Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Խնդիրն ընտրած ճանապարհն է

Խնդիրն ընտրած  ճանապարհն է
30.10.2012 | 12:02

Բելառուսում, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ, քննության է առնվել լոնդոնյան խաղերին երկրի օլիմպիական թիմի մասնակցության հարցը: Նա իր խոր դժգոհությունն է հայտնել, որ օլիմպիականները նախատեսված քսանհինգ մեդալի փոխարեն տասներկուսն են շահել` ցույց տալով հիսուն տոկոսից էլ պակաս արդյունք։ «Հասարակությունն այլևս չի հանդուրժի նման ձախողումներ, որոնք մեր ազգային թիմի հետ այս ամառ տեղի ունեցան Լոնդոնում»,- զգուշացրել է Լուկաշենկոն։

Ինչ խոսք` նման ձախողումը երանելի ձեռքբերում կհամարվեր Հայաստանի համար, սակայն եկեք մեզ թողնենք մի կողմ, որովհետև, սկսած խորհրդային ժամանակներից, Բելառուսի հետ մենք անհամեմատելի ենք թե՛ մեր մարդկային ռեսուրսով, թե՛ մարզական ենթակառուցվածքների զարգացածության ու բազմադեմության առումով, թե՛ մարզիկների համար ստեղծված պայմաններով, թե՛ ուրիշ շատ «թե»-երով, էլ չենք խոսում այն մասին, թե հետխորհրդային տարիներին ինչ եղավ մեր, և ինչ` նրանց մարզական կառույցների հետ:
Այս միջանկյալ դիտարկումից նախ դառնանք «հասարակությունն այլևս չի հանդուրժի նման ձախողումներ» մտքին, որից տրամաբանորեն բխելիքն իր արդարացումը կունենար, եթե, ի մասնավորի, երկրի օլիմպիական կոմիտեի գլխին նույն Լուկաշենկոն կանգնած չլիներ` իր իսկ ձեռամբ ներդրած համակարգով:
Ֆինանսնե՞ր: Այո, դրանք լիուլի տրամադրվել են օլիմպիականների նախապատրաստականն ըստ անհրաժեշտի կազմակերպելու համար: Ավելին, այդ «ըստ անհրաժեշտին» կազմակերպվել է մարզիկ-մարզիչ-ոլորտի պատասխանատու նախարարություն եռաստիճան համակարգի գլխին չորրորդ` բարձրաստիճան պետական այլ ծառայողներ ոչ պաշտոնական կառուցվածքի կցումով (այլ նախարարներ, փոխվարչապետեր), որոնց տրված են եղել հարցեր լուծելու ֆինանսական լայն լիազորություններ:
Այստեղ է, որ հարց է առաջանում` արդյոք այդ փողերն ամբողջությա՞մբ են տեղ հասել, թե՞ դրանք հոսել են այլ ուղղությամբ:
Բնականաբար, «ատկատի» կտրվածքով Լուկաշենկոն օլիմպիական կոմիտեի նախագահին (ասել է թե` իրեն) պիտի խաղից դուրս համարեր, ինչը, սակայն պակաս համոզչությամբ կարող էր անել մնացածների վերաբերմամբ, մանավանդ որ մարզիկների ելույթներից դժգոհությունը դրա համար բավարար հիմք է տալիս: Լուկաշենկոյին զայրացրել է ակնկալված հատույցի փոքր ծավալը, և, փաստորեն, խորհրդակցությունն ավելի շատ նվիրված է եղել փողին կամ, վերջինիս դեմքով, դրա բերած տնտեսական էֆեկտին, քան բուն սպորտին: «ՈՒզում եմ, որ դուք հասկանաք մի բան. ամեն ինչ պետք է լինի ազնիվ ու արդար: Անձամբ ինձ ու առավել ևս պետության համար սպորտը հսկա բան է, մեծ էկոնոմիկա»,- ասել է նա ու, որպես հավաստում ասածին, հիշատակել աշխարհի թիվ մեկ թենիսիստուհի Վիկտորյա Ազարենկայի օրինակը. «Դա պարզապես իմիջ ու հեղինակություն չէ, երբ նա հաղթում է: Դա տնտեսական մրցակցություն է»:
Օլիմպիականների հետ Լուկաշենկոյի հանդիպումը հասարակական լայն արձագանք է գտել: Շատերը կարծում են, որ մարզիկների լոնդոնյան մրցելույթի մեջ ոչինչ անակնկալ չէր: Ավելին` միանգամայն սպասելի էր: Ինչո՞ւ։ Լսենք Belarus security blog-ի փորձագետ Վիկտոր Եվմենենկոյին. «Մեր մարզիկների նման ելույթն օլիմպիադայում միանգամայն սպասելի էր, որովհետև վերջին տարիներին հաշվարկն արվում է տաղանդների և ոչ թե համակարգված աշխատանքի վրա: Այսինքն, նշանակալի ներդրումներ անելով սպորտում, դրանք հաճախ գնում են ոչ այնտեղ, որտեղ պետք է, այլ այնտեղ, որտեղ պահանջում է ընթացիկ քաղաքական կոնյունկտուրան: Ներդնելով հսկայական գումարներ արդեն իսկ ձանձրացրած սառցե պալատների (ձմեռային մարզաձևերի կառույցների- Մ. Հ.) շինարարությունում և տասնյակ հազար դոլարներ վճարելով հոկեյիստ լեգեոներներին` մեր մարզական ֆունկցիոներները չեն զարգացնում մանկապատանեկան սպորտը, դրանք ֆինանսավորում են մնացորդային սկզբունքով… Մանկապատանեկան սպորտի ու սիրողական սպորտի զարգացման հստակ ռազմավարություն ունենալով միայն կարելի է ակնկալել տաղանդների մասսայական ի հայտ գալը, ովքեր էլ կնվաճեն մեդալներ»:
Ժողովրդական հայտնի` «Երկու երանի մի տեղ չի լինում» խոսքի ճշմարտացիությունը, ինչպես տեսնում ենք, Բելառուսի պարագայում հստակ գործում է, բայց որ աշխարհում տեղեր կան (չմասնավորեցնենք, թե չէ անհամ բան կստացվի), որտեղ այդ երկու երանիից ոչ մեկը չի գործում, սրա՞ն ինչ ասենք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ