ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Իրանը ցանկանում է Հայաստանը միացնել իրե՞ն

Իրանը ցանկանում է Հայաստանը միացնել իրե՞ն
08.02.2013 | 12:44

Իրանի հոգևորականության ներկայացուցիչներից այաթոլլահ Սեյեդ Մուհամմադ Բաղեր Խարազին օրերս հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել։ Նա նշել է, որ մտադիր է մասնակցելու Իրանի նախագահի ընտրությանը, որ տեղի է ունենալու այս տարվա հունիսի 14-ին, և ընտրվելու դեպքում Իրանին կվերադարձնի «նրանից անջատված» Հայաստանը, Ադրբեջանն ու Տաջիկստանը:
«Իրանից անջատված տարածքները վերադարձնելն իմ նախընտրական ծրագրի գլխավոր խնդիրներից մեկն է։ Ես կվերադարձնեմ այդ հողերը, ընդ որում՝ առանց որևէ արյան կաթիլի: Ինչ վերաբերում է քաղաքական աշխարհում իմ անհայտ լինելուն, ապա դա յուրօրինակ մարտավարություն է՝ հնարավոր թշնամիներին մոլորության մեջ գցելու համար: Աշխարհում ոչ ոք չէր ճանաչում Իրանի հոգևոր առաջնորդներից մեկին, քանի դեռ Իրանում չիրականացվեց Իսլամական հեղափոխություն: Իմ անհայտությունն իմ հակառակորդներին հնարավորություն չի տա գործելու իմ դեմ: Իմ նախագահ ընտրվելուց արդեն մի քանի ամիս հետո կվերացվեն Իրանի հանդեպ սահմանված բոլոր պատժամիջոցները»,- ասել է այաթոլլահ Սեյեդ Մուհամմադ Բաղեր Խարազին: Լրատվամիջոցները նշում են, որ նա Իրանում «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղարն է, այլ բան նրա մասին հայտնի չէ:
Իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք՝ այս հայտարարությունն իրական հիմքեր ունի՞, թե՞ հումորի ժանրից է։ Իրանագետը նշեց, որ Սեյեդ Մուհամմադ Բաղեր Խարազիի նման հայտարարությունները նոր չեն։ Նա սկսել էր նման պոպուլիստական հայտարարություններ անել դեռևս 2010 թվականից և նախագահական ընտրությունների նախաշեմին պարզապես ակտիվացել է: «Նա հայտարարել է, որ Իրանի նախագահ ընտրվելու դեպքում Իրանին կվերադարձնի «նրանից անջատված» Հայաստանը, Ադրբեջանը և Տաջիկստանը: Ինչ խոսք, սրանք Իրանի որոշ քաղաքական գործիչների մեծապետական երազանքները կարող են լինել, սակայն այս թեզին համամիտ չեն գործող կառավարությունը և ղեկավարությունը: Իմ խորին համոզմամբ՝ նրան անգամ թույլ չեն տա մասնակցել նախագահական ընտրություններին: Մինչ այս հայտարարությունները Սեյեդ Մուհամմադ Բաղեր Խարազին ինչ-որ կերպ աչքի չէր ընկել երկրում»,- նշում է Գոհար Իսկանդարյանը:
Իսկ ո՞վ կարող է Իրանում դառնալ նախագահ: «Նախագահի թեկնածուները նախնական հավանություն են ստանում 12 հոգուց բաղկացած Իրանի Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, որի վրա, անշուշտ, Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ունի մեծ ազդեցություն: Իրանի Իսլամական Հանրապետությունում նախագահական ընտրություններին կարող են մասնակցել 45-75 տարեկան ԻԻՀ մահմեդական այն քաղաքացիները, ովքեր ունեն նվազագույնը մագիստրոսի կոչում: Ընտրություններին մասնակցելու համար նախագահի թեկնածուն պետք է նախ արժանանա 25 փորձագետների հավանությանը, որոնք կհաստատեն, որ նա հավատացյալ մահմեդական է, և միայն դրանից հետո էլ խորհրդարանի 100 անդամները պետք է հաստատեն նրա ունեցած նշանակությունը երկրի քաղաքական կյանքում: Եվ ինչպես արդեն նշեցի, մինչ այս հայտարարությունները նա էական գործունեություն չի ծավալել երկրում: Իրանն այսօր առանց այն էլ բավականին լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած և, բնականաբար, նոր խնդիրներ ստեղծելու ցանկություն անգամ չունի»,- մեզ հետ զրույցում նշեց իրանագետը:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ