Օրերս Հորվաթիայում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից հետո, հավատարիմ մնալով մարզաձևը մշտական ուշադրության կենտրոնում պահելու «Իրատես de facto»-ի որդեգրած սկզբունքին, ճեպազրույց ունեցանք ըմբշամարտի հունահռոմեական ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ ԱՐՄԵՆ ԲԱԲԱԼԱՐՅԱՆԻ հետ:
-ՈՒրախանանք մեր ազատոճայիններ Արտակ Հովհաննիսյանի ու Դավիթ Ափոյանի (55 և 66 կգ) արծաթե, 60 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանի բրոնզե մեդալներով ու անհանգստանանք հունահռոմեականների համեմատաբար համեստ ելույթից, թեպետ Գևորգ Ղարիբյանի (55 կգ) ոսկին ինչ-ինչ բաներ որոշակիորեն շտկում է:
-Սպասումները, ինչ-խոսք, ավելի մեծ էին, և, զուտ վիճակագրության առումով, սկզբունքորեն նշանակություն չունի, որ այս հավաքականում բավականին մեծ թվով էին ներկայացված պատանեկանից եկած տղաները, ովքեր նոր տարիքային խմբին վարժվելու խնդիր ունեն: Բացի դրանից, նաև «փորձի պակաս» հասկացությունը կա ու հարակից այլ բաներ: Չարդարանանք: Մեդալը մեկն է ու թեպետ ոսկե, միևնույն է, մենք էլ ենք կարծում, որ արդյունքը գոհացուցիչ չէ:
-Իսկ ինչո՞վ էր պայմանավորված ավելի փորձառուների անհաջող ելույթը:
-Մեդալներ պիտի բերեին թե՛ 2011-ի աշխարհի երրորդ մրցանակակիր, 50 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, թե՛ 74 կգ քաշային Կարապետ Չալյանը, թե՛ 66 կգ քաշային Հայկ Արշակյանը, սակայն յուրաքանչյուրի պարագայում մի որոշակի գործոն իր դերն ունեցավ` սկսած վնասվածքից մինչև հոգեբանական: Իսկ ընդհանրապես երբեմն պարտությունն էլ է ունենում ուսուցողական մեծ նշանակություն` հավասարապես ինչպես մարզիկների, այնպես էլ մարզիչներիս համար: Նշանակում է աշխատելու, կատարելագործվելու տեղ կա:
-Առջևում ի՞նչ ունենք:
-Նախ` երկու ուսումնամարզական հավաք` ֆիզիկական ու տեխնիկատակտիկական խնդիրների վրա բևեռացումով, ապա և հնարավոր է մասնակցություն միջազգային մրցաշարի, այնուհետ, սեպտեմբերին, Թաիլանդում կայանալիք աշխարհի առաջնությունն է:
-Այս եվրոպականի համեմատ հավաքականի կազմում կլինե՞ն փոփոխություններ:
-Մեր հավաքականը երբեք էլ նույն կազմի վրա կանգնած չի եղել: Աշխարհի առաջնություններ ենք ունեցել, որ Եվրոպայի չեմպիոնին չենք տարել: Նաև հակառակն է եղել: Երիտասարդականը մեր ազգայինի թիվ մեկ մատակարարն է: Այն պիտի ունենա նույն քաշային կարգում առնվազն երկու հավասար հնարավորություն ունեցող ըմբիշներ: Մեր մարզաձևում վնասվածքները հազվադեպ երևույթներից չեն, այնպես որ միշտ պիտի պատրաստ ունենալ համարժեք փոխարինողին: Տղաներն այս մասին շատ լավ գիտեն, ու ամեն մեկը փորձում է չկորցնել իր շանսը: Մեր հավաքականը եղել և շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած հետևյալ սկզբունքին` անփոխարինելիներ չկան:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ