Գնալով ավելի ու ավելի զգալի է դառնում Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի շունչը: Քառամյակի խոշորագույն մարզական հանդիսության մասնակցության մեջ որոշարկվել են մասնակից երկրներից շատերը, որոշարկվել է նաև Հայաստանը: Երեսուներորդում երկիրը ներկայացնելու պատիվը վերապահվել է ըմբշամարտիկներ Հովհաննես Վարդերեսյանին (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանին (74 կգ), Արթուր Ալեքսանյանին (96 կգ), գերծանրքաշային Յուրի Պատրիկեևին (հունահռոմեականներ), ազատ ոճայիններ Միհրան Ջաբուրյանին (55 կգ), Դավիթ Սաֆարյանին (66 կգ), Հաջիմուրադ Նուրմուհամեդովին (84 կգ), ծանրորդներ Առաքել Միրզոյանին (69 կգ), Տիգրան Գևորգի Մարտիրոսյանին (77 կգ), Արա Խաչատրյանին (85 կգ), Նորայր Վարդանյանին (94 կգ), Մելինե Դալուզյանին (69 կգ), +75 կգ քաշային կարգը ներկայացնող Հռիփսիմե Խուրշուդյանին (ծանրորդներից պահեստայինն է Վանիկ Ավետիսյանը` 69 կգ), բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանին (75 կգ), ձյուդոյիստներ Հովհաննես Դավթյանին (60 կգ) ու Արմեն Նազարյանին (66 կգ), հրաձիգ Նորայր Բախտամյանին, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին, թաեքվոնդոիստ Արման Երեմյանին (80 կգ), լողորդներ Միքայել Քոլոյանին ու Անահիտ Բարսեղյանին, թեթևաթլետներ Մելիք Ջանոյանին ու Քրիստինե Հարությունյանին (նիզականետորդներ), Վարդան Փահլևանյանին ու Արսեն Սարգսյանին (հեռացատկորդներ): Հնարավոր է ևս երկու մարզիկի` վազորդներ Ամալյա Շառոյանի և Սևակ Եղիկյանի մասնակցությունը (թեթևաթլետների վարկանիշային մրցումները կտևեն մինչև հուլիսի 18-ը):
ՄԻ ՔԱՆԻ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՀԱՃԵԼԻ ԵՎ ՈՉ ԱՅՆՔԱՆ
Եթե նկատում եք, Հայաստանը բավականին քիչ թվով մարզաձևերով է ներկայացված: Սա, բնականաբար, «լայն» օրից չէ, պարզապես այսպիսին է այսօրվա հայկական սպորտում առկա վիճակը: Դժվար չէ նկատել նաև, որ մեր ներկայացվածությունը բացառապես մենապայքարային մարզաձևերից է: Սա էլ է, հարկավ, լուրջ խնդիր և սկզբունքորեն բնավ էլ կապ չունի մեր մտածողության ու, առհասարակ, տեսակի հետ, ինչպես ավանդական մտածողությամբ հրամցվում է, իսկ գուցե և հեռահար ինչ-ինչ նպատակներով ներարկվում մեր մեջ, սակայն սույնն այս նյութի քննարկման շրջանակներից դուրս հիմնահարց է, ուստի շրջանցենք:
Օլիմպիադա մեկնող կազմից առանձնացնենք բավականին հաճելի մի փաստ, ապա նոր անցնենք բուն ասելիքին: Խոսքը վերաբերում է երեք անունների` Արսեն Ջուլֆալակյան, Առաքել Միրզոյան, Նորայր Վարդանյան: Մարզասերը պիտի որ այս անունների հետևում տեսնի նրանց կապը մեր անվանի մարզիկների` օլիմպիական չեմպիոններ Լևոն Ջուլֆալակյանի, Հոկսեն Միրզոյանի, Յուրի Վարդանյանի հետ: Մեր այս լեգենդների բազմաթիվ տիտղոսները չենք հիշատակում, որովհետև համարյա այս նյութի չափ տեղ կգրավեն: Հետևաբար եկեք նյութից առանձնապես չշեղվենք և հիշատակվածների կապն էլ չհեռացնենք: Նրանք մեր անվանիների որդիներն են, ու իսկապես հազար երանի կլիներ, եթե տղաներն իրենց հայրերի պես նախանձախնդիր լինեին երկիր ու տոհմ ներկայացնելու հարցում ու լավ մրցելույթներով ապացուցեին, որ հանրապետության օլիմպիական պատվիրակության կազմում հայտնվելն իրենց վաստակի և ոչ թե հայրերի թողած ավանդի արդյունք է: Սակայն եկեք, անկախ ամեն ինչից, խոստովանենք, որ այս ժառանգականությունը` հայրերի լուսավոր հետքերով գնալը, նույնպես հաճելի փաստ է: Այսքանն էլ այս խնդրի զգայական կողմի մասին:
Անցնենք առաջ:
Եթե նայում ենք մեր մարզական պատվիրակության կազմին, դժվար չէ նկատել, որ այն փորձի ու երիտասարդության միքս է: Այստեղ կան օլիմպիական փորձառություն ունեցող մարզիկներ («Բարսելոն-1992»-ի օլիմպիական խաղերի չեմպիոն Նորայր Բախտամյան, Պեկինի օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիրներ Տիգրան Մարտիրոսյան ու Յուրի Պատրիկեև, նույն օլիմպիադայի մասնակիցներ Արսեն Ջուլֆալակյան, Հռիփսիմե Խուրշուդյան, Անդրանիկ Հակոբյան, Հովհաննես Դավթյան), կան և իրենց արահետը նոր-նոր բացողներ: Բնականաբար` օլիմպիական խաղերի մասնակցության կտրվածքով:
Նկատենք ոչ պակաս ուշադրության արժանի մի փաստ էլ: Մեր օլիմպիականներից ընդամենը երկուսն են լեգեոներ` Հաջիմուրադ Նուրմուհամեդովը և հայկական տարրին այնքան վաղուց ու օրգանապես ձուլված Յուրի Պատրիկեևը, ում անունը հիշելիս արդեն իսկ մոռացության ենք տալիս ազգությունը: Ասել է թե` այս կտրվածքով մենք օլիմպիական խաղերում կլինենք գրեթե բացառապես բուն էթնոսով ներկայացված երկիր:
ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՄԵՐ ՓԱՅ-ԲԱԺԻՆԸ
Օլիմպիական մեր պատվիրակության կազմում, ինչպես առարկայնորեն երևում է, առյուծի բաժինը կազմում են ըմբիշներն ու ծանրորդները` ընդհանուր թվով տասներեք մարզիկ: Սկզբունքորեն սա զարմանալի չէ, որովհետև այս մարզաձևերը հանրապետությունում առավել տարածում գտածներից են, ունեն հենակետայինի համարում, որպես այսպիսին, օգտվում են առավել ընդգծված ուշադրությունից և, որպես հետևանք, արդյունքներն էլ, բնականաբար, զգացվում են: Պատահական չէ, որ օլիմպիական մեդալների մեր հավակնությունները հենց այս մարզաձևերից են: Ինչ խոսք, մեր այսպես ասելը բնավ էլ չի նշանակում օլիմպիական մեդալների բացառում մյուս մարզաձևերից, սակայն եկեք ամեն ինչին անդրադառնանք կարգով ու հերթով:
Իհարկե, պայքարը մնում է պայքար, և սկզբունքորեն դժվար է կանխորոշել, թե տվյալ պահին մարզիկն ինչ մարզավիճակում կլինի, ինչ արտաքին ու ներքին գործոններ կարող են ազդել նրա վրա, բայց որ մենք այստեղ ուժեղներից ենք, բազմիցս է ապացուցվել ամենատարբեր մրցաշարերում: Օլիմպիական մեդալների տեսանկյունից այստեղ, առաջին հերթին, փայլուն հնարավորություններ ունեն ծանրորդներ Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը, Արա Խաչատրյանը, Մելինե Դալուզյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Լևոն Ջուլֆալակյանը, Յուրի Պատրիկեևը: Հանգամանքների բարեհաջող դասավորության դեպքում այս յոթնյակի մեջ են մեր ապագա օլիմպիական չեմպիոնը կամ չեմպիոնները:
Քանի որ սկսեցինք խոսել ամենաբարձր հարգի մեդալի հնարավոր հավակնորդներից, պիտի մեզ ռեալ հաշիվ տանք, որ սկզբունքորեն այս յոթնյակն էլ լայն վերցված շրջանակ է: Դժվար է հավատալ, որ եթե Պատրիկեևի ներկայացրած քաշային կարգում իր առօրյա մարզավիճակում լինի կուբացի մարզիկը, կարող է գտնվել գեթ մեկը, ով ի վիճակի կլինի նրանից խլելու օլիմպիական ոսկին: ՈՒժերի այսօրինակ հարաբերակցություն է նաև Հռիփսիմե Խուրշուդյանի քաշային կարգում, որտեղ ռուսի ու չինացու մասնակցությունը գործնականում անհավանական է դարձնում օլիմպիական ոսկուն խառնվելու մեր պայքարը: Մենք ուզում ենք, որ հատուկ ուշադրություն դարձնեք ասածին` ոչ թե օլիմպիական մեդալների, այլ օլիմպիական ոսկու:
Ինչպես տեսնում եք, յոթնյակից մնացին հինգը:
Այստեղ արդեն ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ ինչպես կարող ենք մենք տագնապել, այնպես էլ հավասարապես մեզնից կարող են տագնապել ու անհանգստանալ: Այնպես որ, հանգամանքների նորմալ զարգացման դեպքում մենք պիտի որ ունենանք օլիմպիական ոսկի, և խնդիրը լոկ այն է, թե քանիսը: Իհարկե, պիտի նաիվ չլինել այն աստիճանի, որ մտածենք` աշխարհի ուժեղները մեզ թույլ կտան, ասենք, հինգ ոսկով վերադառնալ: Դա փոքրիկ Հայաստանի համար չափազանց կհամարվի ամեն ինչը հաշված ունեցած այս աշխարհում, բայց որ մեկը կամ երկուսը թույլ կտան պոկել, ուզում ենք հավատալ` հավատալով մերոնց կարողությանն ու վճռականությանը:
Մինչ վերջնականապես ըմբիշների ու ծանրորդների «գործն» ավարտելը, ուզում ենք ասել, որ մեդալների կտրվածքով մեզ կարող են հաճելի անակնկալներ սպասվել և մյուս ըմբիշներից ու ծանրորդներից, իսկ այդպիսի կարողություն ունեցող ուժեր մենք ունենք մեր օլիմպիական պատվիրակության կազմում:
Դառնանք մյուս մարզաձևերին: Միանգամից ասենք, որ մեր թեթևաթլետները միջազգային ասպարեզում այսօր չեն ներկայացնում այն ուժը, որ կարողանան հավասարի իրավունքով ձեռնոց նետել համաշխարհային գրանդներին: Սակայն սա չի նշանակում, որ մենք երկրագնդի քարտեզից դուրս ենք: Պիտի արժանին մատուցել նրանց, ցանկալ հնարավորինս արդյունավետ ելույթներ, որպեսզի դառնան կողմնորոշիչներ, ոգևորության աղբյուր եկող սերնդի համար, որպեսզի հնարավորինս նորից մոտեցնեն մարզաձևում ունեցած մեր հիանալի մարզիկների երբևիցե ունեցած ժամանակները:
Թեթևաթլետների պես նույն իրավիճակն է նաև մեր լողորդների հարցում: Ինչ վերաբերում է մեր բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանին, ձյուդոյիստներ Հովհաննես Դավթյանին ու Արմեն Նազարյանին, հրաձիգ Նորայր Բախտամյանին, թաեքվոնդոիստ Արման Երեմյանին ու մարմնամարզիկ Արթուր Դավթյանին, նախ ասենք, որ ընդհանրության մեջ նրանք ներկայացնում են փորձի ու երիտասարդության յուրօրինակ փունջ, միջազգային բազմաթիվ մրցաշարերում իրենց ուժեղ կողմերով ներկայացրած մարզիկներ են, և բնավ էլ զարմանալի չի լինի, եթե չասենք` լավ էլ սպասված կլինի, որ մեր օլիմպիական մեդալների պաշարների մեջ ունենան իրենց ներդրումը: Այնպես որ, ի դեմս այս մարզիկների, մենք չունենք պարզապես մասնակիցներ, ու սա, անշուշտ, հայկական սպորտի հաջողությունն է, որի համար գնալով պիտի ավելի ու ավելի համադրելի դառնան պետության ու առաձին անհատների գործադրած ջանքերը:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆԻ ԿՐՈՒՆԿՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ
Որ պետությունն այս ուղղությամբ ու հատկապես վերջին տարիներին էական ջանքեր է գործադրում, եկեք չուրանանք: Իհարկե, միշտ էլ կարելի է դժգոհել ֆինանսավորման չափից, և ճիշտ էլ կանենք, որ դժգոհենք, որովհետև սպորտը մեր ինքնության ամենախոշոր հայտանիշներից է, ազգը, երկիրը միջազգային հանրությանն առարկայնորեն ներկայացնելու հրաշալի ձև և, խնդրով պայմանավորված, այստեղ ժլատություն անելը հավասար է հավկուրության, ինչը մեկընդմիշտ հակացուցված է սաղմնային փուլից սկսած: Հակացուցված է հենց միայն այն պատճառով, որ երկրի հիմնն ու դրոշը բացարձակ մեծություն ունեցող հասկացություններ են, ու թե բան է` դրանց համար պիտի վճարել, ուրեմն անվիճելիորեն պիտի վճարել: Սակայն այս վճարը պիտի ծանրացած չլինի միայն պետության փխրուն ուսերին, պետություն, որ մանկական տարիքում է ու կայացման ծանր խնդիր ունի բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Այսօր համայն աշխարհում ֆինանսավորման հզոր աղբյուր են ներկայանում ֆինանսական, տնտեսական մագնատները: Հասկանալի է, որ հարաբերակցության մեջ մենք չունենք նմանօրինակ հզորություններ, սակայն մենք էլ մեր չափով ունենք օլիգարխիա, որը վայրի կապիտալիզմի տարիներից լիուլի օգտվել է ու շարունակում է օգտվել: Ահա հենց նրան պիտի քաշել դաշտ: «Դաշտն» ու «քաշելը» կարող եք հասկանալ ձեր պատկերացումների ու ընկալման ցանկացած ձևով ու մակարդակում: Ընդ որում, նկատի ունենք նաև ականջներից քաշելով բերելը, եթե մարդկանց մեջ չկա խնդրի կարևորության գիտակցումը (միջանկյալ նկատենք, որ նույնիսկ մարքսիստները պետությունը դիտում էին ոչ որպես բարեգործ կույսերի հիմնադրամ):
Սա բռնության կոչ չէ, այլ նրանց ազգօգուտ գործընթացի մեջ ներգրավելու կամավոր պարտադիր հրավեր: Ի՞նչ է, Հայաստանն այսօր միայն Գագիկ Ծառուկյա՞ն ունի, ով իր նախասիրությունների շրջանակում իսկապես մեծ գործ է կատարում սպորտի զարգացման համար: Այսօր կան նրան ոտք գցող, իսկ կարողությամբ գուցե և գերազանցող ֆինանսական, տնտեսական սյուներ` ծպտված ու «անծպտ», ովքեր լաց լինելը դարձրել են կեցություն, մինչդեռ երկրի բյուջեի չափ անձնական օգտագործման փող ունեն: Ինչո՞ւ պիտի նրանք իրենց «վեհ» դիրքերից նայեն միակ «խելագարին» ու մի բան էլ պատերի տակ հեգնեն նրա բացքամակությունը:
Բանը եթե հասավ սրան` «խելագարությանը», չմոռանանք ևս մեկին:
Խոսքս վերաբերում է իր բիզնեսը գերազանցապես արտերկրում ծավալած, նախնական կապիտալը դրսում կուտակած Սամվել Կարապետյանին, ով նախանձախնդրորեն իր հովանավոր աջի տակ է առել մասնավորապես հայկական ըմբշամարտը: Ինչ մի խնդիր է սկզբի համար առանձնացնել Հայաստանում կայուն զարգացում ունեցած մի քանի մարզաձևերի կցումը փողատերերին: Վերջապես մեր օլիգարխիան պիտի՞ կարողանա հասնել մեծագույն բարերար, ամենահայ Ալեքսանդր Մանթաշյանի կրունկներին, թե՞ ոչ: Նրա` այդ օլիգարխիայի, հասարակական գիտակցության զարգացումն ինքնահոսի թողնելու դեպքում կարող է այն անվերջանալիորեն ուշանալ, իսկ մենք անվերջանալիորեն ուշանալու ժամանակ ունե՞նք:
Չեմ կարծում, թե սթափ բանականության տեր որևէ մեկը կարող է այլ կարծիք ունենալ:
Մենք Ադրբեջան չենք, որը սեփականը չունի, սակայն իր անունը հնչեցնելու համար տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոններ է ծախսում: Մենք հարուստ կարողությունների երկիր ենք մեր մարդկային ռեսուրսի բնատուր օժտվածությամբ: Օգնենք նրանց բացահայտմանը: Նրանց օգնելով` օգնենք մեզ: Հո այդ ծախսված ռեսուրսները դուրս չե՞ն հոսելու: Հարստացողն էլի հայ մարդն է լինելու` այս երկրի միակ իրական ու իրեղեն ողնաշարը: Հյուգոյին չհիշեմ, հա՞` խորանի վարագույրները պատռելու իր «սրբապիղծ» պատրաստակամությամբ, եթե այն երկրի, ազգի վերքերը դարմանելու հետ է կապված: Կարծում եմ` հասկացանք իրար, ու ի՜նչ լավ է, որ մեր մեջ տառակերներ ու բառակերներ չկան:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ