Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Պիտի հիշենք, որ ապրենք»

«Պիտի հիշենք, որ ապրենք»
22.01.2019 | 04:14

Մի քանի ամիս առաջ ավտոբուսով տուն էի գնում ծնունդով արծվաշենցի մի մարդու հետ: Ճանապարհը երկար էր: Նա, որպես հայրենազրկված, ես` հայրենազրկվածի որդի, այսինքն` երկու հայրենազրկվածներ, մի բովանդակ սերունդ տարիքային անջրպետով զրույցի բռնվեցինք կորսված հայրենիքի ու երբևէ այնտեղ վերադառնալու` ոչ մի գարդմանցու մեջ երբեք չմեռնող հույսի մասին: Խոսեցինք գրեթե ամեն ինչից: Երբ անդրադարձանք նիստուկացին, համերկրացիս խոր հոգոց հանեց ու ջղոտ տոնով ասաց. «Տարիներն անցնում են, շատ բան է փոխվել, բայց այդ նիստուկացը մեր տանը նույնն է, մենք հիմա ուրիշ տեղ ենք ապրում` Արծվաշենից ու անգամ արծվաշենցիներից հեռու, բայց կնոջս ասել եմ, որ ուրիշներից ոչինչ չընդօրինակի, եթե կարող է, թող օրինակ տա, բայց չընդօրինակի, թե չէ կմոռանանք մեր գյուղից ժառագածը: Ես չեմ կասկածում, որ վերադառնալու ենք Արծվաշեն, եթե հիմա մոռանանք այնտեղ ժառանգածը, քանի՞ կոպեկի արժեք կունենա մեր վերադարձը. պիտի հիշենք, որ ապրենք»:


Երբ հասանք մեր գյուղ, ուղեկցորդիս հաջողություն մաղթեցի ու իջա ավտոբուսից: Ամբողջ ճանապարհին գլխիս մեջ զնգում էր` պիտի հիշենք, որ ապրենք:


Այս դեպքը չէի մոռացել, երբևէ չէի էլ մոռանա, բայց այն դեռ թարմ հիշողությանս մեջ կրակի պես սկսեց վառվել անցած շաբաթ` խորհրդարանի նիստը նայելու ժամանակ:
Մեր նորաթուխ պատգամավորներից մեկը, որ մի նախկին հեռուստահաղորդավարուհի է, հարց ուղղեց մեկ այլ պատգամավորի: Հարցը ո՛չ ավելի, ո՛չ պակաս, այսպիսին էր` ինչպե՞ս եք վերաբերվում սեռական փոքրամասնությունների իրավունքներին: Թե ինչ պատասխանեց մյուս պատգամավորը, այնքան էլ էական չէ: Ավելի էականն այն է, որ Հայաստանի Ազգային ժողովից արդեն նման հարցեր են հնչում: ՈՒ ես միանգամից հիշեցի համերկրացուս ասածը` պիտի հիշենք, որ ապրենք: Սկսեցի հիշել: Երանի չհիշեի: Շատ հետ գնացի, հիշեցի բոլորին` Բելին նետահարած Հայկ պապիս, Նյուքար Մադեսին Արմավիրի պարսպի աշտարակին գամած Արամ նահապետին, Շապուհի դեմ ըմբոստացած Արշակ թագավորին, պարսիկներին անվերջ պատուհասող Մամիկոնյան տոհմին: Բոլորին հերթով հիշեցի: Հիշեցի նաև ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած մեր ազգային ողբերգությունը: Փորձեցի մեր կորուստները հաշվել, անշուշտ, հոգևորի մասին է խոսքը, բայց չկարողացա և չեմ կարծում, թե աշխարհում կլինի այդպիսի մի խելոք գլուխ, որ այդ հարցին հստակ հաշվարկով պատասխան տա: Հիշեցի անցյալ դարավերջի շարժումը, շարժում, որի ժամանակ էլ հայրենազրկվել էինք ես ու համերկրացիս: Փորձեցի պատկերացնել գաղթի ճանապարհը, հետո դառնությամբ մտքիս եկան նրանք, ովքեր բախտ ունեցան գաղթելու բախտին չարժանանալու` մեր քարաշխարհը հիշեցի, որի վերջին հանգրվանում թուրքերը քարը քարին չեն թողել: Հիշեցի մեր ազնիվ եղբայրներին, որ զոհ գնացին մեր ապրելուն, երեկ և այսօր... Շատ բան հիշեցի, հիշեցի ու զգացի, որ կոկորդումս քարի պես մի բան է դեմ առել, որ ո՛չ առաջ, ո՛չ հետ տալ կարող ես:


Ինչպե՞ս չհիշես, երբ արյուն-քրտինքով կառուցված պետության ազգային խորհրդարանի անդրանիկ նիստերից մեկի անդրանիկ հարցը անպատկառությանն է առնչվում: Երբ առանց ամաչելու հարցնում են` ինչպես եք վերաբերվում սեռական փոքրամասնություններին: Մեր դեպքում պատասխանը, իհարկե մեկն է` չեմ վերաբերվում առհասարակ: Գուցե վերաբերվեի, եթե անգլիացի, իտալացի կամ հոլանդացի լինեի, բայց, բարեբախտաբար, հայ եմ: Եթե նիստերի դահլիճում նստածները նույնպես հայեր են, այդ դեպքում որտեղի՞ց այսքան գենետիկ ծանծաղամտություն ի հայտ եկավ մեր երկրում, ո՞վ բերեց: Եվրոպա՞ն: Եվրոպա, Եվրոպա, ամեն ինչ կապում են Եվրոպայի հետ, հագուստը, ուտելիքը, ապրելակերպը, սիրտը, հոգին, բա Հայաստա՞նը, բա հա՞յը, չեղյալ գաղափարնե՞ր են, թե՞ կարիք չկա առհասարակ հիշելու դրանք:


Մեզ ու՞ր է տանելու այս ճանապարհը: Ընկնելու ենք, հայեր, ընկնելու ենք ու կտոր-կտոր լինենք, և դրա համար ոչ ոք մեղավոր չի լինելու, նույնիսկ Եվրոպան: Մեղավորը մենք ենք լինելու, որ այդպես էլ չկարողացանք ձեռք բերել մարդու և անասունի միջինը` հիշողությունը:
Ազգին վերաբերող որևէ որոշում կայացնելուց առաջ գնացեք Եռաբլուր։


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1798

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ