Օրերս ֆուտբոլի Բրազիլիայի ընտրանու գլխավորի ղեկը հարկադրված եղավ թողնելու Մանո Մենեզեսը, մարզիչ, ով 2010 թվի ամռանից գլխավորում էր աշխարհի հնգակի չեմպիոնների հավաքականն ու այս ընթացքում նրա հետ վեց ոչ-ոքիի ու նույնքան պարտության կողքին տարել էր քսանմեկ հաղթանակ: Հասկանալի է, որ «սուրբ տեղի» թեկնածուների պակաս չի լինի: Ապագա մարզչի թեկնածության կապակցությամբ կարծիք է հայտնել «Բարսելոնի» ու Բրազիլիայի ընտրանու նախկին հարձակվող Ռոնալդոն` համոզված լինելով, որ կատալոնցիների նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իդեալական թեկնածու է:
«Բոլորն անհամբեր են, սակայն պիտի փոքր-ինչ ապագային նայել, ասել է համաշխարհային ֆուտբոլի երբեմնի լավագույն ֆուտբոլիստը: Ես ինքս նման որոշում չէի ընդունի, սակայն Բրազիլիան պարտավոր է նորից վերադառնալու հաղթական ռելսեր: Մենք գերազանց մարզիչներ ունենք, սակայն մեզ պետք է նա, ով թիմի առջև կկարողանա հանգստություն դրսևորել: Ներկայումս աշխարհի լավագույն մարզիչը Գվարդիոլան է: Նա գերազանց աշխատանք է տարել «Բարսելոնում» ու հրաշալի ընտրություն կլիներ Բրազիլիայի համար: Սակայն պիտի տեսնել` նրան կընդունե՞ն ֆանատները, թե՞ ոչ»:
Ֆանատների հաշվով Ռոնալդոյի տագնապները հասկանալուց առաջ, նախ պիտի իմանալ Գվարդիոլայի կարծիքը: Ինչ խոսք, պրոֆեսիոնալը մնում է պրոֆեսիոնալ, սակայն ամեն մեկը չէ, որ կարող է անցնել իր ինքնության սահմանը: Գվարդիոլան իդեալական թեկնածու է նաև Իսպանիայի ազգային ընտրանու համար, որտեղ, համենայն դեպս մինչև 2014 թիվը, անմնացորդ տիրություն է անում ևս մեկ մեծագույն մարզիչ` Վիսենտե դել Բոսկեն: Գլխավորել Բրազիլիայի ընտրանի ու աշխարհի չեմպիոնության պայքարում այն դուրս բերել սեփական երկրի ընտրանու դե՞մ: Կկարողանա՞ արդյոք Պեպն անցնել այս սահմանը: Թվում է, թե սա՛ է օրակարգի մեծագույն խնդիրը, թեպետ, մյուս կողմից էլ, նա հո չի՞ կարող անվերջ իրեն տալ հանգստին, որքան էլ Բոսկեի համար սահմանային 2014-ը մոտ է: Չմոռանանք, որ իրեն կամովին պարապուրդի հանձնած Գվարդիոլայի ճակատագրով լրջորեն անհանգստացած են անգլիական, իտալական, գերմանական գրանդ ակումբները, մի շարք երկրների ազգային հավաքականներ ու ինքնահաստատման, բայց ոչ երբեք փողի պակաս ունեցող ակումբներ: Մի խոսքով, չասեմ, գիտեք տաշած քարի մասին ժողովրդական իմաստության տված բանաձևումը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ