BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Այո, երկիրը դուրս է եկել իր շավղից

Այո, երկիրը դուրս է եկել իր շավղից
16.05.2025 | 12:06

Ես թեև կոչումով էդպես էլ մանկավարժ չդարձա, բայց գոնե կրթությամբ մանկավարժ եմ։

Ազգային ժողովում անկարգ վիճակը, պերմանենտ տուրուդմբոցներն ու քֆուր֊քյաֆարն ինձ հուշում են իրավիճակը գնահատել և վերլուծել մանկավարժորեն։ Պատկերացրեք երկիրը մի մեծ դասարան, իսկ իշխանությունն էլ մի ուսուցչապետ, որ փորձում է դասարանը կարգ ու կանոնի մեջ պահել։

Սակայն գործադրած ամեն մի ջանք, հորդոր, խստություն, տուժ ու պատիժ անցնում են ապարդյուն։

Ակամայից մի դեպք հիշեցի ուսուցչական կյանքիցս։ Ծննդավայրիս` Մանես քաղաքի թիվ 2 դպրոցում պատմության ուսուցիչ էի։

Խաղաղ դասընթացի մեջ էինք, մեկ էլ գլխավերևս` գոռգոռոց, գռգռոոց, դըմփդըմփոց, ճռինչ ու կռինչ, ոնց որ երկրաշարժ։

Անհնար էր դասի շարունակումը։

Բարձրացա մի հարկ վերև, որտեղ պիտի որ հանգրվաներ աղմուկի ակունքը։ Եվ տեսա, ի՞նչ տեսա... ՈՒսուցչուհին ամուր նստել էր ուսուցչական աթոռին ու անշարժացել, ասես Ալեքսանդր Մատրոսովը, ով անձնվիրաբար փակել էր հրակնատը։

Նրա տակ դասարանի մատյանն էր, որին համառորեն ցանկանում էին տիրանալ աշակերտները։

Նրանք սավառնում էին աշակերտական նստարանների և ուսուցչական սեղանի վրայով` կոպտորեն հպվելով գրատախտակին ու ծեփաթափ, կապույտ պատերին։ Խոժոռ մի հայացք, խստաշունչ մի ձայն և ասես դանդաղեցված ֆիլմում` յուրաքանչյուրը հանգրվանեց իր տեղում։

Թերևս, կարելի էր և գոնե մեկ հատիկ դաստիարակչական ապտակ, եթե միայն ապտակողը ՈՒսուցիչ է։

Այն, նույն պահին ևեթ, պիտի խլանար դասարանում։ Ապտակի ձայնը չպիտի լքեր դասարանը, դա էր չգրված օրենքը։ Բայց ո՞վ կարող էր ունենալ նման իրավունք...

Ազգային ժողովի ամբիոնից գրեթե ամեն օր լսվում են հեյրուրանքներ, հաթաթաներ, երբեմն էլ գործադրվում են պատժամիջոցներ, ընդուպ մինչև պատգամավորական իրավունքից զրկում, կամ էլ ընդդիմադիր պատգամավորներով Պետանվտանգության նկուղները լցնելու սպառնալիք...

Ապարդյուն։

Իրավիճակն օրըստօրե դառնում է անկառավարելի, պայթյունավտանգ։

Չկան` այն ուսուցիչը, իշխանավորը, անձայն ապտակը։ Քանզի չկա ուսուցիչը, իսկական ՈՒսուցիչը...

Այո, երկիրը դուրս է եկել իր շավղից:

15.05.2025թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 1265

Մեկնաբանություններ