Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Առանց փողոցային պայքարի ոչինչ չի լինելու»

«Առանց փողոցային պայքարի ոչինչ չի լինելու»
06.02.2018 | 01:26

ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հայաստանյան հանդիպումներից հետո անցավ արտերկրյա այցերի: Թե քանի հանդիպում հետո է նա իր որոշման մասին բարձրաձայնելու, մի քանի օրից պարզ կդառնա: Մինչ այդ այս ամենը նմանվում է նախընտրական քարոզարշավի, այն տարբերությամբ, որ թեկնածուն նախապես չի հայտարարել, որ ցանկանում է նախագահ դառնալ: Եթե այսպիսի հանդիպումներ լինեին նախագահ դառնալու առաջարկն անմիջապես ընդունելուց հետո, կարելի էր հասկանալ, որ Արմեն Սարգսյանը ցանկանում է հայաստանյան իրականությանը հաղորդ լինել: Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ «Իրատեսը» զրուցեց այս և այլ թեմաների շուրջ:

-Արմեն Սարգսյանի հանդիպումներն արդեն, այսպես ասած, մասշտաբային բնույթ են կրում: Հայաստանյան հանդիպումները կիսատ թողած, նա գնաց Ռուսաստան ու Իտալիա: Այս հանդիպումների շարքն ինչի՞ համար է, երբ նա նույնիսկ չի համաձայնել իրեն արված առաջարկին:
-Նախ նոր Սահմանադրությամբ երկիրը խորհրդարանական կառավարման է անցնելու, վարչապետական երկիր է լինելու, իսկ նախագահի լիազորությունները բավական կրճատվելու են, բայց նա հավասարակշռող դերակատարում է ունենալու: Արմեն Սարգսյանը գիտի, որ հանրապետականի «օրհնանքով», դաշնակցության «լայնաճակատությամբ» և ԲՀԿ-ի «չկամությամբ» ընտրվելու է, բայց կա երկրի իմիջի խնդիր: Ման է գալիս, երկրի ներսում ու դրսում վարկանիշի խնդիր լուծում, որի կարիքը շատ խիստ ունի այսօրվա իշխանությունը: Այս ամենը նաև գործարար կապեր ստեղծելու համար լավ առիթ է, գուցե և որոշակի ծրագրեր իրականացվեն:
-Չե՞ք կարծում, որ հանդիպումներն առավել նպատակային ու տրամաբանական կլինեին, եթե նախագահ ընտրվելուց հետո նախաձեռնվեին: Հասկանալի կլիներ, որ նա հանդիպումներ է անցկացնում հայաստանյան իրողությունները ճանաչելու և իր ծրագրերը որոշակիացնելու համար: Սակայն տպավորություն է ստեղծվում, թե Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը «համահայկական» հանդիպումների է դուրս եկել:
-Նախագահի թեկնածու է և իմիջ է փոխում: Հայաստանի իշխանություններին այս պահին ամենաանհրաժեշտը իմիջն է: Առիթ է, եվրոպացի է, գիտի իրեն ինչպես պահել, հետն էլ գործարար է, Հայաստանում տնտեսական կապեր չունի, իշխանական պատկերը փոխելու համար լավ թեկնածու է: Պետությունը ստանում է համահայկականության տեսք: Հիմա չգիտեմ՝ իշխող համակարգն ինչպիսի հանձնարարություն է տվել, բայց չի կարող չլինել նաև գործարար կապերն օգտագործելու առաջարկը:
-Առաջին երկիրը, ուր նա այցելեց որպես թեկնածու, Ռուսաստանն էր: Հյուսիսից հավանությու՞ն է պետք:
-Մեր երկիրը հազար ու մի թելով կապված է Ռուսաստանի հետ, և դա նորմալ է: Որքան գիտեմ, գնաց նաև ռուսահայ գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպման: Սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար շատ էական է այդ համայնքը: Եթե այստեղ փող ուղարկողները ռուսահայերն են, եթե ՌԴ-ի հետ այսպիսի հարաբերություններ ունենք, բա էլ ու՞ր գնար, ու՞մ մոտ գնար: Հետո` Եվրոպայից է եկել ու գիտի` ինչ ունենք այնտեղ:
-Տեսակետ կա, որ, ի դեմս Արմեն Սարգսյանի, երկրի ղեկը ստանձնելու է մի մարդ, որը Հայաստանը չի ճանաչում, դրսից է հայաստանյան իրադարձություններին հետևել և ոչ մի կերպ չի համադրվում 30 տոկոսից ավելի աղքատություն ունեցող Հայաստանի հետ: Համամի՞տ եք:
-Բազմիցս եմ ասել` ապագա նախագահի գործառույթը ոչ մի առնչություն չունի այսօրվա նախագահի լիազորությունների հետ: Երկրի իշխանությունը եղել է Բաղրամյան 26-ում, այդպես էլ մնալու է: Եվ վերջ: Առաջ կոչվում էր նախագահ, հիմա` վարչապետ:
-ՈՒրեմն ինչու՞ են առանց այն էլ աղքատիկ բյուջեի վզին դրվում լրացուցիչ ինստիտուտի ծախսեր, ինստիտուտ, որը, ըստ էության, էական գործառույթներ չունի: Չնայած որոշ հանրապետականներ այդքան էլ չեն նսեմացնում նախագահի լիազորությունները:
-Ընդամենն արարողակարգային պաշտոն է` հարևաններին ընդունել, մեդալներ տալ, պարգևներ շնորհել։ Նախագահը պետության արտաքին տեսքն է ապահովում: Այսօվա գործող նախագահին, որ վաղվա վարչապետն է, ազատելու է ավելորդ աշխատանքից, ոչ գլխավոր հարցերից: Այսպես է նաև Գերմանիայում, որտեղ կարող են նախագահ ունենալ, կարող են չունենալ, որպես սիմվոլ են թողել այդ պաշտոնը: Հիմա ունենք այն, ինչ ունենք, պետք է մտածել այս կառավարման համակարգից օգուտներ քաղելու և քիչ վնասներ ստանալու մասին: Խորհրդարանական կառավարումը ենթադրում է կայացած կուսակցական համակարգ: Բայց հիմա դա ունե՞նք:
-Արմեն Սարգսյանի հանդիպումների աշխարհագրությունը բավականին լայն է: Որպես նոր մշակույթ բերող անձ, ի՞նչ եք կարծում, չարժե՞, որ նա հանդիպեր նաև նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ:
-Եթե երկիրդ, որպես կանոն, դասական զարգացումներով ընթացող է, իհարկե արժեր: Բայց նրանց պաշտոնավարման տարիներին այդ երկու նախագահների դրսևորած վարքն ինձ հուշում է, որ չարժե: Նրանք անձնիշխանությունից, խմբային շահերից այն կողմ չանցան, այսինքն` չդարձան համապետական, համահայկական պաշտոնյաներ: Ամեն մեկն իր կողմը քաշեց: Քոչարյանը տասը տարի ինտրիգով զբաղվեց, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ պարտության քարոզով:
-Վերևում նշեցիք, որ Արմեն Սարգսյանի հանդիպումը ռուսահայ գործարարների հետ կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման համար: Հրապարակվեց «Կրեմլի ցուցակը», որտեղ նաև ռուսահայ գործարարներ կան, հնարավո՞ր է այդ պատճառով մեր տնտեսությունում նրանց ներդրումները պակասեն:
-Հայաստանին ոչ թե ներդրումներ են պետք, այլ հստակ, ճշգրիտ օրենսդրական իրականություն: Հայաստանին օլիգարխիա պետք չէ, որովհետև օլիգարխներն իրենց հետ բերում են նաև քաղաքական պահանջներ: Այսինքն, որքան տնտեսապես օգուտ են բերում, նույնքան էլ` քաղաքական վնաս: Այնպես որ, վիճահարույց է` այդ ներդրումները մեզ օգնու՞մ են, թե՞ ոչ: Հայաստանը կարիք ունի տնտեսական մաքուր միջավայրի, այդ ժամանակ ներդրումներն իրենք իրենց կգան: Եթե նույնիսկ ներդրող էլ չճարվի, միջին խավն ինքը դա կստեղծի:
-Այս պահին կառավարության թիվ մեկ խնդիրը ներդրումներ ներգրավելն է: Այսպիսի առաջնահերթությամբ չի՞ ստեղծվի Ձեր նշած տնտեսական միջավայրը:
-Որքան թուլանա օլիգարխների ազդեցությունը, այնքան մեծ է հնարավորությունը, որ տնտեսական լավ միջավայր կստեղծվի, երկիրը կզարգանա: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ ներդրողներն ավելանում են, բայց մեր վիճակը չի լավանում: Սա էլ հակառակ եզրահանգման դուռ է բացում: Այսպես է, էլի, եղբայրդ գնացել է Ռուսաստան, տարեկան հազար դոլար է ուղարկում, բայց ամեն օր զահլադ տանում է, չի թողնում երեխայիդ հետ մարդավարի ապրես: Նրան աշխատանք տվեք, դուք էլ, ձեր փողն էլ:
-Երեկ «Ելքը» թանկացումների դեմ բողոքի երկրորդ երթն անցկացրեց: Այս մարտավարությամբ հնարավո՞ր է իրավիճակ փոխել:
-Գիշեր-ցերեկ խոսում են, թե դա սարքած գործ է: Իշխանությունը, հանուն իր առողջության, միշտ պետք է ճնշման տակ լինի: Խորհրդարանում ճնշող լծակ չկա, այլ տեղերում` ևս, ուրեմն այս ակցիաները խիստ անհրաժեշտ են, հատկապես հիմա: Իսկ իրավիճակ այսօր չեն փոխի, վաղը հաստատ կփոխեն:
-Ասել է՝ փողոցային պայքարն անհրաժե՞շտ է:
-Առանց փողոցային պայքարի ոչինչ չի լինելու: «Ելքի» ակցիան նորմալ է, տնտեսական իրավիճակի դեմ բողոք է: Բայց նրանց 9- հոգանոց թիմը ոչինչ չի կարող անել:
-Թվաքանակով ավելի մեծ ընդդիմությունը՝ «Ծառուկյան» դաշինքը, նախընտրում է խորհրդարանական ամբիոնը և ընդդիմադիր միասնական պայքարի համար դուրս չի գալիս փողոց: Ինչու՞:
-Դե մի քիչ կձգձգեն, իրենց փայաբաժինը կստանան, կքվեարկեն: Ամեն մեկն իր փայի մասին է մտածում, տեսնում եք` դաշնակցությունն ինչ ծուռումուռ հայտարարություն է ընդունել: Մարդիկ մտածում են` կարող է կոալիցիա չմտնեն, իրենց գինն են ներկայացնում: Սերժ Սարգսյանն էլ հին, փորձառու գործիչ է, բոլորի գինը լավ գիտի: Կտա այնքան, որքան նրանց հասնում է, ոչ թե` ինչքան նրանք կուզեն:

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ