«Գեբելսյան կամ Գեբելսի սուտ» արտահայտությունը ծագում է Նացիստական Գերմանիայի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսի անունից և նշանակում է գերազանց կազմակերպված, շատ անգամ կրկնվող, զանգվածային և հաճախ միտումնավոր կեղծ տեղեկատվություն՝ նպատակաուղղված մարդկանց համոզելուն կամ մոլորեցնելուն։
Այդ ստի հիմքում ընկած է հետևյալ գաղափարը.
«Սուտը եթե բավական երկար կրկնես, մարդիկ կսկսեն հավատալ դրան:
Եթե սուտը բավականին մեծ է, շարունակ կրկնվում ու լայնորեն տարածվում է, ի վերջո, դառնում է ճշմարտություն»։
Դա միտումնավոր, ռազմավարական սուտ է, որը ծառայում է իրականությունը խեղաթյուրելու, զանգվածներին մոլորեցնելու, մանիպուլացնելու, հասարակական կարծիքը վերահսկելու, իրականության մի մասը կոծկելու նպատակին։
Այն նաև օգտագործվում է քաղաքական քարոզչության մեջ, երբ իշխանությունը փորձում է վերահսկել հանրային ընկալումը,
Մեդիայում, երբ տեղեկությունը մանիպուլյատիվ հայտարարություններով միտումնավոր աղավաղվում է, դավադրապաշտական տեսությունների մեջ, երբ մեծ սուտը ներկայացվում է որպես ճշմարտություն:
Նման ստեր հատկապես սիրում են լսել քաղաքականության հետ աղերս չունեցող, բայց քաղաքականությունն ականջներով սիրող հուզական ու էմոցիոնալ մարդիկ:
Այս արտահայտությունը հաճախ օգտագործվում է քննադատաբար՝ մատնանշելու ակնհայտ կամ համակարգված կեղծիքը:
Այսօր այն առավել քան ակտուալ է ՀՀ գործող իշխանությունների և մասնավորապես նրանց խոսափող՝ մտքի տիտան, ակունք իմաստության, հոգով ու երազում ինքնախաբ գեներալիսիմուս, արած-ապրածով՝ շարքային պոպուլիստ-դեմագոգ, նախկին ՊՆ խոսնակի մասով:
Ինքնահռչակ ստրատեգ, ռազմագիտության գուրու-գիտունիկ, բայց իրականում՝ իշխանական ռազմափուչիկ, մեր կոլեկտիվ պարտության, նվաստացման, մեր պետության ջախջախման, ստի ու կեղծիքի էտալոն-խորհրդանիշ, հանրությանը մոլորեցնելու, խաբելու, քծնանքի, անպատկառության, անթասիբ-աննամուսության, աներեսության ու անսկզբունքայնության մարմնացում Արծրուն Հովհաննիսյանի Հ1-ում իշխանական ինֆոփուչիկին տրված «սենսացիոն ու պարադոքսալ» հարցազրույցը տառացիորեն վերոնշյալի մասին էր:
Ճղճիմ քարոզիչ, ով 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում, զուտ հավատալով իր ներքին համոզմանը (դա իր բառերն են) կամ գուցե մեզ խղճալով, սթրեսից հանելու, ազգի մարտական ոգին ու տրամադրվածությունը բարձր պահելու համար («օգտակար սուտ» դա իմ ենթադրությունն է) պարաժի վարպետը հավաստիացնում էր, թե «հաղթելու ենք», բայց վերջում բոլորիս կանգնեցրեց փաստի առաջ, ինքն էլ իրեն սարքեց սուտի ու անլուրջ ռազմական փորձագետ:
Մարդ, ով տանուլ տված պատերազմից հետո ասում էր, թե իսկական սպան պետք է կռվով մեռնի, ով իրեն քննադատողներին «թուրք» էր անվանում:
Մեկը, ով երբեք հրամանատար չի եղել, իր ենթակայության տակ զինվոր ու սպա չի ունեցել, ով դիրք չի պահել, թուրքի երես չի տեսել, ով բոլոր նախկին ու ներկա իշխանությունների ձեռքի տակով անցնելով, ինչ-որ տեղ օգտագործվելով՝ ՊՆ խոսնակ, իսկ հիմա՝ հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ է նշանակվել ու կաբինետ-լսարաններից դուրս չի եկել:
Կարիերիստ, ով ժամանակին նախկիններին հաճոյանալով, քծնելով ու շողոքորթելով ապրել է, իսկ հիմա՝ «աբիժնիկի» ու անշնորհակալի կերպարի մեջ մտնելով քննադատում ու մեղադրում է ում ասես, բայց ոչ իրեն:
Նախորդ, ներկա և ապագա իշխանություններին արջի ծառայություններ մատուցող բազմերեսանի պոպուլիստ-դեմագոգ, ով իր հանրային կերպարով արատավորում ու արժեզրկում է զինվորականի մասնագիտությունը, կոչումն ու հանրային պատիվը։
Այս նիկոլալեզ գտածոն, ավարտելով
«Աննա Հակոբյան» կրթահամալիրի՝ «կրթվելը նորաձև է» դասընթացը, Հաղթանակի օրը, իր պարտության սիմվոլ կերպարով երկրի գլխավոր մեդիացմփորիկի կողմից Հ1–ի եթեր է կանչվում, որտեղ լուրջ դեմքով խոսում է բանակից, վերլուծում է, թե ինչ է հաղթանակը, ինչ է պարտությունը, ու որ զավեշտալին է՝ իր դագդիգակական «մուտիտներն ու մուխլյոժները» թողած, իբր միֆազերծում է հայրենական Մեծ պատերազմն ու մայիսի 9-ի հաղթանակը:
Վարչապետին համապատասխան զինվորականն իր նիկոլաթեզերով աբսուրդային ու մառազմատիկ մեջբերումներ է կատարում՝ գուցե անտեղյակ, գուցե գիտակցաբար կեղծելով, խեղաթյուրելով պատմական փաստերն ու իրողությունները:
Վերջինս իր էքստրավագանտ մտքափունջով պետք է հայտարարի, թե՝ «Գերմանիան ուներ ծրագիր.
Ստալինգրադից հետո իջնի և վերցնի Կովկասը, ապա գրավեր Թուրքիան, որն էլ ենթադրում էր միացյալ պատմական Հայաստանի ստեղծում»:
Ասել կուզի՝ Ստալինգրադի ճակատամարտը խանգարել է, որ Գերմանիան գրավի Թուրքիան ու ստեղծի միացյալ Հայաստան:
Այն, որ Գերմանիան իրոք պլանավորել էր Ստալինգրադից հետո գրավել Կովկասը՝ փաստ է, բայց որ գրավի այն, միաժամանակ Արևմտյան Հայաստանն ու այն նվիրի հայերին, ճանաչելով Հայկական անկախ պետությունը՝ փաստորեն գիտեր միայն Արծրուն իմաստունը:
Ըստ նրա վարկածի՝ Գերմանիայի հաղթանակը Հայաստանի համար ձեռնտու կլիներ:
ՈՒ սա այն պարագայում, երբ ընդհակառակը՝ Ստալինգրադում, եթե ԽՍՀՄ-ը պարտություն կրեր գուցե և հիմա Հայաստան ընդհանրապես չլիներ:
Ենթադրելի է, որ այս անմեղսունակ արարածը, ինչ-որ տեղ կարդացել է 3-րդ Ռայխի՝ «Հերտրուդա» ռազմական պլանի մասին, բայց չի խորացել, լավ չի հասկացել, թե՛ այդ պլանի էությունը, թե՛ ովքեր են կանգնած եղել դրա հետևում և թե՛ ինչպես և ինչ պայմաններում է այն «պռավալի» ենթարկվել:
«Պոտսդամի պայմանագրի», «Կլոդիուսի համաձայնագրի», Ալֆրեդ Ռոսենբերգի՝ «շագանակագույն թղթապանակի» մասին վերջինս ընդհանրապես տեղյակ չէ, «Լենդ լիզի» գաղափարի, 1941 թվականին Անկարայում կնքված գերմանա-թուրքական բարեկամության և չհարձակման պակտի մասին էլ աղոտ պատկերացումներ ունի:
Դրա համար էլ կիսատ-պռատ, նամյոկ-ենթադրություններով ու կիսաճշմարիտ թեզերով է հանդես գալիս:
Ըստ երևույթին, այս անոմալը բացառում է, որ Ստալինգրադի ճակատամարտից հետո գերմանացիները գալիս էին Կովկաս ոչ թե նավթի, այլ հայերիս համար Մեծ Հայքի սահմաններով սուվերեն պետություն ստեղծելու համար:
Որ թուրքերն էլ հարավից պետք է միանային նրանց ու կիսեին ազդեցության գոտիները և ոչ միայն:
Այս մտքի Էվերեստը տեղյակ էլ չէ թուրքական բանակի՝ Ստալինիգրադի անկման պարագայում Կովկասի ուղղությամբ հարձակվելու փաստաթղթավորված հրամանների մասին:
Որ պատերազմի տարիներին թուրքական բանակը մինչև ատամները զինված սահմանին սպասում էին ԽՍՀՄ-ի պարտությանը, որպեսզի ներխուժեին Անդրկովկաս, սակայն Ստալինգրադի ճակատամարտը որոշիչ եղավ այդ մտադրության համար, արդյունքում՝ Թուրքիան ռիսկի չդիմեց։
Որ պատերազմի թեժ պահին թուրք գեներալները հանդիպել են Հիտլերի հետ, և թուրքական բանակի՝ ԽՍՀՄ ներխուժման հարցն ու պայմանը կախված էր գերմանացիների հաջողությունից։
Գերմանիայի պարտությունից հետո գաղտնազերծված նյութերում 100-ավոր ապացույցներ կան այն մասին, որ հենց Գերմանիայի խնդրանքով է Թուրքիան դիվիզիաներ տեղակայել Խորհրդային Հայաստանի հետ սահմանին։
Որ Արևմտյան Հայաստանն ազատագրելու հարցը շատ արագ առկայծել է և շատ արագ մարել, իսկ Գարեգին Նժդեհը արագ խզել է կապը Գերմանիայի հետ, որովհետև հասկացել է, որ միֆ է, թե Գերմանիան պատրաստվում է հարձակվել Թուրքիայի վրա, խլել հողերն ու նվիրել այն հայերին:
Ըստ այս ֆենոմի՝ Գերմանիան Թուրքիայի
դաշնակից / զինակից լինելով թույլ էր տալու պատմական Հայաստանի ստեղծումը և ոչ հակառակը՝ Արևելյան Հայաստանի միացումը Թուրքիային:
Ստացվում է՝ ֆաշիստական Գերմանիան ծրագիր ուներ հարձակվել իր դաշնակից / զինակից Թուրքիայի վրա, այն գրավեր, որ հայերին նվիրեր մեծ Հայաստանը:
Պարզվում է՝ «մեցենատ» Հիտլերը Հայաստանի ջատագովն է, մեր նոր Տիգրան Մեծը, ով իր «իրավարար վճռով» մտածում էր պատմական Հայաստանի սահմաներով Մեծ Հայաստանի վերականգնման մասին:
Այն Հիտլերը, ով ասում էր՝ «ով է հիշում հայերի ցեղասպանությունն» ու ջանասիրաբար կոտորում էր հրեաներին:
Ժամանակին երիտթուրքերն էլ (ովքեր, ի դեպ, իշխանության եկան հայերի օգնությամբ) մեզ հաճելի բաներ էին խոստանում, բայց Աբդուլ Համիդից բեթար կոտորեցին ու հայրենազրկեցին մեզ:
Այս մարդը գուցե չգիտի կամ գիտի չի ասում, թե ո՞վ կամ ովքե՞ր խանգարեցին ԽՍՀՄ-ին 1945-1946 թվականներին իրականացնել Թուրքիայից հայկական և վրացական հողերի ազատագրումը և վերամիավորումը ԽՍՀՄ-ին:
Երբ արդեն հայկական նոր տարածքներում ծրագրված էր ստեղծել կոմկուսի 2 շրջանային կոմիտե, արդեն նշանակվել էին դրանց քարտուղարները և այլ վարչատարածքային ղեկավարներ։
Հուշեմ.
Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն։
Անգլիայի և ԱՄՆ-ի կողմից Թուրքիային պաշտպանելու, ԽՍՀՄ-ի հետ բանակցություններում Թուրքիային աջակցելու, սատարելու, մեծ քանակությամբ
Զենք-զինամթերք տրամադրելու, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից ատոմային ռումբի կիրառման վտանգի պատճառով (որը կիրառվեց 1945 թվականի օգոստոսին Ճապոնիայում ), ԽՍՀՄ-ը հրաժարվեց այդ պլանից:
Հետագայում ԱՄՆ-ը Թուրքիայում միջուկային մարտագլխիկներ տեղադրեց, որոնք ուղղված էին դեպի Երևան ու Թբիլիսի:
Իհարկե, ԽՍՀՄ-ի արած-չարածների մասին ևս լավ գիտենք ու գերազանց հիշում ենք…
Ինչևէ, գուցե Ստալինգրադից հետո գերմանացիները «գյոռբագյոռ եղան» ու դագդիգական նահանջ արեցին, որ հետո հաղթեն:
Գուցե Գերմանիան միևնույն է հաղթել է, և իրենք պայմանավորվել են, որ ինչ էլ լինի իրենք իրենց պարտված չեն համարի:
Միգուցե:
Դե մեզ էլ պատմական հայրենիք պետք չէ, մենք «իրական հայրենիք» ունենք, շատ էլ որ 1/10-րդ մասն է մնացել ու բզկտման ռիսկի տակ է:
Մեզ մոտ խաղաղության դարաշրջան է, պատերազմն էլ ըստ վարչապետի բացառվում է:
Կապ չունի, որ Ալիևը հոխորտում ու սպառնում է, առավելապաշտական ու ծավալապաշտական նկրտումներից, էքսպանսիոնիստական, օկուպացիոն ծրագրերից ոչ մի կերպ չի հրաժարվում, ՀՀ սուվերեն տարածքն էլ «Արևմտյան Ադրբեջան» է անվանում:
Այս ամենը նայում ու ապշում ես:
Դեռ մի կողմ, որ այս ամոռալ կերպարը «դագդիկորեն» ֆաշիզմ է քարոզում, արդարացնում ու գովաբանում է այն:
Որ նենգափոխում է պատմական անցքերը, նսեմացնում է հաղթանակներն ու հերոս-նահատակների հիշատակը:
Մի կողմ, որ տեղյակ չէ, որ ֆաշիստների հեռանկարում հայանպաստ ոչ մի ծրագիր չկար ու չէր էլ կարող լինել:
Բայց այն, որ պատմական արժեքների, հաղթանակների, հպարտության ապրումների ու հիշողության նկատմամբ ատելություն է սերմանում, մեր պապերի սխրանքները կասկածի տակ է դնում ու պարտություն արդարացնում՝ ստորության գագաթնակետն է:
ՈՒ այստեղ է, որ սրան, պատմությունը խեղաթյուրողներին, էմոցիոնալ սպեկուլյացիաներով զբաղվողներին, այս տեսակին ծափահարող, խրախուսող, բռավո-բիս անողներին (հատկապես որոշ փորձագետ-վերլուծաբաններին) ընդամենը պետք հարց ուղղել` չե՞ք ամաչում:
Ախր այսպիսի ստի ու կեղծիքի մաս եք դառնում…
Ինչևէ, եթե մինչ այս կար «գեբելսյան սուտ», այսուհետ կա նաև՝ «արծրունասուտ»։
Իհարկե, կգա ժամանակը սրա ուսադիրները կպոկվեն, իրեն էլ զինվորականի համազգեստի մեջից կհանեն, կուղարկեն Գերմանիա՝ «Միացյալ Հայաստանի» մասին հաջորդ գիտաֆանտաստիկ աշխատությունը գրելու համար:
Իսկ Հ1-ի «բեսամտ» ինքնավստահ լրագրող աչոնիկին, ով ասում է՝ «ԽՍՀՄ պատմության մեջ ռուսներն այս պատերազմը կոչում են Հայրենական, բայց մարդիկ չէին ցանկանում կռվել։ Այդ դեպքում կարելի՞ է դա կոչել Հայրենիքի պաշտպանություն», կամ որ «Հայրենական մեծ պատերազմին հայերը չէին ցանկանում մասնակցել ու նրանց զոռով էին տանում կռվի դաշտ», պետք է մինիմում հարցնել, թե որտեղի՞ց է առաջացել նման պատվեր-պնդումը:
Իսկ հետո նրան, իր ճկվող մեդիացմփորիկի հետ ուղարկեն հայոց ու համաշխարհային պատմության կարճ, բայց էֆֆեկտիվ դասընթացների:
Եթե մարսեցին ճիշտ, անկողմնակալ և անաչառ պատմագրությունը, գուցե շարունակեն իրենց աշխատանքը:
Եթե ոչ, ապա հակառակը լուսաբանող մի շարք լրատվականներ կան, պատվերով լրագրողական աշխատանք ոնց էլ լինի կգտնեն:
Ինչ ասեմ, թեման էր դարձել ակտուալ ու շահարկվող, ոչ թե սույն անձը:
Այսքանը:
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ