Կայացան Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպումները: Առանձին խմբերում եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե ութսուն տոկոսի հավանականությամբ գրեթե ամեն ինչ պարզ է: Առանձին խմբերում էլ սկզբունքորեն խճճվեց եթե ոչ ամեն ինչ, առնվազն` շատ բան: ՈՒ պատկերացրեք` դրանից Չեմպիոնների լիգան չդարձավ պակաս հետաքրքիր, քանզի մենք ֆուտբոլը սիրում ենք նաև իր անկանխատեսելիության համար:
ԲՈՒՖՈՆԻՑ ԼԱՎԸ ՉԼԻՆԻ
G խմբի միմյանց հետ մրցակցող հետնապահներին` Մոսկվայի «Սպարտակին» ու «Բենֆիկային», հավասարապես հաղթանակ էր պետք, այլապես play off դուրս գալը գնալով ավելի ու ավելի անրջային կդառնար:
Կազմի լուրջ խնդիրներ ունեցող «Սպարտակը» (հանուն ճշմարտության ասենք, որ պորտուգալական ակումբն էլ պակաս չէր) խաղն սկսեց ակտիվ և արդեն երրորդ րոպեին առջևում էր 1:0 հաշվով: Ռուսական ցրտից սառած պորտուգալացիներն իրենց առաջին անգամ զգալ տվեցին խաղի տասնչորսերորդ րոպեին միայն, սակայն մոսկվացիների դարպասապահը զգոն էր: Կամաց-կամաց ակտիվացած «Բենֆիկան» կարողացավ հավասարեցնել հաշիվը (Լիմա, 32-րդ րոպե), բայց դա տևեց շատ կարճ. Ժարդելը գրավեց սեփական դարպասը` առաջ մղելով սպարտակցիներին: Մինչև խաղավարտ հաշիվը մնաց անփոփոխ: Մոսկվացիները կարողացան կոտրել Չեմպիոնների լիգայում ունեցած ընթացիկ խաղերի տխուր ավանդույթը, երբ երկուսում էլ հաղթում էին 2:1 հաշվով, սակայն դաշտից հեռանում էին 3:2 հաշվով պարտված: Հաղթանակը խմբայինում «Սպարտակին» բերեց առաջին երեք միավորը, ապահովեց չորրորդից երրորդ հորիզոնական անցումը:
Այս խմբի ակնհայտ ֆավորիտ «Բարսելոնի» մրցակիցը «Սելթիկն» էր: Ինչ խոսք, կելտերը հրաշալի հասկանում էին` ում դեմ են դուրս եկել, սակայն հասկանալն ու դրանով հանդերձ կատալոնցիներին հավասարի իրավունքով ձեռնոց նետել կարողանալը միանգամայն տարբեր բաներ են: Եվ այդուհանդերձ, «Սելթիկն» իսկական ճակատամարտ տվեց ահեղ մրցակցին ու կկարողանար նույնիսկ մեկ միավոր տանել «Բարսելոնից», եթե մի քանի վայրկյան էլ դիմանար: Հրաշք տեղի չունեցավ: Խաղն ավարտվեց 2:1: Ժորդի Ալբայի հարվածն իններորդ միավորը բերեց «Բարսելոնին» երեք խաղում: Ինչ վերաբերում է խմբայինից դուրս գալուն, շոտլանդացիները դրա ուղիները պիտի որոնեն «Բենֆիկայի» ու «Սպարտակի» հետ ունենալիք երկրորդ հանդիպումներում (առաջինի հետ առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքի, երկրորդին հաղթել է 3:2 հաշվով): Ի դեպ, նույնը հավասարապես վերաբերում է նաև պորտուգալական ու ռուսական հիշյալ ակումբներին:
H խմբում հանդես եկող «Մանչեստր Յունայթեդը» «Բրագայի» հետ խաղում ինչ անփութությամբ որ իր գլխին պրոբլեմ սարքեց (առաջին քսան րոպեից հետո պարտվում էր 2:0 հաշվով), նույնքան ջանադրությամբ էլ լուծեց այն: Շնորհիվ Չիչարիտո մականունով հայտնի Խավիեր Էռնանդեսի դուբլի և Ջոնի Էվանսի ամեն ինչ տեղը դրած գոլի` անգլիական ակումբի ֆուտբոլիստները կարողացան խուսափել Ալեքս Ֆերգյուսոնի ցասումից: Այս խմբի մյուս խաղում ռումինական «Կլուժը» կարողացավ ոչ-ոքի` 1:1 խաղալ թուրքական «Գալաթասարայի» հետ նրա իսկ դաշտում: «Կլուժը» չորս միավորով երկրորդ հորիզոնականում է, իսկ անգլիական ակումբը երեք խաղից հետո չունի կորցրած և ոչ մի միավոր:
Իսպանական «Վալենսիայից» սեփական հարկի տակ բելառուսական ԲԱՏԵ-ի կրած 3:0 խոշոր հաշվով պարտությունից հետո (երեք գոլն էլ խփել է Սոլդադոն) F խմբում ստեղծվել է բավականին հետաքրքիր իրավիճակ: Հիշատակված երկու ակումբների պես երեք խաղից հետո վեց միավոր ունի և «Լիլի» նկատմամբ արտագնա խաղում հաղթանակ տոնած «Բավարիան» (1:0): Երևի թե անվրեպ կարելի է ասել, որ մյունխենցիների հետ հանդիպումը ֆրանսիական ակումբի հույսի վերջին խաղն էր, քանզի երեք հանդիպումից հետո, «ակտիվում» ոչ մի միավոր չունենալով, հուսալ, թե ինչ-որ բան կարող ես փոխել, ֆանտաստիկայի ոլորտից է:
Ոչ պակաս հետաքրքիր իրավիճակ է E խմբում: «Շախտյորը» հյուրընկալելիս կարողացավ 2:1 հաշվով հաղթանակի հասնել «Չելսիի» նկատմամբ (ուկրաինացիներից գոլերի հեղինակ են դարձել բրազիլացիներ Տեյշերան ու Ֆեռնանդինյոն, անգլիացիներից` Օսկարը. նույնպես բրազիլացի) ու յոթ միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Անգլիական թիմը, բնականաբար, մնաց չորս միավորով: Նրան շրջանցելու լավ հնարավորություն ուներ իտալական «Յուվենտուսը», սակայն առավելագույնը, որ խմբի հետնապահ դանիական «Նորշելանդը» թույլ տվեց «ծեր սինյորային», մեկ միավոր վաստակելն էր: Խաղն ավարտվել է 1:1:
Դառնալով «Շախտյոր»-«Չելսի» հանդիպմանը` ասենք` առանձնապես չպիտի տխրել, որ Մխիթարյանը չկարողացավ «խոցել» Չեխին: Նախ այս թիմերին սպասում է նոյեմբերի 7-ին Լոնդոնում կայանալիք պատասխան հանդիպումը, և եթե այստեղ էլ ինչ-որ բան այնպես չլինի, Չեխն իր երկրի ազգայինի կազմում գարնանը գալու է Հայաստան, և մեր շնորհալի ֆուտբոլիստը նրա հետ անպայմանորեն «առանձնազրույց» կունենա: Որքան էլ որ Չեխը լավ դարպասապահ է, թող Բուֆոնից լավը չլինի: Հիշեք` «Շախտյորը» ներկայացնող Մխիթարյանի նկատմամբ նա եղավ անհանդուրժող, սակայն Հայաստանի ազգայինը ներկայացնող նույն Մխիթարյանի առաջ եղավ անկարող:
ՄԱՐԴԸ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ Է, ԱՍՏՎԱԾ` ԾԻԾԱՂՈՒՄ
Սույն ենթավերնագրին կյանքի իրավունք տվեցին ոչ միայն Չեմպիոնների լիգայի երկրորդ օրվա խաղերից մի քանիսն ու դրանց թվում, առաջին հերթին, D խմբից Դորտմունդի «Բորուսիա»-Մադրիդի «Ռեալ» հանդիպումը: Սակայն եկեք բարձրաձայնված ոչ միայն հաջորդելիքը դնենք մի կողմ, մանավանդ որ այն համեստ անձիս սխալական լինելու բաղադրիչներ ունի, իսկ ես այս պահին (սա որպես գաղտնիք եմ ասում. եկեք ջուր չլցնենք միջազգային իմպերիալիզմի ջրաղացին) առանձնապես տրամադրված չեմ գոնե ինձ համար անհաճո թեման լայն քննարկման դնելուն: Ինչևէ, անցնենք խաղերին:
Մադրիդցիները Դորտմունդ էին ժամանել այստեղից եթե ոչ երեք, ապա գոնե մեկ միավոր տանելու պարզ նպատակադրմամբ, սակայն տուն են վերադառնում պարտության խարանը ճակատին (1:2): Դժվար գտնվի մեկը, ով կկասկածի, թե «Սանտյագո Բեռնաբեուում» Մոուրինյոն ինչ շոգեբաղնիք է սարքելու իր վիզավիի համար, բայց դե փաստ է, որ խմբային աղյուսակը չորեքշաբթի օրվանից գլխավորում է գերմանական ակումբը, իսկ մադրիդցիները մնացին իրենց նախկին վեց միավորով, իրենց նեղացրածներից մեկ միավորի հեռավորությամբ ու դառնացած հոգով:
Խմբի երկրորդ զույգի հանդիպումը հեռանկարի առումով լրջորեն խճճեց ամեն ինչ: «Այաքսը» 3:1 հաշվով վստահորեն հաղթեց «Մանչեստր Սիթիին», և տղա եմ ասել, որ գա ու մոտավորապես հիսուն տոկոսի հավանականությամբ ասի, թե այս չորս թիմերն ինչ դասավորություն կունենան վերջնահաշվում: Կրկնում եմ` ոչ մեկը մոլորություն չունենա վերջին երկուսի ունեցած երեք և մեկ միավորների առնչությամբ:
Ռեալմադրիդյան տաք թանապուրից խփշտեց և B խումբը ներկայացնող ֆրանսիական «Մոնպելիեն», որը մինչ այդ ունեցած մեկ միավորին խաղից առաջ մտովի գումարել էր ևս երեքը, սակայն մնաց կոտրած տաշտակով, որովհետև հունական «Օլիմպիակոսը», որպես առաջին քայլ, նախ հավասարեցրեց հաշիվը, ապա և խփեց հաղթական գոլը: Նույն խմբում տանտերերի նկատմամբ նույնքան անհարգալից եղավ և «Շալկե-04»-ը: Ակնհայտորեն ոչ հեշտ ժամանակներ ապրող «Արսենալի» դարպասն անցկացրած նրա երկու անպատասխան գնդակն անգամ մի փութ մեղրով ուտելու բան չէր: Արդյունքում գերմանական ակումբը յոթ միավորով դարձավ առաջատար, լոնդոնցիները մնացին նախկին վեցով:
Հուրախություն ռուսների, «Զենիթը» հաղթեց բելգիական «Անդերլեխտին» (C խումբ) ու վաստակեց առաջին երեք միավորը: Այդ բանին նրանք հասան շնորհիվ հաջող իրացրած տասնմեկմետրանոցի, բայց դե նման խաղով ի՞նչ կարող են ակնկալել խմբային պայքարում, գոնե ինձ համար անհայտ է, եթե… եթե օգնության չգա ռուսական փրկարար ձմեռնաշունչ նոյեմբերը: Ինչ վերաբերում է խմբի առաջատար «Մալագային», իսպանացիները բավականին թեթևությամբ ոլորեցին «Միլանի» վիզը: Այստեղ չպիտի խաբվել խաղի ավելի քան համեստ հաշվին, թեպետ հանդիպման սկզբնամասում «Մալագան» որոշակիորեն կաշկանդված էր եվրոտուրերում անհամեմատ մեծ փորձառություն ունեցող մրցակցի հեղինակությունից:
A խմբում Կիևի «Դինամոյի» հետ իսկական մուկնուկատու խաղացին ուկրաինացիներին հյուրընկալած պորտուգալացիները` ամեն գոլից հետո թողնելով հավասարվել իրենց ու գրեթե հաջորդ պահին նորից անցնելով առաջ: Այստեղ «Պորտուն» հաղթեց 3:2 հաշվով ու ինը միավորով առջևում է խմբային մրցակցությունում: Ինչ վերաբերում է Զագրեբի «Դինամոյի» ու ՊՍԺ-ի հանդիպմանը, ֆրանսիացիները մրցակցի հարկի տակ հեշտ հաղթանակի հասան երկու գնդակի առավելությամբ` անառիկ պահելով սեփական դարպասը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ