Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աշոտյանը հանդիպել է դպրոցի տնօրենի հավակնորդներին

Աշոտյանը հանդիպել է դպրոցի տնօրենի հավակնորդներին
28.04.2015 | 16:15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոց, որտեղ մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննությունները: Նախարարը հանդիպել է հավակնորդներին, զրուցել նրանց հետ և հետաքրքրվել` ինչ խնդիրներ են ծագել վերապատրաստումների ընթացքում: «Դպրոցի համբավը, կրթության որակը մեծապես կախված է նախ տնօրենից. լավ տնօրենը դպրոցի հաջողության կեսն է, լավ տնօրենն իր հետ բերում է լավ ուսուցիչներ, նա կարգապահություն և օրինականություն է սերմանում, լավ տնօրենին հարգում, միաժամանակ սիրում են աշակերտները և այլն: Առանց լավ տնօրեն` չկա լավ դպրոց: Հուսով եմ, որ դուք այդպիսի տնօրեններ կլինեք»,- դիմելով հավակնորդներին` նշել է նախարարը:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշել է, որ 2009 թվականին Ազգային ժողովը հավանության է արժանացրել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, որտեղ ի թիվս այլ դրույթների` ամրագրվել է տնօրենների հավակնորդների վերապատրաստման և քննությունների գործընթացը: «Սա, փաստացի, քննությունների երկրորդ փուլն է. հավաստագիրն ուժի մեջ է 5 տարի, և արդեն ունենք մասնակիցներ, ովքեր մեկ անգամ հաջողությամբ հանձնել են քննությունը, աշխատել տնօրեն: Ներկայումս լրացել է ժամանակը, և նորից են մասնակցում: Այսինքն` մեխանիզմը վերարտադրվում է, ուստի մենք կայուն ինստիտուցիոնալ գործընթաց ենք նախաձեռնել: Տնօրեն աշխատելու համար հարկավոր է տիրապետել ոչ միայն տարիների փորձին, այլև ունենալ հստակ գիտելիքներ` իրավական, մանկավարժության և այլ ոլորտներում: Տնօրենը պետք է ունենա գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակ, ինչպես նաև սեր առ իր մասնագիտություն, մարդկային բարոյահոգեբանական նկարագրին բնորոշ գծեր»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ քննական հանձնաժողովներում ընդգրկված են ներկայացուցիչներ տարբեր օղակներից` ԱԺ, ԿԳՆ, ԿԱԻ և վերապատրաստող կազմակերպություններից: «Այս հինգ տարիներին մենք չենք ստացել որևէ իրական լուրջ բողոք, որ հաստատված լինի: Մենք կարիք ունենք, իհարկե, փոխել կրթական բովանդակությունը, որի համար դեռևս չկա հնարավորություն: Այն է` ստուգել հավակնորդների համակարգչային գրագիտության մակարդակը: Ներկայիս դարաշրջանում դա շատ կարևոր է, որովհետև այսօր կրթական տեխնոլոգիաները զարգանում են այդ ուղղությամբ, որն անհրաժեշտ է տնօրենների և ուսուցիչների մասնագիտական աճի համար»,-ընդգծել է նախարարը:
Նշենք, որ hանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի (հավաստագրի) գործընթացը սկսվել է 2011թ. և համաձայն կարգի` անցկացվել է տարին երկու անգամ: 2011-2014թթ. ժամանակահատվածում հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի քննությունների համար կազմակերպված վերապատրաստումներին մասնակցել է 2286 հավակնորդ, քննությանը մասնակցել` 2673, որից 2039-ին շնորհվել է հավաստագիր, 554-ը չեն հաղթահարել, իսկ 80-ը չեն մասնակցել: 2015թ. ապրիլի 28-ից մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվող քննությունների համար վերապատրաստվել է 229 հավակնորդ, քննությանը մասնակցելու համար դիմել 237-ը:

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ