելի շատ արևմտյան ուղղվածության կողմնակից եմ: Արևմուտքում գոյություն ունեն ընդդիմություն և իշխանություն, ուրիշ բան չկա: Ակնհայտ է, եթե ես իշխանական ուժերի մեջ ընդգրկված չեմ, մյուս դաշտում եմ:
-Դուք լավ աշխատում եք նաև իշխանության հետ:
-Այո, որովհետև ես աշխատում եմ լուծել այն խնդիրները, որոնք իմ առջև դրել են իմ ընտրատարածքի ընտրողները, և այդ ճանապարհին, բնականաբար, պիտի համագործակցեմ բոլոր ուժերի հետ, որպեսզի հասնեմ ցանկալի արդյունքի: Ակնհայտ է, չէ՞, որ որևէ նախագիծ չեմ կարող խորհրդարանում անցկացնել, առանց գոնե 65 ձայնի: Պետք է, չէ՞, համագործակցեմ, բանակցեմ, համոզեմ: Ինձ համար էական չէ, թե ովքեր կողմ կքվեարկեն այդ նախագծերին, կարևորը, որ դրանք ընդունվեն:
-Նախորդ գումարումների ԱԺ-ում բոլոր անկախ պատգամավորները, ի վերջո, դարձել են այս կամ այն, հիմնականում իշխող կուսակցության խմբակցության անդամներ: Ձեզ վրա այդ առումով դեռ ճնշումներ չկա՞ն:
-Ես ինձ կայացած մարդ եմ համարում և չեմ կարծում, թե հեշտ է ինձ ճնշելը: Ինչ վերաբերում է Ձեր նշած փորձին, ակնհայտ է, որ ժամանակը հոսում է, և մարդիկ, ըստ էության, կողմնորոշվում են: Չորրորդ գումարման ԱԺ-ում ունեցել ենք տասը անկախ պատգամավոր, դրանց մի մասը մեկ խմբակցությունում է, մյուսը` այլ: Սա նորմալ է: Քաղաքական գործունեության մեջ մարդիկ գտնում են այն ուժերը, որոնք իրենց հոգեհարազատ և իրենց ծրագրերին համահունչ են ու անդամակցում են դրանց:
-Ձեր պարագայում էլ չբացառե՞նք, որ ինչ-որ պահի կգա այդ «ժամանակը»:
-Իհարկե, ի վերջո քաղաքական գործունեությունը նաև թիմային աշխատանք է: Դեռ որևէ մեկը միայնակ կամ հինգհոգանոց խմբակցությամբ մեծ խնդիրներ չի լուծել: Ցանկացած նախագիծ անցկացնելիս և՛ ես, և՛ փոքր խմբակցությունները նույն վիճակում ենք հայտնվում, պիտի համոզենք մեծամասնությանը: «Պառլամենտ-մոնիթորինգի» տվյալներով, ես գրեթե հավասար ցուցանիշներ ունեմ, ինչ հինգ-վեցհոգանոց խմբակցությունները: Մարդուց և գործի արդյունավետությունից է կախված:
-Ձեզ պես «արդյունավետ» պատգամավորներ շա՞տ կան:
-Այո, շատ կան պատգամավորներ, որոնք զբաղվում են պրոֆեսիոնալ գործունեությամբ: Չնայած հանրության մեջ տպավորություն կա, թե այստեղ բոլորը գործարարներ են: Այդպես չէ, կան այդպիսիները, բայց գերակշիռ մասը գործարար չէ:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ