Շատ հեշտ ապացուցելի հիպոթեզ եմ առաջարկում։
Ժամանակակից հայերիս կարևոր բնութագրիչներից մեկը զգացմունքներով առաջնորդվելն է։
Բոլոր զգացմունքներից ամենաառաջնորդողը ատելության զգացումն է։
Մեկին ատելով ընտրել նրան, ով ատելության օբյեկտին ամենաջերմեռանդն է ատում։
Սերժին ատողները գնացին Նիկոլի հետևից, կարծելով, թե Նիկոլը ամենամոլեռանդն է ատում Սերժին։
Նիկոլին ատողները գնում են նրա կողմ, ով ամենամեծ ատելությունն է ցույց տալիս Նիկոլի նկատմամբ։ Ընդ որում` հայտնի հայհոյախոսը շատ արագ էր սա հասկացել, ուստի սկսեց խաղալ հենց մարդկանց ատելության լարերի վրա։
Հիմա` ռուսին ատողները պատրաստ են թուրքին ընտրել, միայն թե թուրքը իրանց մուռը ռուսից հանի։
Ինչու՞ հանկարծ ՈՒկրաինայի տեղն իսկ չիմացող մարդիկ սկսեցին պաշտպանել ՈՒկրաինային` ատելության պատճառով։
Արևմուտք ընտրողները ո‘չ Արևմուտքն են սիրում, ո'չ ԱՄՆ-ը, ո'չ էլ ԵՄ-ը, նրանց թվացյալ համակրանքը մի անուն ունի` ատելություն։
Ինչո՞ւ հանկարծ որոշները հիասթափվեցին ԱՄՆ-ից։ Պատճառն այն էր, որ ԱՄՆ-ն սկսեց իր շահերը վեր դասել դաշնակիցներից ու ատելության չափաբաժինը նվազեց:
Վաղը, երբ սկսեն ատել Արևմուտքը, մեր այս «ազատատենչ» ժողովուրդը ատելության օբյեկտին կփոխի այն երկրով, որն ավելի շատ կատի Արևմուտքը։
Արժեքային բազայի դեգրադացիան հենց այսպես սպանում է բանականության ձայնը, փոխարենը միացնում զգացականը` մարդկանց դարձնելով մտքով կույր, հոգով ստրուկ։
Այնինչ բանականության ձայնն է, որ քեզ հակում է դեպի իրականը, պրակտիկը, բանականը, քո ու քո երկրի իրական պատմություն, և ո'չ թե թվացյալ շահերը։
Ատելությունը որդի նման կրծում ու քայքայում է մեր երկիրը, մեր հասարակությունը, մեր կյանքը...
Արա ՊՈՂՈՍՅԱՆ