Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Ցնծա, Մեքսիկա, վրեժդ լուծված է

Ցնծա, Մեքսիկա, վրեժդ լուծված է
11.12.2012 | 11:38

Առնվազն գոնե վերջին երկու տարում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չորս ծեգերի միլիոնավոր երկրպագուներն անհամբեր սպասում են, թե վերջապես երբ է կայանալու մեր օրերի երկու խոշորագույն բռնցքամարտիկների՝ Մենի Պակեաոյի ու Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերի դիմակայությունը: ՈՒ մինչ սպասում են, մարզիկներից յուրաքանչյուրն ամեն ինչ անում է այդ հանդիպման կայանալը խոչընդոտելու համար:

Պատճա՞ռը։ Երկուսն էլ անչափ թանկ են գնահատում պրոֆեսիոնալի իրենց վարկը, իսկ կողմերից մեկնումեկի պարտության դեպքում անխուսափ կավերվի ուզում եք միֆ ասեք, ուզում եք՝ լեգենդ: Բնականաբար, այդ սպասման բացը լրացվում է այլ մարզիկների հետ մարտերի անցկացումով, քանի որ նախ, հստակ են պրոֆեսիոնալ բռնցքամարտի օրենքները, երկրորդ, փողի աշխարհը չի կարող այդ անունների վրա իր կապիտալի ծավալն ավելացնելու մասին չմտածել:
Ընթացիկ տարվա մայիսին, պիտի որ հիշեք, հերթական անգամ խուսափելով ֆիլիպինցու հետ հանդիպելուց, Մեյվեզեր-կրտսերը նախընտրեց WBA վարկածով աշխարհի չեմպիոն, պուերտոռիկացի Միգել Կոտտոյին: Այս պարագայում ի՞նչ էր մնում անել Պակեաոյին: Այո՛, տեղավորվել չեմպիոնին հատկացված պարտադիր ժամանակաչափի մեջ ու ձեռնոց նետել Թիմոթի Բրեդլիին:
Այդ մարտում Պակեաոն պարտվեց: Ներողություն՝ չպարտվեց: Նրանից պարզապես օրը ցերեկով անամոթաբար գողացան չեմպիոնությունը: Որքան էլ Մենին լեգենդ, որքան էլ Ամերիկան ժողովրդավարության, մարդու իրավունքների համահավասարության օրրան, բարձր գաղափարների դրոշակակիր, չկարողացավ, այն էլ Ամերիկայում, տևականորեն հանդուրժել իր հաղթանակներով շարքային միավոր ամերիկացուն «զզվեցրած» ֆիլիպինցուն, մանավանդ որ նրան քիչ թե շատ դիմադրելու ունակ ամերիկացի էր գտել:
Աշխարհը թքեց ու մրեց այդ մարտում Բրեդլիի հաղթանակը: Բայց ի՞նչ: Գնացքը գնացել էր: Ընդ որում՝ երազած ուղղությամբ: Ամերիկյան երազանքի երազված ուղղությամբ: Սակայն եկեք Բրեդլիին մի կողմ թողնենք, որովհետև նա ուրիշ արագության տակ պտտվող ձայնապնակ է, ուրիշի հարսանիքի հարսնացու, ում գեղեցիկ դիտվել-չդիտվելու պարագան ազատորեն կարող ես քննության առնել դիմահարդարի թափած ջանքից: Մենին ժպիտով ընդունեց նոր չեմպիոնի կողմից իրեն մատչ-ռևանշի հնարավորության ընձեռումը, որովհետև բոլորի համար էլ հասկանալի էր՝ Բրեդլին չէ, որ համաշխարհային բռնցքամարտի բրենդ է: Բրենդը Մենին էր՝ Մենի Պակեաոն՝ աշխարհի բոլոր ժամանակների թիվ մեկ մարզիկը՝ անկախ քաշային կարգից: Ավելի մանրամա՞սն եք ուզում: Համեցեք. ութ քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակված միակ բռնցքամարտիկ լինելը ձեզ ինչ-որ բան հուշո՞ւմ է: Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը, ով մի այլ կարգի ունիկում է (ունի անցկացրած երեսունհինգ մարտ և ոչ մի պարտություն), ընդամենը երեք քաշային կարգում է եղել աշխարհի չեմպիոն:
Արդ, ինչի՞ համար էր այս երկար-բարակ նախաբանը, երբ ձեռքի տակ ավելի քան կոնկրետ նյութ ունենք՝ ի դեմս շաբաթ երեկո Վեգասում կայացած Մենի Պակեաո-Խուան Մանուել Մարկես դիմակայության, որը թեպետ չեմպիոնական չէր (այս պահի դրությամբ նրանցից ոչ մեկն էլ այդպիսի գոտի չունի), սակայն շատ ավելի չեմպիոնական էր իր սպասվածությամբ: Ավելին՝ այնքան սպասված, որ վաղօրոք էր նվաճել «Տարվա մրցամարտի» համարումը, ուստի կազմակերպիչներին մղել էր լրացուցիչ ինչ-որ բան մոգոնելու, ու նրանք հայտնաբերել Էին, թող որ սիմվոլիկ, չեմպիոնական մի նոր գոտի` «Տասնամյակի բռնցքամարտիկ» անվամբ:
Սակայն այս մենամարտը բացառիկ էր ոչ միայն այս որակով: Որքան մենք ենք հիշում, պրոֆեսիոնալ բռնցքամարտում դեռ չի եղել դեպք, որ երկու մարզիկ իրար ձեռնոց նետեն չորս անգամ: Նախորդ երեքից երկուսն ավարտվել է Պակեաոյի հաղթանակով, մեկում գրանցվել է ոչ-ոքի: Ի դեպ, այս ոչ-ոքին գրանցվել է նրանց առաջին մարտում, իսկ երկու հաղթանակները հանրության (ասենք՝ նաև առանձին մասնագետների) կողմից միանշանակ չեն ընդունվել: Հատկապես վերջինը շատ խոսակցությունների տեղիք տվեց և նկատելիորեն ազդեց ֆիլիպինցու հեղինակության վրա: Այնպես որ, շաբաթ կայանալիք մարտը պիտի բոլոր տեսակի խոսակցություններին վերջ տար, ու դրա հանգուցալուծում-ծաղկեպսակը պիտի լիներ Պակեաոյի կողմից այն նոկաուտով ավարտելը, քանի որ, ինչպես ասում են, այլ ելք՝ չիք:
Մարտն ունեցավ ավելի քան լարված ընթացք: Խելահեղ արագության մեջ մարզիկները հարվածների անհամար տարափի տակ հասցրին մեկական անգամ «վայելել» նոկդաունի դառնությունը: Ընդ որում, բացահայտ նկատելի էր, որ ահեղ մրցակցի դեմ Մարկեսը պաշտպանական լրացուցիչ ռեսուրս է գտել, իսկ Պակեաոն անփութության աստիճանի անզգույշ է պաշտպանությունում: Վեցերորդ ռաունդի ավարտին մնացել էր ակնթարթ, երբ հետևեց մեքսիկացու հուժկու հարվածը, ու Պակեաոն հայտնվեց խոր նոկաուտում: Ահա այսպիսի անակնկալ ավարտ ունեցավ Պակեաո-Մարկես դիմակայությունը, որտեղ Մարկեսը վերջապես վրեժխնդիր եղավ ոչ միայն իր, այլև բոլոր այն մեքսիկացիների համար, ովքեր մինչ այդ հանդիպել էին ամենազոր ֆիլիպինցուն ու ռինգը թողել ամոթահար:
Կունենա՞ այս կատաղի դիմակայությունը շարունակություն, ցույց կտա ժամանակը, բայց որ այն երբեք և ոչ մի պարագայում չի սասանի համաշխարհային բռնցքամարտում Մենիի լեգենդ լինելը, աներկբա է: Նա այդ իրավունքը երեկ չէր ձեռք բերել, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ գարնանային քամու հիշողություն ունենա: Նա վաղուց է լեգենդ, իսկ լեգենդներն ընդմիշտ են: Բոլոր ժամանակների համար: Ինչ վերաբերում է մեքսիկացուն, պիտի գլուխ խոնարհել նրա կամքի, հաղթանակի անկոտրում ձգտման առաջ, որովհետև այս աշխարհում դժվար գտնվեր մեկ այլ խելահեղ, ով իր երեսունիննում (միջին քաշային կարգի բռնցքամարտիկի համար սա, այնուամենայնիվ, չափազանց լուրջ տարիք է) համարձակվեր ձեռնոց նետել Պակեաոյի նման առաջին կարգի մեծության աստղին ու հուսալ, որ կհաղթի նրան: Երևի թե սա էլ ուսուցողական բան է՝ ով շատ է ուզում, նա հասնում է ուզածին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ