Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կոռուպցիայի դեմ պայքարը թևակոխել է սրբագրումների փուլ

Կոռուպցիայի դեմ պայքարը թևակոխել է սրբագրումների փուլ
04.06.2018 | 18:57

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել իշխանությունում: Մինչ բոլորը միաբերան պնդում էին, թե գործարարների և իշխանության միջև պայմանավորվածությունների արդյունքում են գործել կոռուպցիոն մեխանիզմները, այսօր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը «սթափեցրել» է բոլորին, ընդ որում՝ բավականին կոշտ:

«Ի՞նչ է նշանակում՝ եղել է պայմանավորվածություն նախորդ իշխանությունների հետ: Պայմանավորվածություն է եղել, որ ապօրինի գործե՞ն: Ինչու՞ «Քարֆուրը» չի գործել այդ ապօրինի սխեմայով: Մնացած բոլոր խանութներն ինչու՞ չեն օգտվել այդ սխեմայից, օգտվել են ընդամենը 11 տնտեսավարողներ»,- ասում է պաշտոնյան: Իսկ օրերս այդ պայմանավորվածության մասին ուղիղ տեքստով խոսել էր ՊԵԿ առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, որն էլ արդեն այսօր ԱԱԾ պետի տեղեկացմամբ կանչվելու է հարցաքննության:

Ի՞նչ իրավիճակ է ուրեմն ստեղծվել: Գործող իշխանությունը սրբագրում է իր ասածը և երևույթները դիտում այլ պրիզմայով: Կան կոռուպցիոներներ, բայց նրանք նախորդ իշխանության հետ պայմանավորվածություններ չեն ունեցել: Փաստորեն, Մաշադյանին «փուռը» տվեցին: Իրադրությունն ավելի է «գունավորում» Վանեցյանը: Նա ասում է, թե իրավականորեն շատ դժվար է հայտնաբերել, թե ովքեր են եղել այդ կոռուպցիայի թիկունքում կանգնած մարդիկ: «Հաճախ ասում են՝ այսինչ գործի հետևում կանգնած է այսինչ մարդը: Բայց հավատացեք ինձ, որ իրավական առումով ապացուցել այդ ամենը բավական բարդ է և գրեթե անհնար»,- շեշտել է նա: Այսինքն, հասարակության այն սպասումները, թե շատ նախկին պաշտոնյաներ կարող են իրավապահների ուշադրության տիրույթում հայտնվել, մեղմ ասած, կարող է չիրականանալ: Այն պարզ պատճառով, որ բոլոր ստվերային գործընթացների թիկունքում կանգնած «խոշոր շնաձկների» անունով ոչինչ գրանցված չէ, դրանք այլ մարդկանց անունով են: Ստացվում է, որ այդ «խոշորներին» դժվար չէ հայտարարել, թե նման բիզնեսն իրենց հետ որևէ առնչություն չունի: Ասել է՝ իրավական առումով գրեթե անհնար է ապացուցել նրանց «մեղավորությունը»:

Ի դեպ, միայն պետեկամուտներ կոմիտեի առաջին տեղակալը չէ, որ պայմանավորվածությունների մասին է խոսել: ՊԵԿ նախագահն էլ ավելի վաղ ասել էր. «Մենք ուղղակի ասել ենք, որ նախկին համաձայնությունները չեն գործում, և շատ արագ պետք է վերադառնալ օրենքի շրջանակներում ՀԴՄ-ների տրամադրման պրոցեսին։ Մի քանի օր ժամանակ ենք նրանց տվել, որ ծրագրային իրենց խնդիրները կարգավորեն»: ԱԱԾ-ը չի՞ ուզում Դավիթ Անանյանին ևս կանչել հարցաքննության ու պարզել ի՞նչ համաձայնությունների մասին է նա ակնարկում: Գուցե «պայմանավորվածություն» և «համաձայնություն» բառերը որոշակիորեն տարբեր են, բայց երկու դեպքում էլ խոսքը նախորդ իշխանությունների հետ որոշակի «գործարքի» մասին է: ՈՒրեմն ինչու տեղակալին հարցաքննում եք, իսկ ղեկավարին՝ ոչ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ




Դիտվել է՝ 3171

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ