Իսպանիա-Ուրուգվայ, Անգլիա-Բրազիլիա, Ֆրանսիա-Գերմանիա, Հոլանդիա-Իտալիա, Շվեդիա-Արգենտինա` չորեքշաբթի սպասվող այս դիմակայությունները մի մասն են ընկերական հանդիպումների այն շարքից, որոնք կանցկացնեն ֆուտբոլային բավականին մեծ թվով երկրներ:
Իսպանիա-Ուրուգվայ: Սա հանդիպում է աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոնների ու աշխարհի առաջնության կիսաեզրափակչի մասնակցի: Հայտնի է, որ իսպանացիներն ընկերականներում կես ուժով են խաղում, բայց թե սա չի նշանակում, որ ուրուգվայցիները նրանց չեն քրտնեցնելու:
Անգլիա-Բրազիլիա: Անգլիական ինքնատիպ ֆուտբոլն ամենքին է հայտնի: Ինչ վերաբերում է Բրազիլիային, աշխարհի հնգակի չեմպիոնների խաղն այդ ո՞ւմ է անտարբեր թողել, որ այն կարեւորես-չկարեւորես: Չմոռանանք, որ «Ուեմբլին», ինչպես միշտ, «արյուն» է ուզում:
Ֆրանսիա-Գերմանիա: Սրանք, եթե խնդիրը դիտարկենք աշխարհաքաղաքական առումով, եվրոպական աշխարհում իրար մեջ առաջնայնություն վիճարկող, այն իրարից խլելու պատրաստ, իրար կոկորդ կրծող երկրներ են: Կարիք կա՞ ասելու, որ այս «արյունարբությունը»` որքան էլ փաթեթավորված քաղաքակրթական լաթով, փոխանցված է նաեւ ֆուտբոլիստներին: Սպասենք, սպասենք դիտարժան խաղ:
Հոլանդիա-Իտալիա: Ով կասկածում է մեծ շոուի ականատեսը լինելուն, նա, անվրեպ կարելի է ասել, բան չի հասկանում ֆուտբոլից: Բոլոր դեպքերում տեղյակ պահենք` հոլանդացիներից դաշտ է դուրս գալու «Մանչեստր Յունայթեդում» հրաշքներ գործող Ռոբին վան Պերսին, իտալացիներից «խաղեր» է տալու արդեն միլանյանի համարում ունեցող Բալոտելի-էլ Շարավի գանա-եգիպտական զույգը:
Շվեդիա-Արգենտինա: Եթե ամեն ինչ դնենք մի կողմ, ապա խաղադաշտում միանգամայն բավական կլինի աշխարհում իրեն լավագույնը համարող Զլատան Իբրահիմովիչի ու իր մասին համեստորեն ոչինչ չասող, սակայն իրականում ֆուտբոլային աշխարհի կողմից լավագույնը ճանաչված Լիոնել Մեսիի ներկայությունը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ