Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

«Նուրբ կոմբինացիա է խաղարկվում, այսպես ասած, այլընտրանքային ուժի միջոցով»

«Նուրբ կոմբինացիա է խաղարկվում, այսպես ասած, այլընտրանքային ուժի միջոցով»
23.11.2012 | 12:24

Հայաստանում ստեղծվել է մի հետաքրքիր քաղաքական իրավիճակ. նախագահական ընտրություններից ընդամենը 3 ամիս առաջ ընդդիմությունը մեջտեղ է գցել նախագահական կառավարումից խորհրդարանականի անցնելու հարցը։ Ո՞Ւմ է ձեռնտու ժամանակավրեպ այս հարցի շահարկումը, և ինչո՞ւ է ընդդիմությունը, նախագահի թեկնածուի հարցը թողած, ծանրացել մի թեմայի վրա, որն արդիական կարող է լինել 4-5 տարի անց։ Այս հարցերի շուրջ զրուցում ենք քաղաքական տեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։
-ԲՀԿ-ն այսօր առաջադրում է կառավարման խորհրդարանական համակարգին և 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու պահանջը։ Նախագահական ընտրություններից առաջ որքա՞ն է տրամաբանական այս քայլը։
-Ակնհայտ է՝ տվյալ պահին խնդիրն արդիական չէ, բայց, կարծում եմ, միակ հարցն է, որի շուրջ քաղաքական դաշտի ընդդիմադիր զանգվածը կարող է ընդհանրություն գտնել։ Դա գրեթե միակ թեման է, որի շուրջ կարող են նստել-խոսել, կոնսոլիդացվել։ Խնդիրն այն է, որ ԲՀԿ-ն ցանկանում է կամ պարտադրված է ընդդիմադիր դաշտում ստանձնելու առաջնորդի դերը, այդ իսկ պատճառով հանդես է գալիս մի գաղափարի նախաձեռնությամբ, որ ի սկզբանե գիտի՝ ամբողջ ընդդիմադիր դաշտը կողմ է։ Ստացվում է, որ ԲՀԿ-ն նախաձեռնողն է մի գաղափարի, որին ինքը, որպես իշխանական կոալիցիայի մաս, ժամանակին դեմ է արտահայտվել։ Սա զուտ քաղաքական տեխնոլոգիա է, PR, և նախագահական ընտրությունների շեմին կիրառական նշանակություն չունի։ Քանի որ ԲՀԿ-ն, պաշտոնապես չլինելով իշխանական ուժ, միաժամանակ չլինելով նաև ընդդիմադիր, իրեն քիչ թե շատ դիրքավորում է ընդդիմության հետ, փորձում է գոնե մի կետ գտնել, որի շուրջը կարելի է բոլոր ուժերին համախմբել և ներկայանալ որպես ընդդիմության առաջնորդ։
-Բնական է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն այդ ամենը հասկանում են, այդ դեպքում ինչո՞ւ են ԲՀԿ-ի ջրաղացին ջուր լցնում։
-Ընդդիմադիր մյուս ուժերը, ըստ էության, ընդունում են, որ իրենք այս պահին ինքնուրույն ոչ մի բան չեն կարող անել, մրցունակ չեն, լուրջ ռեսուրս չունեն քաղաքական խաղեր խաղալու համար, այդ պատճառով սրտատրոփ սպասում են ԲՀԿ-ի քայլերին, որպեսզի վերջինիս գոնե որպես լոկոմոտիվ ընդունելով՝ կարողանան գնալ նրա հետևից։ Եթե 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու գաղափարը երկրում քաղաքական համակարգի ձևավորման առումով շատ նորմալ ու հասկանալի է (բայց նորից եմ կրկնում, բացարձակապես նոր չէ), ապա 2017 թ. ԱԺ ընտրություններից հետո խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու պահանջը, մեղմ ասած, միանշանակ չէ։
-Կառավարման խորհրդարանական համակարգին անցնելն արդյոք չի՞ ապահովում ներկա իշխանության վերարտադրությունը։ Ի վերջո, այսօր և՛ օրենսդիր մարմնի, և՛ ՏԻՄ մեծամասնությունը ՀՀԿ-ի ձեռքում է։
-Սա ավելի հետաքրքիր պահ է։ Այսօր քաղաքական դաշտում շատ հմուտ PR-ի շնորհիվ հանրության շրջանում կարծիք է ձևավորվել, թե խորհրդարանական մոդելն առաջին հերթին ձեռնտու է ԲՀԿ-ին և նրա ընդդիմադիր արբանյակներին։ Եթե քաղաքական ուժը որևէ բան նախաձեռնում է, ապա, զերծ մնալով քաղաքական դեմագոգիայից, պետք է նկատենք` տրամաբանությունը հուշում է, որ դա պետք է անի նախ և առաջ իր համար։ Բայց, ըստ իս, այս քայլն առաջին հերթին ձեռնտու է իշխող քաղաքական ուժին։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ շրջանից հետո իշխանությունը պահելու, երկարաձգելու հարց է առաջանում։ ԲՀԿ-ի առաջարկած մոդելի շահառուն առաջին հերթին հենց հանրապետական կուսակցությունն է։ Եթե ամեն ինչ անցնի առանց ֆորս մաժորի, քաղաքական հարթակում լուրջ ցնցումներ չլինեն, ապա Սերժ Սարգսյանը, տիրապետելով բոլոր՝ գործադիր, օրենսդիր և ուժային լծակներին, 2017-ի խորհրդարանական ընտրությունները կանցկացնի իր ուզած սցենարով, կվերցնի թե՛ խորհրդարանի մեծամասնությունը, թե՛ գործադիր իշխանությունը և խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում արդեն կա՛մ ինքը, կա՛մ իշխանական վերնախավի մեկ այլ ներկայացուցիչ որպես վարչապետ կշարունակի կառավարել։
-Ստացվում է՝ իշխանությունը հասել է նրան, որ բոլորն այսօր խաղում են իր նախանշած խա՞ղը։
-Համաձայն եմ։ Ինչ-ինչ քաղաքական տեխնոլոգիաների շնորհիվ «այլընտրանքային ուժի» ջանքերով արվում է մի գործողություն, որն ուղղված է մեկ այլ ձևաչափով այսօրվա իշխանությունների 2017-2018 թթ. վերարտադրությանը։
-Այսօր ՀՀԿ-ն որդեգրել է խորհրդարանական կառավարման մոդելը քննադատելու քաղաքականություն։ Սա նո՞ւյնպես ծրագրված տեխնոլոգիա է։
-Իսկ ի՞նչ պետք է անի։ Եթե Դուք լինեիք իշխանության տեղը, Ձեր վարքագիծն ինչպիսի՞ն կլիներ։ Կարծում եմ՝ իշխանության այսօրվա կեցվածքը շատ համարժեք է ստեղծված վիճակին և խաղի կանոններին։ Ոմանք դա անում են՝ լավ տեղյակ լինելով խնդրի էությանը, ոմանք էլ՝ որպես շարքային խաղացողներ, դեմ են խոսում կառավարման խորհրդարանական համակարգին, որովհետև իրենց այդպես է հրահանգված։
-Ի դեպ, մեզ մոտ ընթանում է գրեթե նույն սցենարը, ինչ Վրաստանում։
-Այո՛, սակայն հետաքրքիրն այն է, որ Վրաստանում Սաակաշվիլին իշխանությունը երկարաձգելու համար ինքը նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունը՝ իր կառավարումը խորհրդարանական համակարգով երկարաձգելու համար։ Ի տարբերություն Վրաստանի՝ մեզ մոտ ավելի նուրբ կոմբինացիա է խաղարկվում, այսպես ասած, այլընտրանքային ուժի միջոցով։


Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1958

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ