Օրացուցային տարվա ավարտի հետ հասարակածին են մոտենում եվրոպական առաջատար ֆուտբոլային տերությունների առաջնությունները: Իհարկե, լավ մեկնարկն ու հաջող ընթացքը գործի կեսն են, բայց դե չմոռանանք ճտերն աշնանը հաշվելու մասին ժողովրդական իմաստությունը, որքան էլ որ այն այս պարագայում հարաբերական է: Ժամանակային չափման առումով:
Իսպանիայի առաջնությունում հերթական հանդիպումը հերթական հաղթանակով ավարտեց «Բարսելոնը»: Այս անգամ կատալոնցիները ծնկի բերեցին երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյին»՝ մադրիդցիների միակ գոլին պատասխանելով չորսով (ի դեպ, առաջինը գոլի հեղինակ են դարձել մադրիդցիները. այն Ռադամել Ֆալկաոյի ակտիվում է): Հերթական խաղում հերթական դուբլով նորից աչքի ընկավ Լիոնել Մեսին, ով խփած գոլերի թիվը հասցրեց իննսունի:
Նույն օրը հանդիպում ուներ և Մադրիդի «Ռեալը»: «Սանտյագո Բեռնաբեուում» «Էսպանյոլի» հետ խաղում այն չկարողացավ պահել խաղի հաղթական հաշիվը: Արդյունքում՝ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 (գոլերից մեկի հեղինակը Քրիշտիանու Ռոնալդուն է), ինչի հետևանքով արքայական ակումբն առաջին տեղում ընթացող «Բարսելոնից» հետ է մնում արդեն տասնչորս միավորով: Երկրորդ հորիզոնականում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» ունի երեսունյոթ միավոր: Ինչ վերաբերում է ռմբարկուների առաջատար եռյակին, քսանյոթ գոլով առջևում է արգենտինացին, յոթ գոլ պակաս է խփել Ֆալկաոն, իսկ Ռոնալդուն մրցակիցների դարպասը գրավել է տասնչորս անգամ:
Գերմանիայի առաջնությունում անփոփոխ առաջատարը շարունակում է մնալ Մյունխենի «Բավարիան», չնայած այն բանին, որ տասնյոթերորդ տուրի խաղում ոչ-ոքի՝ 1:1 է ավարտել հանդիպումը Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ: Արտագնա խաղում «Հոֆենհայմի» նկատմամբ 3:1 հաշվով առավելությունը երկրի գործող չեմպիոնին՝ Դորտմունդի «Բորուսիային», հնարավորություն տվեց երեսուն միավորով պնդանալու երրորդ հորիզոնականում: Երեսուներեք միավորով երկրորդն այստեղ «Բայերն» է, որը «Բավարիայից» հետ է մնում ինը միավորով:
Անգլիայի առաջնությունում քառասուներկու միավորով առաջատարը «Մանչեստր Յունայթեդն» է: Տասնյոթերորդ տուրում նրա հերթական զոհը դարձավ «Սանդերլենդը» (3:1): Հաղթական էր նաև «Նյուքասլ Յունայթեդի» հետ նրա իսկ հարկի տակ Ռոբերտ Մանչինիի «Մանչեստր Սիթիի» հանդիպումը՝ 1:2: Այստեղ շարունակում է պահպանվել մանչեստրյան երկու թիմերի միջև եղած վեց միավորի տարբերությունը: Երրորդ-չորրորդ տեղերը միմյանց միջև քսանիննական միավորով կիսում են «Չելսին» ու «Տոտենհեմ Հոթսպուրը», սակայն աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու պատճառով առաջինը մեկ խաղ պակաս է անցկացրել:
Իտալիայի առաջնությունում շարունակում է վստահ մրցելույթները քառասունմեկ միավորով աղյուսակը գլխավորող «Յուվենտուսը»: Հերթական խաղում այն 3:0 հաշվով հաղթել է «Ատալանտային»: Երեսունչորս և երեսուներեք միավորով աղյուսակի երկրորդ ու երրորդ հորիզոնականներում են «Ինտերն» ու «Նապոլին», որոնք հերթական տուրում պարտություն կրեցին համապատասխանաբար «Լացիոյից» (0։1՝ հյուրընկալվելիս) ու «Բոլոնիայից» (2:3՝ հյուրընկալելիս):
Տասնութերորդ տուրից հետո Ֆրանսիայի առաջնությունում եռիշխանություն է՝ ի դեմս ՊՍԺ-ի, «Լիոնի», «Մարսելի»: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ սեփական հարկի տակ մայրաքաղաքային թիմը նվազագույն հաշվով հաղթանակի է հասել մինչ այդ երեսունհինգ միավորով աղյուսակը միանձնյա գլխավորող «Լիոնի», իսկ «Մարսելը»՝ «Թուլուզի» նկատմամբ: Դարձյալ նվազագույն հաշվով, սակայն մի տարբերությամբ. «Մարսելը» հաղթել է արտագնա խաղում:
Ինչպես տեսնում ենք, եվրոպական առաջատար երկրների առաջնություններում, բացառությամբ Ֆրանսիայի, մրցաշարային աղյուսակում առաջատար թիմերի փոփոխություն չի լինում, ինչը, սակայն, չի նշանակում, թե նրանց հաջորդողները վերջնականապես հույսները կտրել են ոսկու համար պայքարից: Թերևս, նման դատապարտվածության զգացողություն կա միայն իսպանականում, որտեղ «Բարսելոնը» Մադրիդի «Ռեալից» վրեժխնդիր է լինում անցյալ տարվա առաջնության չեմպիոնությունը զիջելու համար:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ