ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ակնկալիքներ, այնուամենայնիվ, ունենք

Ակնկալիքներ, այնուամենայնիվ, ունենք
30.11.2012 | 11:38

Հայկական ծանրամարտի ընթացիկ մարզական տարվա ավարտական մրցելույթը իսրայելական Էյլաթ քաղաքում նոյեմբերի քսանիննին մեկնարկած Եվրոպայի քսան և քսաներեք տարեկանների առաջնությունն է, որին, ինչպես մեկ ամիս առաջ ավարտված ուսանողության համաշխարհային երրորդ խաղերի պարագայում էր, հանրապետությունը մասնակցում է բացառապես տղամարդկանց հավաքականներով:

Սրանում մեր կին ծանրորդների դերի թերարժևորում չպիտի տեսնել, և դա ավելի քան պարզ պատճառով: Ներկա պահին մենք նման բարձրակարգ մրցահարթակներ հանելու մրցունակ ուժ պարզապես չունենք, առնվազն առաջիկա տարում հույս չենք էլ կարող ունենալ, որովհետև Նազիկ Ավդալյան-Մելինե Դալուզյան-Հռիփսիմե Խուրշուդյան հարվածային եռյակի կողքին, փաստորեն, չկարողացանք արժանի հերթափոխ ստեղծել ու հիմա «վայելում» ենք մեր անպտուղ հեռատեսության արդյունքը: Ինչ վերաբերում է մեր այս ծանրորդուհիներին, ովքեր, բացի այն, որ տարիքային ցենզի պատճառով, բնականաբար, չէին կարող մասնակցել ընթացիկ առաջնությանը, նրանց պարագայում կան և ուրիշ գործոններ:
Չարաբաստիկ այն ավտովթարից հետո աշխարհի մեր միակ կին չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ցավոք, այլևս չի կարող մրցելույթներ ունենալ, ու մեզ այսուհետ ոչինչ չի մնում, բացի նրա փորձն ու գիտելիքները մարզչական ոլորտում գործի դնելու հնարավորությունից օգտվելուց՝ պայմանով, որ նա այդ ցանկությունը կունենա: Գյումրեցի մյուս մարզիկին՝ Մելինե Դալուզյանին, լոնդոնյան օլիմպիական խաղերից հետո տրվել է ակտիվ հանգստի, ուժերը ժողովելու, ահագին բան իմաստավորելու ու վերաիմաստավորելու հնարավորություն, իսկ քասախցի գեղեցկուհուն ու գեղեցկուհի լինելու հետ մեկտեղ այդ նույն օլիմպիադայում նվաճած բրոնզե մեդալով ազգի երեսը քիչ թե շատ պարզերես արած Հռիփսիմե Խուրշուդյանին բարով-խերով պսակել ենք: Ասել է թե` նրան ամուսնական առագաստը վայելելու ու ազգին եթե ոչ ջոջ արու զավակ, գոնե իր նման մի գեղեցկուհի պարգևելու հնարավորություն պիտի տրվեր ու տվել ենք (չիմացողներին ասենք՝ նրա ընտրյալն էլ բիլակավորների դասից ու կարգից է, առնականորեն գեղեցիկ տղամարդ. այնպես որ, սույն հարցում պարիտետը պահպանված է):
Այս ներածականից հետո դառնանք Եվրոպա մեր գնացածներին, որոնց օրեր առաջ հանդիպել ենք Աբովյանում` ուսումնամարզական ավարտական հավաքի ժամանակ: Առաջնությանը նախապատրաստվելու համար քսան տարեկան մարզիկներից մարզչական կազմը հավաքների էր հրավիրել տասնյոթին, հետո սեղմվեց պոտենցիալ թեկնածուների շրջանակը՝ դառնալով տասնմեկ, իսկ վերջնահաշվում՝ ութ, քանի որ կանոնակարգով սա մասնակիցների առավելագույն թիվն է:
Հավաքականի մարզիչ Մելիք Ղուկասյանի ներկայացմամբ` մեր տղաները մրցության մեջ կներքաշվեն 69 կիլոգրամ քաշային կարգից, քանի որ նախորդող 56 և 62 կիլոգրամներում ներկայացուցիչներ չունենք: Փաստորեն, մրցահարթակ դուրս եկող մեր առաջին մարզիկը տափերականցի Վլադիկ Կարապետյանն է լինելու: Հաջորդ օրերին մրցահարթակ դուրս կգան երևանցի Վարդան Կարապետյանը (77 կգ), գյումրեցի Սեդրակ Խաչատրյանն ու քասախցի Անուշավան Մկրտչյանը (85 կգ): Նրանցից հետո մեր հավաքականից քննություն կբռնեն դարձյալ երկու գյումրեցիներ՝ Մկրտիչ Մկրտչյանն ու Միքայել Միքայելյանը (94 կգ): Այնուհետ Հայաստանը Եվրոպային ևս մեկ անգամ կներկայանա Արարատյան դաշտի ներկայացուցչով՝ Համլետ Պողոսյանով (105 կգ, Վեդի), որից հետո մեր ընտրանու ձեռքբերումներն ավելացնելու կամ անհաջողությունները (Աստված մի արասցե) սրբագրելու իրավունքը կվերապահվի գյումրեցի Գոռ Մինասյանին (+105 կգ):
Ինչ կարելի է ասել տղաների պատրաստվածության առնչությամբ:
Եթե անկեղծորեն խոսենք, սկզբունքորեն ոչինչ, քանզի, բացի Գոռ Մինասյանից, մնացածների առնչությամբ մեկնակետային ցուցանիշներ ունենք Հայաստանի առաջնություններում ունեցած արդյունքները, իսկ թե դրանք այս ընթացքում աճած 10-20 կիլոգրամի պայմաններում (հավաստումը հավաքականի մարզչինն է) որքան մրցունակ կլինեն աշխարհամասում, դժվարանում ենք որոշակիորեն պատասխանել:
Սկզբունքորեն նմանատիպ իրավիճակ է և քսաներեք տարեկանների ընտրանու պարագայում, որի պատրաստվածության հոգսերը, ինչպես ուսանողության համաշխարհային երրորդ խաղեր մեկնածների դեպքում էր, ծանրացած են եղել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանի ուսերին: Նախապատրաստական փուլում ընտրված վեց-յոթ մարզիկից այստեղ, ի վերջո, նախապատվությունը տրվել է չորսին: Նրանք են՝ վանաձորցի Զորիկ Պողոսյանը (69 կգ), երևանցի Տիգրան Կարապետյանը (85 կգ), գյումրեցիներ Նորայր Տոնոյանն ու Հայկ Հակոբյանը (77 կգ և +105 կգ):
Իհարկե, մենք առիթը բաց չենք թողել և Պողոս Պողոսյանի, կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ զրուցել ենք նաև ազգային հավաքականներից, սակայն այդ մասին տեղեկատվությունը թողնենք մեկ ուրիշ հարմար առիթի:
Վերջում հավելենք, որ ընթերցողն առաջնության ընթացքին, մեր մարզիկների մրցելույթներին կարող է տեղեկանալ թերթի էլեկտրոնային տարբերակից, որտեղ գերազանցապես կտրվի ինֆորմացիոն բնույթի հաղորդագրություն, իսկ համապարփակ վերլուծականը կլինի բուն թերթում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2429

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ