Խոստովանենք` համաշխարհային շախմատային կյանքում Վեյկ-ան-Զեեի օրերս ավարտված մրցաշարը խոշորագույն իրադարձություն էր ոչ միայն տարեսկզբյան լինելու հանգամանքով: Այն ավանդաբար խոշորագույն է լինում թե՛ իր կազմով (այս տարի մասնակցում էր ամենաբարձր վարկանիշ ունեցող առաջին տասնյակը կազմած շախմատիստներից վեցը), թե՛ առաջ բերած հետաքրքրությունով, թե՛ այլ բազմաթիվ գործոններով (մասնավորապես` առաջատարներն ի՞նչ մարզավիճակում են, մրցանակային տարվա համար նախանշած ի՞նչ թիրախներ ունեն և այլն):
Այս տարվա Վեյկ-ան-Զեեն միանշանակ Մագնուս Կառլսենինն էր ու դա ոչ միայն նրա համար, որ նորվեգացին այն շահեց փայլուն ոճով: Տասներեք տուրում տասը միավորը չափազանց ծանրակշիռ ցուցանիշ է նման բարձր կարգ ունեցող մրցաշարի համար (նման բարձր արդյունք մեկ էլ գրանցել է Գարրի Կասպարովը), առավել ևս, որ այն կարող էր լինել և ավելին, եթե Անիշ Գիրիի հետ պայքարում նորվեգացուն չբավարարեր ոչ-ոքի արդյունքը:
Հաղթանակը Կառլսենն ապահովել էր դեռևս մեկ տուր առաջ` գործնականում անհասանելի դառնալով երկրորդ-երրորդ տեղերում ընթացող Լևոն Արոնյանի ու Վիշվանաթան Անանդի համար: Ապահովել էր` ի հաշիվ խորապես մշակված մարտավարության ու ռազմավարության. այն է` անհարկի փորձությունների չգնալ մրցաշարի իր երկու գլխավոր մրցակիցների` նույն Արոնյանի ու Անանդի հետ պայքարում (մանավանդ որ երկուսի հետ էլ խաղում էր սև խաղաքարերով)` արանքում ձեռքի հետ լուծել մնացածների խնդիրը, ինչն էլ արվեց փայլուն:
Սակայն նորվեգացու հաղթանակի գումարելիները սխալ կլինի պայմանավորել միայն նրա ընտրած մարտավարությամբ ու ռազմավարությամբ: Կառլսենը բնության կողմից շռայլորեն օծված հանճար է, որի կողքին, ուզում եք` ասեք մարզչի, ուզում եք` ասեք վարպետ-դաստիարակի որակով, իր հոգածու ձեռքով, անափ գիտելիքներով կանգնած է շախմատային մեկ այլ գերհանճար` Գարրի Կասպարովը: Մնում է միայն երևակայել, թե մարզական ինչ կարգի թռիչք կարող է ապահովել ստեղծագործական ու մարզական նման գործակցությունը, որը, թող ներվի ասելը, շատ ավելի աղերսված կլիներ (գոնե մեզ համար), եթե լիներ Արոնյան-Կասպարով համագործակցության դեպքում:
Ինչևէ:
Այս հաղթանակը քսաներկուամյա Մագնուս Կառլսենի մարզական կյանքում թվով երրորդ վեյկանզեեյանն էր: Նախորդ երկուսը եղել են 2008-ին, 2010-ին (2008-ին առաջին-երկրորդ տեղերը կիսել է մեր գրոսմայստերի հետ, ի դեպ, 2008-ից զատ, Արոնյանը հաղթել է նաև 2007-ին` Տոպալովի ու Ռաջաբովի ընկերակցությամբ, իսկ 2012-ին դարձել է միանձնյա հաղթող):
Արդ` ի՞նչ է սպասում Կառլսենին առջևում:
Բնականաբար` մարտին Լոնդոնում կայանալիք հավակնորդների մրցաշարը, որը բացելու է շախմատային թագ տանող ճանապարհը: Սակայն Լոնդոնը սպասում է և Լևոն Արոնյանին, ով այս Վեյկ-ան-Զեեն ավարտեց երկրորդ հորիզոնականում ու ավարտեց «հիասթափված» (իր տված բնութագրականն է): Կարիք կա՞ ասելու, որ, պատկերավոր ասած, մառախլապատ Ալբիոնում «արյան գետեր են հոսելու», որտեղ, Արոնյանից ու Կառլսենից զատ, հավակնորդների մրցաշարին մասնակցելու են նաև Վլադիմիր Կրամնիկը, Վասիլի Իվանչուկը, Բորիս Գելֆանդը, Թեյմուր Ռաջաբովը, Ալեքսանդր Գրիշչուկն ու Պյոտր Սվիդլերը:
Ի դեպ, մարտավարական ու ռազմավարական նկատառումներից ելնելով, նրանցից ոչ մեկը չփորձեց էլ մասնակցել Վեյկ-ան-Զեեի մրցաշարին: Պատճառը պարզ է` ոչ մեկը չկամեցավ նախապես քարտեր բացել: Սակայն նրանցից ոչ մեկն էլ չտեսավ ո՛չ Արոնյանի, ո՛չ էլ Կառլսենի քարտերը բացելը (մրցաշարին մասնակցած Անանդին, ով տնային ծուղակի վրա բռնեցրեց մեր գրոսմայստերին ու հիմնովին չարացրեց, եկեք հանգիստ թողնենք. նա այս պահին հաշվից դուրս է):
Եթե նկատի ունենք այն, որ յուրաքանչյուր ոք ազատ է իր մարտավարությունն ու ռազմավարությունը սեփական հայեցողությամբ կառուցելու հարցում, ապա թե՛ Մագնուս Կառլսենը, թե՛ Լևոն Արոնյանն իրենց այս մասնակցությամբ միանգամից երկու նապաստակ խփեցին: Մեկի մասին վերն արդեն ասացինք, երկրորդը սեփական վարկանիշի համար առանց առանձնակի ջանք թափելու աշխատելն էր: Ճիշտ է, այս պահի դրությամբ նորվեգացու վարկանիշը ֆանտաստիկ արտահայտություն ունի` 2872,3 միավոր, բայց դե մենք էլ այնքան վատ չենք նայվում` 2808,9, որով ռեալ հիմքեր նախապատրաստվեցին կորցրած երկրորդ հորիզոնականը Կրամնիկից հետ խլելու համար:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ