Սեպտեմբերի սկզբներին ավարտված ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունից հետո, որտեղ ունեցանք գերազանց մրցելույթ (երկամարտի հաշվարկով երկուական ոսկե, արծաթե, բրոնզե մեդալ), մեր ընտրանու (գլխավոր մարզիչ` ՀՀ վաստակավոր մարզիչ Էդիկ Կիզողյան) հաջորդ քննաշրջանն օրերս ավարտված աշխարհի առաջնությունը եղավ: Ավելի ահեղ մրցակցությունում մեր տղաները, ճիշտ է, երկամարտի հաշվարկով ընդամենը մեկ ոսկե մեդալ նվաճեցին, սակայն դա անվիճելիորեն հայկական ծանրամարտի ձեռքբերումն էր:
Աշխարհի առաջնություն մենք գնացել էինք նկատելիորեն թարմացված կազմով: Եվրոպականի հաղթականից հավաքականում չէին աշխարհամասի չեմպիոն Ժորժ Եղիկյանը (62 կգ), փոխչեմպիոն Գևորգ Սարիբեկյանը (56 կգ), երրորդ մրցանակակիր Միշա Վարդանյանը (+94), ինչպես նաև չորրորդ տեղը գրաված Ռուբիկ Կարապետյանը: Աշխարհամասի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանին (77 կգ), փոխչեմպիոն Վարդան Միլիտոսյանին (69 կգ), երրորդ մրցանակակիր Սիմոն Մարտիրոսյանին (94 կգ) այս անգամ ընկերակցել էին 56 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Արամ Համբարձումյանը, Դավիթ Թաթոյանն ու Նարեկ Հովհաննիսյանը (77 և 94 կգ):
Անցնենք մրցելույթներին:
56 կգ քաշային կարգում լավագույնը, որ կարող էինք անել, բրոնզե մեդալի համար պայքարելն էր: Ցավոք, սևանցի Արամ Համբարձումյանն իրեն պահանջվածի պես չդրսևորեց և, որպես հետևանք, զբաղեցրեց յոթերորդ հորիզոնականը` 206 (93+113) կգ բավականին միջակ արդյունքով:
Որակապես այլ էին սպասումները Վարդան Միլիտոսյանից (69 կգ): Դատելով նախապես հայտավորած արդյունքներից` գյումրեցի ծանրորդի միակ իրական մրցակիցը պիտի լիներ իրաքցի Կադհում Կարար Մոհամադը` իսկապես փայլուն հնարավորությունների տեր մարզիկ: Մինչդեռ ի՞նչ ստացվեց: Եթե իրաքցին իրեն գերազանց դրսևորեց ու տուն վերադարձավ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած (311=143+168), ապա Վարդանը հանդես եկավ սպասվածից շատ ավելի վատ, արդյունավետ օգտագործեց ընդամենը երկու մոտեցում և մրցաշարային աղյուսակում հանգրվանեց հինգերորդ հորիզոնականում (291=130+161): Ասել, թե այս մարզիկը ֆիզիկական տվյալների կամ տեխնիկայի հետ կապված խնդիրներ ունի, կնշանակի մեղանչել ճշմարտության դեմ, բայց որ հոգեբանական պատրաստվածությունը պատշաճ մակարդակի վրա չէ, անվիճելի է: Համարձակվում ենք գուշակել, որ նրա ընդհանուր պատրաստվածությունը կազմակերպելու գործում ինչ-որ բան այն չէ, պահանջվում է լուրջ միջամտություն, և սա ամենավերին օղակների մակարդակով պետք է լինի ոլորտի պատասխանատուների խնդիրը:
Բարեբախտաբար, նախորդ օրերի թույլ մրցելույթները չկոտրեցին թիմի ոգին: Սեպտեմբերի 21-ին մրցահարթակ ելավ միանգամից երկու հոգի` պատանեկանի հնաբնակ Անդրանիկ Կարապետյանն ու Դավիթ Թաթոյանը (77 կգ):
Սկսենք գյումրեցի մարզիկից:
Միջազգայինում նորամուտը նշող Դավիթ Թաթոյանի համար մարզչական կորպուսն ընտրել էր զգուշավոր տակտիկա: Առաջին վարժությունից հետո 125 կիլոգրամ արդյունքով մարզիկը հայտնվեց յոթերորդ հորիզոնականում: Չլիներ երրորդ մոտեցման ձախողումը, թե՛ նա, թե՛ մարզիչներն իրենց ավելի վստահ կզգային հրումի պատվերների մեջ: Արդյունքում` երկրորդ վարժությունում մարզիկը բրոնզե մեդալը զիջեց ընդամենը մեկ կիլոգրամի տարբերությամբ: 164-ը 125-ի հետ հանրագումարում ստացավ 289 կգ գումարային արտահայտություն, ինչը մրցաշարային աղյուսակում ապահովեց վեցերորդ հորիզոնական: Այսպես ասած` լավ չէր, բայց առանձնապես վատ էլ չէր:
Բնականաբար, այդ օրվա մեր միակ հույսը, այն էլ` ոսկե հույսը, Անդրանիկ Կարապետյանն էր` Եվրոպայի նորաթուխ չեմպիոնն իր երկամարտի 310 կգ նախնական պատվերով:
Պոկում վարժության 140 կիլոգրամը մեր մարզիկի անվան դիմաց միայն մի ակնթարթ վառեց արծաթե մեդալի անցանկալի հեռանկարը (երրորդ մոտեցումով ղազախ Գալիմբեկ Ժուբատկանովը գլխավերևում պահեց 143 կգ կշռող ծանրաձողը), սակայն հայթաղցի մեր հրաշքն իր 146-կիլոգրամանոց քայլով շատ արագ ցույց տվեց, թե այսօրվա դրությամբ ով է քաշային այս կարգում աշխարհում ծանրամարտի հարթակի իրական տերը: Բնականաբար, Անդրանիկն իր հզոր անվան տերը չէր լինի, եթե հանրապետության Անկախության օրը չնշանավորեր աշխարհի ռեկորդով: Հետևեց գրոհը 155 կգ կշռող ծանրաձողին, ու անցյալի գիրկն անցավ նրա իսկ նախորդ նվաճումը, որը ոչ լրիվ մեկ ամիս առաջ սահմանել էր Եվրոպայի պատանեկանում:
Հրում վարժությունում մեր պատանին ծանրաձողին մոտեցավ սոսկ այն ժամանակ, երբ մրցակիցներն արդեն արել էին իրենց անելիքն ու վերածվել դիտորդի: 170-ը նրան պետք էր վարժությունում ու երկամարտում ուժեղագույն լինելը փաստելու, իսկ երկրորդ մոտեցման 176-ը կռիվ էր երկամարտի աշխարհի ռեկորդը վերախմբագրելու համար: Երեք ոսկե մեդալ, աշխարհի երկու ռեկորդ` սա եղավ մեր պատանի հսկայի նվերը հանրապետության Անկախության տարեդարձին, իր համեստ անձին, մեզ բոլորիս:
Բնականաբար, մարզիկի այսօրինակ պատրաստվածության պարագայում կարող է հարց առաջանալ` իսկ կարո՞ղ էր փորձել թարմացնել և պոկում վարժության աշխարհի ռեկորդը, որը, ի դեպ, նույնպես հայկական գրանցում ունի` շնորհիվ Աղվան Մելիքյանի:
Պատասխան` իհարկե, կարող էր:
Սակայն, ամենայն հավանականությամբ, մարզիչները չտեսան դրա անհրաժեշտությունը: Ի վերջո, մեր ոսկե պատանին, չմոռանանք, ոչ լրիվ մեկ ամիս առաջ էր ոսկե մրցելույթ ունեցել եվրոպական բեմահարթակում, իսկ ուժերը խնայելը, այն ապագա փորձությունների վրա ծախսելը շատ ավելի խելացի է ու նպատակահարմար, մանավանդ որ արդեն եկող տարվանից ծանրորդը թևակոխում է նոր տարիքային խումբ, որտեղ այդ ուժը դեռ շատ է պետք գալու Հայաստան անունը բարձր հնչեցնելու համար:
94 կիլոգրամ քաշային կարգում նույնպես Հայաստանը ներկայացված էր երկու ծանրորդով: Սկզբից ևեթ ասենք, որ քասախցի Նարեկ Հովհաննիսյանի նորամուտը չստացվեց: Եթե պոկում վարժությունում, 130 կիլոգրամն ի վերջո սանձահարելով, նա հաջողեցրեց խուսափել զրո ստանալուց, ապա հրումում տխուր հեռանկարը 160 կիլոգրամի տեսքով չոքեց նրա դռանը:
Բարեբախտաբար, շատ ավելի մարտական էր տրամադրված Սիմոն Մարտիրոսյանը` էջմիածինցի տասնհինգամյա ծանրորդը, ով, ինչպես վերը նշել ենք, Եվրոպայի վերջին պատանեկանում երկամարտի 321 կիլոգրամով դարձել էր աշխարհամասի բրոնզե մեդալակիր:
Իհարկե, որ աշխարհի առաջնությունում նրա համար շատ ավելի բարդ էր լինելու, կասկած չկար, որովհետև այստեղ մեկտեղվել էին տվյալ քաշային կարգի բոլոր ուժեղները: Այնուամենայնիվ, մեր պատանյակը պատվով դուրս եկավ մրցությունից` հանգրվանելով մրցանակային աղյուսակի չորրորդ հորիզոնականում, երկամարտում ցույց տալով 333 կգ արդյունք, մեծ բրոնզե մեդալը ռուս Նիկիտա Սոլովյովին զիջելով ընդամենը երկու կիլոգրամի տարբերությամբ: Հատկանշական է, որ եթե պոկումի նրա 150-ը հինգերորդ արդյունքն էր (եվրոպականի համեմատ երկու կիլոգրամ ավելի), ապա հրում վարժությունում Սիմոնն իր լավագույն ցուցանիշը գերազանցեց միանգամից տասը կիլոգրամով` 183 կիլոգրամ: Սա երկրորդ ձևում երրորդ ցուցանիշն էր և, որպես այդպիսին, մարզիկին բերեց փոքր բրոնզե մեդալ:
Երեք ոսկե և մեկ բրոնզե մեդալ` այսպիսին եղավ Հայաստանի պատանեկանի մրցելույթն աշխարհի առաջնությունում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ