Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

«Հայկական ռմբակոծի՞չ». սա արդեն ընդլայնվող ճանաչման վկայություն է

«Հայկական ռմբակոծի՞չ». սա արդեն ընդլայնվող  ճանաչման վկայություն է
05.10.2012 | 11:24

Կայացան Եվրոպայի չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ հանդիպումները: Չենք չափազանցում` իսկապես եղան ֆանտաստիկ գեղեցկության խաղեր, ֆանտաստիկ գեղեցկության գոլեր: Չենք ուզում այդ գոլերից առանձնացնել և ոչ մեկը, որովհետև, նախ, ճաշակին ընկեր չկա և, երկրորդ, մենք էլ հունական դիցաբանության անձ չենք էն հայտնի խռովության կռվախնձորով, մանավանդ որ խնձոր գցողի ու մեր միջև նաև սեռային տարբերություն կա: Համեմատության մեջ միտումնավոր չենք քննարկում աստվածության հարցը: Կոռեկտ չլինելու պատճառով:

ՕՐ ԱՌԱՋԻՆ
Առաջնորդվելով «սեփական շապիկը սեփական մարմնին ավելի մոտ է» ինչ-որ տեղ եսասիրական, ինչ-որ տեղ մարդկայնորեն հասկանալի մղումներով` առաջինն անդրադառնանք «Յուվենտուս»-«Շախտյոր» հանդիպմանը: Այս խաղում, մեր Հենրիկ Մխիթարյանից զատ, ուրիշ գործող հանգամանքներ էլ կային: Թե՛ «Յուվենտուսը», թե՛ «Շախտյորը» իրենց ներքին առաջնություններում հանդես են գալիս վերելքով, առանց պարտության, թեպետ ինչպես իրենց «կլասով» համեմատելի չեն իտալական ու ուկրաինական առաջնությունները, նույնպես համեմատելի չեն դրանք Չեմպիոնների լիգայի հետ (հատկապես վերջինի կտրվածքով):
Ինչևէ: Այս խաղում մեր թանկագին Հենրիկ Մխիթարյանը գոլ չխփեց (երևի պահեց Հայաստան-Իտալիա հանդիպման համար), սակայն ֆուտբոլից բան հասկացող իտալացիների` նրան տված գնահատականը` «հայկական ռմբակոծիչ», խոստովանենք, գոլի հավասար բան է, եթե չասենք` դեռ մի բան էլ ավելի (ականջդ կանչի, Արամայիս Սահակյան): Սա արդեն մեր մարզիկի միջազգայնորեն ավելի ընդլայնվող ճանաչման վկայություն է, իսկ լրագրողները, գիտեք, առանձնահատուկ քաշ ու կշռի մարդ են. որ սկսեցին մեկից կամ մի բանից խոսել, կխոսեն մինչ վերջ, մինչև ջուր ու ավազի կանգնելը: Ինչ վերաբերում է խաղին, լիներ «Շախտյորն» ավելի հաջողակ, կարող էր և երեք միավոր բերել Թուրինից, սակայն մրցակցի դաշտում ձեռք բերած մեկ միավորն էլ քիչ բան չէ: Վիճակագրության սիրահարների համար հիշատակենք խաղի հաշիվը` 1:1:
Այս խմբից (E) Play off դուրս գալու երրորդ հավանական թեկնածուն «Չելսին» է: Ինչ խոսք, կասկած չկար, որ, ի դեմս «Նորշելանդի», այն հեշտությամբ կհաղթահարեր դանիական արգելքը: Այդպես էլ եղավ: Լոնդոնցիները չորս անպատասխան գնդակ անցկացրին իրենց հյուրընկալածների դարպասը և «Շախտյորի» հետ չորս միավորով գլխավորեցին աղյուսակը:
F խմբի ամենախոշոր անակնկալը հավակնում է դառնալու բելառուսական ԲԱՏԷ-ն (չնայած հավակնելն էլ ինչո՞վ է լինում), որն առաջին խաղում ֆրանսիական «Լիլին» ծնկի բերելուց հետո իր «ծավալապաշտական» նկրտումները զարգացրեց և Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպումում: Ի դեպ, նույն 3:1 հաշվով: Այստեղ են ասել, որ ախորժակն ուտելիս է բացվում: Ինչ խոսք, որ մյունխենցիներն անգամ ամենածանր երազում չէին կարող երևակայել նման բան, բայց դե ցանկությունների մակարդակով երազ-երազանքը մի բան է, դառը ճշմարտությունը` բոլորովին այլ բան: Բելառուսական ֆուտբոլի այս խրախճանքը հետագայում կունենա՞ զարգացում, թե՞ ոչ, դժվար է պատասխանելը, քանզի տրամաբանությունը զարգացումների այս հենքի վրա ոչ մի քննություն չի բռնում:
Ինչ վերաբերում է խմբի մյուս հանդիպմանը, նախորդ խաղում «Բավարիայից» կրած պարտությունը «Վալենսիան» կոմպենսացրեց Ֆրանսիայի չեմպիոն «Լիլից» մուռը հանելով` 2:0: Վերջինս երկու խաղից հետո իր անվան դիմաց այդպես էլ ոչ մի միավոր չունի:
Եվրոպական ֆուտբոլի մեկ այլ անակնկալի հեղինակ կարող էր դառնալ նաև ռումինական «Կլուժը», որն առանց հարգ ու կարգ, հեղինակություն հաշվի առնելու մտավ դաշտ: Բարեբախտաբար, սըր Ալեքս Ֆերգյուսոնի սաները բաց թողած գոլից հետո կարողացան համեմատաբար արագ սթափվել և Ռոբին վան Պերսիի խփած երկու գոլով ֆիքսել խաղի վերջնահաշիվը: Բոլոր դեպքերում, ռումինացի ֆուտբոլասերը պիտի որ դժգոհ չմնա իր տղաներից:
H խմբի մյուս խաղում Ստամբուլում պորտուգալական «Բրագան» վերջնականապես քայքայեց «Գալաթասարայի» ու, ի դեմս նրա, իր երկրպագուի նյարդերը, սակայն սա խաղ էր կողմերի գրեթե հավասար հնարավորություններով, թեպետ թուրքերը լիարժեք իրավունք ունեն իրենց սև դարդը լալու, որովհետև սեփական դարպասն ընդունած երկու գոլին կարող էին առնվազն նույնքան գոլով պատասխանել:
G խմբում «Բարսելոնը» տարավ իր հերթական հաղթանակը (0:2) ու, հավաքած վեց միավորով, միանձնյա գլխավորեց աղյուսակը: Ասում ենք` հերթական, բնավ էլ պայմանականություններին տուրք չտալով ու հաշվի չառնելով, որ մրցակիցը եվրոպական բարձր չափորոշիչներով առանձնացող պորտուգալական «Բենֆիկան» էր: Այսօր (և ինչո՞ւ միայն այսօր) կատալոնյան ակումբին դիմադրություն ցույց տալու համար, ով էլ մրցակիցը լինի, պիտի կարողանա ոչ միայն գլխից վեր թռչել, այլև աստղերն էլ տվյալ հանդիպումից առաջ երկնակամարում պիտի չափազանց օպտիմալ դասավորված լինեն: Ինչևէ: Խաղի մանրամասներին չանդրադառնամ, սակայն մի բան, այնուամենայնիվ, հիշատակեմ: Գնդակը հենց Մեսիի մոտ էր հայտնվում, նվազագույնը հինգ-վեց պորտուգալացի վրա էր պրծնում չեզոքացնելու: Եթե խնդիր էր դրված այնպես անելու, որ հրաշք արգենտինացին գոլ չխփի, կարող ենք ասել, որ այս կտրվածքով «Բենֆիկան», իհարկե, լուծեց խնդիրը: Սակայն եթե կարողացան Մեսիին զրկել գոլ խփելու հնարավորությունից, հո՞ նույնը չկարողացան անել գոլային փոխանցումների հաշվով: Իսկ ո՞վ չգիտի, որ արգենտինացին հավասարապես հաճույք է ստանում թե՛ գոլ խփելուց, թե՛ գոլային փոխանցումից:
Ինչ վերաբերում է խմբի «Սպարտակ»-«Սելթիկ» հանդիպմանը, ռուսները որքան էլ ջանացին, չկարողացան խուսափել պարտությունից: Նպատակին հասնելու համար նրանց չբավարարեց անգամ երկու գոլը, քանզի շոտլանդացիները պատասխանեցին երեքով:

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ
Մրցակցային երկրորդ օրը պակաս դիտարժան խաղեր չպարգևեց: Պահպանելով նյութի կառուցվածքային կանոնիկությունը` դրանք ներկայացնենք վերը շարադրվածի սկզբունքով:
A խմբում առավել հետաքրքրականը, հարկավ, «Պորտու»-ՊՍԺ հանդիպումն էր: Փաստացի` երկու ֆավորիտների: Ֆրանսիացիների հույսը` Զլատան Իբրահիմովիչը, ամեն ինչ արեց իր նոր ակումբի երկրորդ հաղթանակն ապահովելու համար, սակայն պորտուգալացիները ոչ միայն դիմակայեցին, այլև հաղթանակ կորզեցին: Թող որ նվազագույն հաշվով, բայց դա հաղթանակ էր ուժեղ մրցակցի նկատմամբ: Ինչ վերաբերում է խմբային երկրորդ` Կիևի ու Զագրեբի դինամոյականների մրցավեճին, առավել հաջողակ գտնվեցին ուկրաինացիները (2:0), ովքեր իրենց նոր գլխավորի` Օլեգ Բլոխինի առաջնորդությամբ երեք միավորով տեղափոխվեցին աղյուսակի երրորդ հորիզոնական` հարմարավետ տեղավորվելով առաջին խաղում իրենց «նեղացրած» ֆրանսիացիների կողքին:
C խմբում արդեն տասնվեցերորդ րոպեին իտալական «Միլանը» 2:0 հաշվով հաղթում էր Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»: Թվում էր, թե ռուսական ակումբն այլևս ուշքի չի գա, սակայն Սպալետին կարողացավ ընթացքում վերադասավորել ուժերը և անգամ ինչ-որ պահից հավասարեցնել հաշիվը, սակայն իտալացիները եկել էին երեք միավորի հետևից ու հասան իրենց նպատակին: Ռուսական մամուլը պնդում է, որ եթե չլիներ Աբյատիի գերազանց խաղը, իտալական ակումբը կարող էր ծվեն-ծվեն լինել: Որ իտալացիների դարպասապահը փայլուն խաղաց, անվիճելի է, նույնքան անվիճելի, որքան խաղից հետո ցուցատախտակի վրա գրանցված 2:3 հաշիվը, իսկ ինչ վերաբերում է սեփական թիմն այսպես անձնուրաց բարձրացնելուն, դրա մեջ, իհարկե, առողջ հատիկ կա, սակայն ամեն ինչ չի կարելի հասցնել ուղեղի մթագնման աստիճանի: Փաստը մնում է փաստ, որ երկու խաղից հետո «Միլանն» ունի չորս միավոր, իսկ «Զենիթ» անվան դիմաց «շողշողում» է ոչ այնքան հաճելի զրոն: Ասենք, որ խմբի միանձնյա առաջատարն իսպանական «Մալագան» է` վեց միավորով, որը հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Անդերլեխտի» դարպասը:
B խմբում վստահ հաղթանակ տարավ «Արսենալը» (3:1)` հույսի շող իսկ չթողնելով հունական «Օլիմպիակոսին», որի անվան դիմաց այդպես էլ ոչ մի միավոր չկա գրանցված: Փոխարենը լոնդոնցիներն ունեն վեցը:
Այս խմբում առավել հետաքրքրական էր «Շալկե-04»-«Մոնպելիե» դիմակայությունը: Ֆրանսիացիներն առաջինը հասան հաջողության, սակայն գերմանացիներն արագ սթափվեցին և խաղը վստահորեն տանում էին հաղթական ավարտ այնքան ժամանակ, քանի դեռ Սուլեյման Կամարան չէր գործադրել սառը ցնցուղի էֆեկտը: Վրիպել խաղավերջում, այն էլ երբ մրցակիցը գրեթե մի ողջ խաղակես տասը հոգով էր խաղում, գերմանացիները, երևի թե, ի վիճակի չլինեն շուտ մոռանալու:
Նման շոկային մի ցնցում էլ ապրեց D խմբում հանդես եկող Դորտմունդի «Բորուսիան», որը հյուրընկալվելիս պարզապես գերազանց էր գործում «Մանչեստր Սիթիի» դեմ և երկար ժամանակ հաղթում էր նրան, քանի դեռ խաղավարտին մոտ գոլ «չկերան» ու, «Շալկե-04»-ի պես, չկորցրին գրպանում դրված երեք միավորը:
Այս խմբի և ընդհանրապես խաղային երկրորդ օրվա զարդն անվիճելիորեն «Այաքս»-«Ռեալ» հանդիպումն էր` մադրիդցիների գերազանց խաղով, Ռոնալդուի փայլատակումով, ով դարձավ հեթ տրիկի հեղինակ (խաղն ավարտվել է 4:1 հաշվով): Պորտուգալացի հարձակվողի խաղի մեջ, սակայն, շատ ավելի գերեց մի ուրիշ բան: Կարծես թե նա գոլ խփող մեքենայից վերածվում է խաղից հաճույք ստացող ազատ ստեղծագործողի, որպիսին նրա հավերժական ախոյան Լիոնել Մեսին է: Դե ինչ, եթե նա իսկապես այս ճանապարհին է, շահողը, բարեկամներս, էլի մենք ենք մնում` ֆուտբոլասերներս, որ այս ֆանտաստիկ խաղի շնորհիվ նոր գույներով ենք լցնում մեր, չասեմ ինչպիսի, առօրյան:
Ի դեպ, Չեմպիոնների լիգայում թե՛ «Բարսելոնի», թե՛ «Ռեալի» տոնած հաղթանակները, չեմ կարծում, որ մոռացել եք, «էլ կլասիկոյի» շրջանակներում այս հանգստյան օրերին մեզ սպասվող մեծ ճակատամարտին նախորդած մեծ զորավարժություններ են:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ