Շաբաթ երեկոյան գերմանական Համբուրգ քաղաքում կայացավ Ալեքսանդր Պովետկին-Հասիմ Ռահման մենամարտը, որը նախատեսված էր դեռևս ամռանը, սակայն հավակնորդի առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել էր սեպտեմբերի վերջ:
Հանդիպման ինտրիգը միայն WBA վարկածով չեմպիոնական գոտու համար պայքարը չէր: Մարտը հետաքրքրական էր նաև նրանով, որ տիտղոսի պահպանման նախորդ` Գերմանիան ներկայացնող Մարկո Հուկի հետ պայքարում Ալեքսանդր Պովետկինը թեև կարողացավ պահպանել չեմպիոնական գոտին, սակայն այդ հաղթանակն այնքան էլ համոզիչ չէր և քիչ տարակարծությունների տեղիք չտվեց մարզիկի իրական հնարավորությունների վերաբերյալ: Ահա թե ինչու միանգամայն օրինաչափորեն սպասվում էր, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտում շատ ավելի վաղ «գրանցում» ունեցող ամերիկացին (նա քառասուն տարեկան է, ունեցել է հիսունից ավելի մենամարտ, որից քառասունհինգն ավարտել է նոկաուտով) ոչ միայն արժանի դիմադրություն ցույց կտա աշխարհի չեմպիոնին, այլև ի զորու կլինի վերադարձնելու գերծանրքաշային կարգում ամերիկյան դպրոցի երբեմնի ունեցած հեղինակությունը: Նախամրցումային ինտրիգը լրացուցիչ «դիվիդենդներ» էր ձեռք բերում նաև նրանով, որ մինչև Հասիմ Ռահմանը, չհաշված Մարկո Հուկին, Պովետկինը լուրջ տրամաչափի մրցակիցներ չէր ունեցել:
Մի կողմ թողնենք նախամրցումային բարձրագոչ հայտարարությունները, որոնք սովորաբար ավարտվում են դեռևս չբռնված որսի մաշկումով: Սա պրոֆեսիոնալ բռնցքամարտի բաղկացուցիչն է, ու դրան առանձնապես լուրջ չպիտի վերաբերվել: Սա` ինչ վերաբերում է մարզիկներին: Բայց որ, նրանցից զատ, արդեն մարզիչներն էլ են ներքաշվում այս յուրօրինակ ցուցքի մեջ, սա գոնե մեզ համար նորություն է: Այսպես, անդրադառնալով Պովետկինի մարզիչ Կոնստանտին Ցզյուին, Ռահմանի մարզիչ Էդդի Մուստաֆա Մոհամեդը մեծամտորեն հարցրել էր. «Իսկ ո՞վ է նա: Այն, ինչ ես մոռացել եմ, նա չի էլ իմացել երբևէ»:
Ինչ խոսք, որ մարզչի որակում համաշխարհային բռնցքամարտի լեգենդ Ցզյուն առաջին քայլերն է կատարում: Սակայն սա էքսցենտրիկ ամերիկացուն բոլոր դեպքերում բարոյական իրավունք չէր տալիս այդպես մեծամտորեն արտահայտվելու մեկի մասին, ով արդեն աշխարհի երկու չեմպիոնի հետ համագործակցելու, նրանց տեխնիկան հղկելու, ռինգ հաղթական դուրս բերելու փորձ ունի: Այնպես որ, ռուսական պրոֆեսիոնալ բռնցքամարտի պարագլուխներն այնքան էլ միամիտ մարդիկ չեն, որ քաշային այս կարգում սուպերչեմպիոնությունը Ռուսաստան բերելու իրենց երազանքը վստահեն անհեռանկար մեկին, այն էլ այն դեպքում, երբ դրա համար ծախսում են իսկապես կատաղի փողեր: Ով` ով, բայց որ փողատերերն իրենց փողը հրաշալի հաշվել գիտեն, չեմ կասկածում, որ որևէ մեկը տարակույս ունի: Փաստորեն, ստացվում էր, որ Ռահման-Մոհամեդ մարզիկ-մարզիչ տանդեմի համար Պովետկին-Ցզյու երկյակը «դասընթացներ» կազմակերպելու լուրջ խնդիր ուներ ու ավելի քան մոտիվացված էր:
Ինչևէ: Մարտը ցույց տվեց, որ Կոնստանտին Ցզյուի գլխավորությամբ ռուս բռնցքամարտիկն ունեցել էր հիմնավոր նախապատրաստական փուլ, մրցակցին գերազանցում էր գրեթե ամեն ինչով` բացառությամբ փորձառությունից ու, թերևս, մեկ էլ հարվածային սարսափելի ուժից, որով վերջինս ժամանակին անակնկալի է բերել համաշխարհային պրոֆեսիոնալ բռնցքամարտի լեգենդ Լենոքս Լյուիսին:
Մրցամարտը, ի դժբախտություն Ռահմանի, տևեց ընդամենը երկու ռաունդ, ավարտվեց տեխնիկական նոկաուտով, և Պովետկինը ձեռք բերեց դեպի Վլադիմիր Կլիչկո տանող ուղիղ ուղեգրի իրավունք` պայմանով, իհարկե, որ վերջինս կհաղթահարի լեհ Մարիուշ Վախայի արգելքը: Ասում ենք` ուղիղ ուղեգրի, որովհետև ռուս բռնցքամարտիկն այս հաղթանակից հետո դարձավ աշխարհի սուպերչեմպիոնի պարտադիր մրցակից:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ