ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Երկուական չեմպիոն ու փոխչեմպիոն, երեք երրորդ մրցանակակիր

Երկուական չեմպիոն ու փոխչեմպիոն,  երեք երրորդ մրցանակակիր
21.12.2012 | 11:25

Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադ քաղաքում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը (19-22 տարեկաններ): Միանգամից նշենք, որ տարիքային նման կազմով առաջնության անցկացումը նորություն էր սիրողական բռնցքամարտի ֆեդերացիայի պրակտիկայում: Պատահական չէր ընտրված և մրցաշարի նշանաբանը՝ «Օլիմպիական հույսեր» (որոշակիորեն անսովոր բան աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների համար), որն ավելի քան թափանցիկ խոսում է ինչպես մարզաձևի տարածման ու զարգացման ուղղությամբ ֆեդերացիայի գործադրած ջանքերի, այնպես էլ վարվող թիրախային քաղաքականության մասին:

Առաջնությանը մասնակցում էր աշխարհի 31 երկրի 139 բռնցքամարտիկ: Հայաստանը ներկայացել էր յոթ մարզիկներով՝ Կորյուն Սողոմոնյան, Նարեկ Աբգարյան, Արամ Ավագյան, Հովհաննես Բաչկով, Արթուր Քիրաջյան, Հրայր Մաթևոսյան, Արմեն Սիմոնյան. բռնցքամարտիկներ, ովքեր Հայաստանի ազգային ընտրանու կորիզն են:
Մեր տղաներից հատկապես իրեն գերազանց որակներով է դրսևորել «Եվրոպա-2011»-ի երիտասարդականի հաղթող, 2009-ի աշխարհի պատանիների չեմպիոն, 49 կիլոգրամ քաշային Կորյուն Սողոմոնյանը: Եզրափակիչ ծանրագույն մարտում հաղթելով իռլանդացի Հուգ Մաերսին (11:10)` եղվարդցի մարզիկը կանգնել է պատվանդանի վերին աստիճանին` մեր ընտրանուն բերելով ոսկե մեդալ: Նրա հաջողությունը նույնությամբ կարող էր կրկնել և Արամ Ավագյանը (56 կգ), սակայն մարզիկի համար անհաղթահարելի է եղել ռուս Վլադիմիր Նիկիտինի արգելքը: Ակնհայտորեն այստեղ վճռորոշ է եղել աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ կիսաեզրափակիչում ունեցած ծանր մրցակցության գործոնը: Կորյունի ոսկու ու Արամի արծաթի կողքին այս երիտասարդականից մեր հավաքականի ակտիվում է ևս մեկ մեդալ: Մրցանակային երրորդ տեղով է հայրենիք վերադարձել 52 կիլոգրամ քաշային Նարեկ Աբգարյանը:
Առաջնությանն անհամեմատ անհաջող մասնակցություն են ունեցել Հովհաննես Բաչկովն (60 կգ) ու Հրայր Մաթևոսյանը (69 կգ): Նրանք տանուլ են տվել առաջին իսկ մարտը: Մեկական հաղթանակներ են տոնել Արթուր Քիրաջյանն (64 կգ) ու Արմեն Սիմոնյանը (+91 կգ)՝ հանգրվանելով հինգերորդ հորիզոնականում: Արդարացում չէ, սակայն բոլոր դեպքերում նշենք, որ այս չորս մարզիկի մրցակիցներն էլ դարձել են մեդալակիրներ:
Որպես էթնոս, հայերս ներկայացուցիչներ ենք ունեցել նաև տարբեր երկրների հավաքականների կազմում, արձանագրել բարձր ցուցանիշներ: Նրանցից առաջինը հիշատակենք Ռուսաստանի ընտրանու կազմում հանդես եկած կալինինգրադցի Ավագ ՈՒզլյանին: Նա եզրափակիչում հաղթել է Արթուր Քիրաջյանին մրցաշարից վաղօրոք հանած լիտվացի Էվալդաս Պետրաուսկասին ու տիրացել առաջնության ոսկուն:
ՈՒկրաինայի ընտրանին է ներկայացրել «Եվրոպա-2011»-ի երիտասարդականի փոխչեմպիոն, 91 կիլոգրամ քաշային Գևորգ Մանուկյանն ու անցած տարվա պես կրկին դարձել արծաթե մեդալակիր (պարտվել է ռուսաստանցի Եվգենի Տիշչենկոյին):
Երկու հայազգի մարզիկ է եղել Գերմանիայի ընտրանու կազմում: 69 կգ քաշային Արայիկ Մարությանն արժանացել է բրոնզե մեդալի (կիսաեզրափակչի սուր պայքարում պարտվել է ռուս Արտյոմ Զելենկովսկուն), իսկ 64 կգ քաշային Արտյոմ Հարությունյանը հանգրվանել է հինգերորդ հորիզոնականում: Նա մեկ քառորդում պարտվել է ադրբեջանցի Գայբատուլա Հաջիալիևին, ում էլ, իր հերթին, կիսաեզրափակիչում հաղթել է Ռուսաստանը ներկայացրած Ավագ ՈՒզլյանը:
49 կիլոգրամ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Իսրայելը ներկայացրած Դավիթ Ալբրդյանը, ով կիսաեզրափակիչում զիջել է եզրափակիչում Կորյուն Սողոմոնյանին տանուլ տված իռլանդացի Հուգ Մաերսին:
Առաջնությունը հինգերորդ հորիզոնականով է ավարտել Վրաստանը ներկայացրած 56 կգ քաշային, 52 կգ քաշային կարգում Եվրոպայի անցած տարվա երիտասարդականի արծաթե մրցանակակիր Վենետիկ Երանոսյանը: Նրան մեկ քառորդում հաղթել է ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևը, սակայն հայրենակցի վրեժը կիսաեզրափակիչում լուծել է Արամ Ավագյանը:
Այսպիսով, եթե ընդհանրացնենք ներսի ու դրսի ուժերով նվաճած մեդալները, պիտի արձանագրենք ուրախալի փաստ. տվել ենք աշխարհամասի երկու չեմպիոն, երկու փոխչեմպիոն, երեք երրորդ մրցանակակիր: Եթե չասենք ավելին, փոքրաթիվ ազգի համար ոնց որ թե այնքան էլ վատ ցուցանիշ չէ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2763

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ